Լրահոս
Իրավական
21:54
16.12.24
274

«Չափազանց կարևորում եմ կրթության ոլորտը»․ ՄԻՊ-ը դասախոսություն է կարդացել

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին:

 Միջոցառման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները:

 Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում` մարդու իրավունքների կրթության տեսանկյունից:

«Մարդու իրավունքների կրթությունը ոչ թե տարբեր տերմինների, այլ ապրելակերպի և արժեքների մասին է: Դրա մասին գիտելիքները պետք է լինեն համընդհանուր, քանի որ այն ամենը, ինչ գործնականում սահմանում է իրավունքը, վերաբերում է մարդուն, իսկ մարդը բարձրագույն արժեք է, ում արժանապատվությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն», - ասել է Պաշտպանը: 

 Հանդիպման ընթացքում երիտասարդները բարձրաձայնել են մի շարք ոլորտային հարցեր, քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերների վերաբերյալ:

 Դեկտեմբերի 14-ին և 15-ին անցկացված դասընթացին որպես բանախոս հանդես են եկել միջազգային իրավունքի ոլորտի մասնագետներ և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Մերի Մամիկոնյանը: 

Նրանք երիտասարդներին ներկայացրել են փախստականների, կանանց և երեխաների իրավունքները, անդրադարձել խոսքի ազատությանն ու ատելության խոսքին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի մեխանիզմներին, Հայաստանում և աշխարհում օմբուդսմանական հաստատությունների գործունեությանը:

 Երկօրյա դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանի միջազգային իրավունքի միության (ՀՄԻՄ) համագործակցությամբ և կրել է «Մարդու իրավունքների միջազգային իրավունք» խորագիրը: