Լրահոս
Իրավական
18:40
26.10.22
120

Ծաղկաձորում կատարված սպանության փորձը բացահայտվել է

Img default alt hy

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել էր ահազանգ, որ պարանոցի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա տղամարդ, որը Հրազդանի բնակիչ է: Նրան հիվանդանոց հասցրած անձը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ պարանոցին երկաթե ամրան է ընկել:

«Ծաղկաձորի Սարալանջի փողոցի շինհրապարակ մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տուժողը շինարարական աշխատանքների ղեկավարն է, և ամենաառանցքայինը՝ վնասվածքը պատահականության հետևանք չէր. նրան դանակահարել էին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց միացան նաև Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները։

Կարճ ժամանակում Հրազդանի քրեական հետախույզները պարզեցին եղելությունը։ Նախնական տվյալներով՝ ժամը 12.45-ի սահմաններում շինհրապարակում փողային հարցերի շուրջ վեճ էր ծագել։ Այդ ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակով խփել էր նրա հետ նախկինում աշխատած 65-ամյա մի տղամարդ, որը Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ է:

Հրազդանի ոստիկանների հետագա համագործակցությունը Վարդենիսի բաժնի ծառայողների հետ էր: Նույն օրը, երեկոյան ժամը 9-ին մոտ, Փամբակում կասկածվողը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է:

Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: