Լրահոս
Քաղաքական
21:54
05.09.24
239

Բագրատ Եսայանին արգելել են մեկնել երկրից․ «Առավոտ»

Img default alt hy

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն այսօր չի կարողացել երկրից դուրս գալ, օդանավակայանում նրան ասել են, որ պատճառը խափանման միջոցն է: Մինչդեռ այս տարվա ապրիլին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ իր և այլոց նկատմամբ կայացրել էր արդարացման դատական ակտ։

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Բագրատ Եսայանը հետևյալը նշեց. «Մեկ տարի առաջ սեպտեմբերին վճիռ է կայացվել կարճելու գործով, որը մենք բողոքարկել էինք, ապրիլին վճռի մեջ գրվեց, որ խափանման միջոցը վերացվում է: Վերաքննիչը գործը քննության ընդունեց և մեզ արդարացրեց: Բայց ապրիլ ամսից մինչև հիմա այդ գործը չի հասել առաջին ատյան, որպեսզի խափանման միջոցը հանեն:

Այսինքն` անցյալ տարի սեպտեմբերին գործը կարճվել է առաջին ատյանի դատարանի կողմից, Վերաքննիչում մեր բողոքի հիման վրա արդարացվել ենք, խափանման միջոցն անցյալ տարվա սեպտեմբերին հանվել է, բայց մինչև հիմա փաստացի իմ ելքի վրա արգելք կա: Ես պետք է գնայի հանգստանալու, սակայն օդանավակայանում մարդիկ ասել են, որ խափանման միջոցի խնդիր կա»,-ասաց Բագրատ Եսայանը:

«Հայտնի վանկարկման հարցով մենք արդարացվեցինք, փաստորեն 3 ու կես տարի է անցել, վաղեմության ժամկետներն անցել են, արդարացման որոշում կա, բայց երեք ու կես տարի է, չենք կարողանում երկրից դուրս գալ՝ դատական համակարգի գործավարական բարդակի պատճառով, սա Կարեն Անդրեասյանի հիմնարկի բարդակն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ իր տպավորությամբ սա միայն անփութության արդյո՞ւնք է , թե նաև միտում է տեսնում: «Ես կարծում եմ՝ ընդհանուր բարդակը կա, բայց վստահ եմ, որ մեր գործերով նաև հատուկ միտում կա»,-ասաց Բագրատ Եսայանը:

Ինչ վերաբերվում է հայտնի գործին, հիշեցնենք, որ 10 հոգու մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Խոսքը, մասնավորաբար, վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բ…ի տղա Նիկոլ» բացականչելուն: Բագրատ Եսայանն ասել էր, որ չի վանկարկել այդ արտահայտությունը, բայց դա չի նշանակում, որ համաձայն չէ դրա հետ: