Լրահոս
Հասարակական
19:54
23.02.22
222

Բաքվի բռնապետը աղոթելու հնարավորություններ թող ապահովի իր երկրում. Վարդան Ոսկանյան

Img default alt hy

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը, որը տեղի է ունեցել երեկ Մարզահամերգային համալիրում, մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ պատվիրակության կազմում ՀՀ ժամանած երկու ադրբեջանցի պատգամավորների մասնակցությունը վեհաժողովին զայրույթ էր առաջացրել և՛ հանրության, և՛ մի շարք քաղաքական գործիչների շրջանում, ինչի համար էլ մի խումբ ցուցարարներ, քաղաքական գործիչներ Մարզահամերգային համալիրի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացրին։ 

Հայաստան ժամանած ադրբեջանցի երկու պատգամավորները այսօր էլ գնացել են Երևանում գտնվող պարսկական Կապույտ մզկիթ, պատգամավորներից մեկը՝ Սոլթան Մամադովը, այն ներկայացրել է որպես ադրբեջանական, որի մասին գրառում էր արել ու լուսանկար հրապարակել՝ ասելով, որ եղել են Կապույտ մզկիթում, ու այն Երևանում մնացած միակ ադրբեջանական հուշարձանն է։ Նա գրել է, որ հավատում են՝ իրական տերերը շատ շուտով կկարողանան աղոթել մզկիթում։

«Oragir.news»-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, որն անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորի գրառմանը։ 

Ոսկանյանն այս գրառումը բնորոշել է որպես լկտիության դրսևորում՝ ասելով, որ թշնամական պետության բռնապետական վարչախումբը ներկայացնող այդ պատգամավոր կոչեցյալները այնքան են լկտիացել, որ ոչ միայն այցելում են Երևան ու սեփական քարոզչությունը փորձում առաջ մղել հենց Երևանի սրտից, որտեղ գտնվում է իրանական շիաական ճարտարապետության գոհարներից մեկը՝ պարսկական Կապույտ մզկիթը, և անվանում են ադրբեջանական։ 

«Իրականում որևէ պարագայում չի կարելի կոչել ադրբեջանական՝ հաշվի առնելով մի հանգամանք, որ երբ մզկիթը կառուցվում էր, Երևանը գտնվում էր իրանական կայսրության կազմում, և իրանական կայսրության կազմում գտնվելով՝ որևէ պարագայում իրենց չէին կոչում ո՛չ ադրբեջանցիներ, ո՛չ էլ ենթադրում էին, որ առաջիկայում կամ ապագայում՝ տասնամյակներ անց կամ հարյուրամյակներ անց իրենց սկսելու են կոչել ադրբեջանցիներ, հետևաբար՝ պատգամավոր կոչեցյալի ասածները որևէ աղերս չունեն իրականության հետ»։ 

Ոսկանյանն ասել է, որ մզկիթի իրական տերերն այնտեղ աղոթում են, իսկ ՀՀ ժամանող իրանցիները գիտեն մզկիթը, ըստ էության, որպես մշակութային և կրոնական կենտրոն, որը կառավարում է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնը, և Երևան այցելող հավատացյալ իրանցիները և ոչ միայն նրանք, այլև այլ մահմեդականներ, հաճախ այցելում են մզկիթ և մասնակցում կրոնական ծիսակատարություններին։ 

Իրանագետն ասել է՝ առնվազն տարօրինակ է, որ աղոթելու մասին խոսում է մի երկրի ներկայացուցիչ, որը խիստ կասկածելի է, որ անձամբ կարող է իրականացնել շիաական աղոթք, այսինքն՝ պետություն, կամ արհեստածին կազմավորում, որտեղ շիա հավատացյալները ենթարկվում են պարբերական բռնաճնշումների և հետապնդումների. 

«Ասվածիս լավագույն ապացույցը հենց Բաքվի մոտակայքում գտնվող Նարդարան ավանում իրականացված գործողություններն են, որտեղ շիա հավատացյալների նկատմամբ բիրտ ուժ կիրառվեց, և տեղի ունեցավ շիաական իսլամի այնպիսի պղծում, ինչպիսին դիցուկ իսլամական շիաական սգո ծիսակատարության դրոշները մզկիթների վրայից գետնին շպրտելն էր, որը չափազանց վիրավորական է մահմեդականների համար»։

Ոսկանյանն ասել է, որ շիաական սրբավայրերը պղծող պետության և բռնատիրական վարչախմբի ներկայացուցիչն այսօր իրեն դրել է հավատացյալ մահմեդականի տեղ.

«Ես կարծում եմ, որ նման անձինք պետք է շատ բարձրաձայն խոսեն այդ բոլոր բռնաճնշումների մասին, եթե իսկապես մահմեդական շիա հավատացյալներ են՝ հենց այս պահին Բաքվի բանտերում պահվող շիա հավատացյալների մասին, որոնք քաղբանտարկյալներ են, և դա հաստատված է բազմաթիվ փաստերով և նաև միջազգային կառույցների գնահատականներով։

Թող խոսեն այդ մարդկանց մասին և նրանց ազատ արձակեն, որովհետև չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք իրական հավատացյալներ են՝ ի տարբերություն նշված անձանց, բանտերում ունեն աղոթելու բոլոր հնարավորությունները ։ Հետևաբար, եթե աղոթելու խնդիր կա, ապա Բաքվի բռնապետը պետք է շիա հավատացյալների համար աղոթելու հնարավորություններ ապահովի առաջին հերթին իր երկրում»։

Իրանագետը նշել է, որ Կապույտ մզկիթը ՀՀ տարածքում գտնվող հուշարձան է, հետևաբար պատկանում է ՀՀ-ին, և մենք տարբերակում չենք մտցնում մեր երկրի տարածքում գտնվող քրիստոնեական, մահմեդական կամ այլ դավանանքի սրբատեղի, այլ այն համարվում է մշակութային ժառանգություն, որը նաև մեր մշակութային ժառանգությունն է։ 

«Պետք է այդ երկու ադրբեջանցի պատգամավորներին կարգի հրավիրել, որ հասկանան՝ այո՛, ՀՀ-ում կան անձինք, և մեր հասարակությունը նրանց վարքագիծը համարում է թշնամական վարքագիծ, և նրանց վարքագծին պետք է տրվի հստակ գնահատական, էլ չասեմ, որ նրանք պետք է պատիժ կրեն նման գործողությունների և հայտարարությունների համար»։