Լրահոս
Քաղաքական
18:56
07.05.25
309

Դատապարտում եմ բռնությունը. Փաշինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցածի մասին

Img default alt hy

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց օրեր առաջ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն ու բռնությունը: 

Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:

«Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»,–ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ ինքը թաղապետի հարցով չի զբաղվում՝ ընդգծելով, որ թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում՝ քննչական կոմիտեն, իրավապահ մարմինները: 

«Իսկ, երբ հարցը կդառնա քաղաքական հարց, կան նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն»,–նշեց վարչապետը:

Նա այս համատեքստում հիշեցրեց իրենց իշխանության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի ստեղծման մասին: 

Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նոր Նորքի թաղապետ Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում ակտիվիստ Արթուր Չախոյանին։  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետ Մհեր Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Արթուր Չախոյանին, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։