Լրահոս
Հասարակական
16:00
24.03.22
137

Ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. թուրք պատմաբան

Img default alt hy

Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի է ունեցել թուրք գիտնական, պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը:

Ներածական խոսքով հանդես է եկել քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետի դեկան Միխայիլ Ցինիսիազելիսը, ով կարևորել է պատմաբան Թաներ Աքչամի դասախոսությունը՝ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ իրագործված ցեղասպանության պատճառներն ուսումնասիրելու տեսանկյունից և շնորհակալություն հայտնել ՀՀ դեսպանությանը ընձեռած նման հնարավորության համար։

Միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջույնի խոսք է հղել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով Աթենքի համալսարանին դասախոսության անցկացման գործում աջակցության համար, բարձր է գնահատել Թաներ Աքչամի գործունեությունը՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ գիտական արժեքավոր գործունեության հետևանքով ցեղասպանության կրթությանը էական նպաստ բերելու գործում։

Անդրադառնալով դասախոսության նյութին՝ դեսպանն ընդգծել է, որ պրոֆեսոր Աքչամի կողմից «Ցեղասպանության անատոմիան» 1878 թ․-ից սկսելը պատահական չէ, քանի որ այդ թվականին ստորագրված Սան Ստեֆանոյի և այնուհետև Բեռլինի միջազգային պայմանագրերում առաջին անգամ իրավական հարթությունում արձանագրվում է Օսմանյան կայսրության հայ բնակչության համար առկա անվտանգության սպառնալիքները և պահանջվում են բարեփոխումներ հայկական վիլայեթերում։ Դեսպանը հավելել է, որ այդ գործընթացի տապալումն էր, որ հանգեցրեց հայ ժողովրդի պատմության ամենադաժան դրվագին՝ Հայոց ցեղասպանությանը։

Դեսպանն անրադարձել է նաև ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհրդում Հայաստանի հեղինակած Ցեղասպանության կանխարգելման բանաձևերի կարևորությանը և ընդգծել, որ բազմաթիվ պետություններ, ներառյալ Հունաստանը, հանդես են եկել որպես բանաձևի համահեղինակ:

Պատմաբան Թաներ Աքչամն իր դասախոսության մեջ անդրադարձել է Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանությանը և նշել այն գործոնները, որոնք հիմք են հանդիսացել դրա իրագործման համար:

Ըստ Թաներ Աքչամի` Օսմանյան Կայսրության իշխանությունը չէր կարող հաստատել հավասարության վրա հիմնված համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիստոնյաները չէին տեղավորվում մահմեդական ինստիտուտների մեջ:

Թուրք պատմաբանը նշել է, որ Օսմանյան իշխանությունները նպատակ ունեին վերակազմավորել ողջ Անատոլիան՝ դիմելով ժողովրդագրական փոփոխությունների՝ հիմք դնելով ստեղծելու այսօրվա ժամանակակից Թուրքիան:

Եզրափակելով իր խոսքը` Թաներ Աքչամը նշել է, Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունը սկսել է առերեսվել իր պատմական անցյալի հետ, սակայն պետական մակարդակով ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. դա նաև իրավական հետևանքների հարց է, որը նույնպես միանշանակ չի ընկալվում այդ երկրում: