Լրահոս
Հասարակական
17:00
12.11.22
191

Բախվել են Audi Q5-ն ու VAZ 21015-ը. վերջինս մեջտեղից կիսվել է․ կա զոհ և վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում Ձորագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են ռուսական համարանիշներով Audi Q5 մակնիշի և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ոստիկանության Մարտունու բաժնի, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներն ու Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին նաև օգնել են և մինչ շտապօգնության ժամանումը առաջին բուժօգնություն են ցուցաբերել Ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժանմունքի ծառայողները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենաները։ Իսկ VAZ 21015-ը մի քանի մասերի է բաժանվել, շպրտվելով տաբեր հատվածներ, այդ թվում՝ երթևեկելի գոտուց դուրս։