Լրահոս
Միջազգային
20:45
27.05.25
165

Բեռլինում կխստացվեն անվտանգության միջոցառումները Զելենսկու այցի ժամանակ

Img default alt hy

Չորեքշաբթի օրը Վլադիմիր Զելենսկու Բեռլին այցի ընթացքում Գերմանիայի իրավապահ մարմինները կուժեղացնեն օդային տարածքի հսկողությունը, կպատրաստվեն անօդաչու թռչող սարքեր խոցելու համար, դիտահորերի կափարիչները կփակվեն և երթևեկությունը կսահմանափակվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով Tagesspiegel-ը, այդ մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությունը։

Նշվում է, որ Զելենսկին ժամանելու է Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ քննարկելու Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շուրջ բանակցային գործընթացը, ինչպես նաև հանդիպելու Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

«Անվտանգության նկատառումներով օգտագործվելու են նաև ծառայողական շներ՝ պայթուցիկներ հայտնաբերելու համար, գործելու է հակադրոնային պաշտպանությունը, իսկ ջրային ոստիկանությունը պարեկություն է սահմանելու Բեռլինի կենտրոնով հոսող գետում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Բեռլինի իշխանությունները կսահմանափակեն երթևեկությունը և ժամանակավորապես կփակեն դեպի օդանավակայան և քաղաքի կենտրոն տանող փողոցները։