Լրահոս
Հասարակական
10:50
26.02.22
200

Չնայած մեծ շոկերին՝ պատերազմին և Covid 19-ին, ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են

Img default alt hy

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին. հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։

Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

Դրանք են՝ փոքր և միջին ձեռնարկատիրության, նորարարությունների, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտները, կրթություն-գիտություն-տնտեսություն կապի հաստատումը:

Հանդիպման ընթացքում որպես հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեցող ոլորտներ՝ Վահան Քերոբյանը նշել է արդյունաբերությունը՝ շեշտադրելով քիմիական արդյունաբերությունը և տեղեկացրել, որ Հայաստանում կան նաև վերագործարկման կարիք ունեցող շատ գործարաններ։

Կարևորվել է նաև ֆինանսական շուկաների՝ հատկապես գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս պետական ծրագրեր են իրականացվում Հայաստանի հին ավտոպարկը թարմացնելու ուղղությամբ և քննարկվում են Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրության հնարավորությունները։