Լրահոս
Քաղաքական
11:05
03.02.22
251

Սարգսյանի պնդումներին հակասում են միայն փաստաթղթերը․ «Հետք»-ի նոր բացահայտումը

Img default alt hy

Նախորդ տարվա նոյեմբերին «Հետք»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին փոխկապակցված ֆրանսիական «VH Estate» ընկերությունը 2010 թ. Փարիզի Ելիսեյան դաշտերի հարևանությամբ 7․5 մլն եվրո ընդհանուր արժեքով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել։

Գործարքի շրջանակներում «VH Estate»-ը ֆրանսիական «Société Générale» բանկի ստորաբաժանման՝ «SG Private Banking»-ի Մոնակոյի մասնաճյուղից 7.750.000 եվրո վարկ էր վերցրել ու գրավադրել ամբողջ գույքը: 2017թ․-ին, սակայն, «SG Private Banking (Monaco)»-ի փոխարեն կրեդիտոր է ձևակերպվել շվեյցարական «Union Bancaire Privée» (UBP) բանկի Մոնակոյի մասնաճյուղը: Սարգսյանների ընկերության համար վարկային պարտավորության կատարման ժամկետ է նշվել 2023 թ. հոկտեմբերը: 2017-ի տարեվերջին նախագահի քույրը՝ Կարինե Սարգսյանը, անշարժ գույքից բացի, որպես վարկի մարման երաշխիք «UBP»-ում գրավադրել է նաև «VH Estate»-ում ունեցած իր 99% բաժնեմասը: Մնացած 1%-ը ներկայում պատկանում է Արմեն Սարգսյանի կրտսեր որդուն՝ Հայկին (մինչև 2021 թ. այդ 1%-ի սեփականատերը Կարինե Սարգսյանի դուստրն էր՝ Տաթևիկը):

Հաղորդվել էր, որ 2010-2019 թ. «VH Estate»-ի տնօրենը եղել է հենց Արմեն Սարգսյանը: Լրատվականի հարցմանն ի պատասխան՝ 2021 թ. հուլիսին նախագահական աշխատակազմից հայտնել էին, որ «VH Estate»-ը չի զբաղվել և չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ Արմեն Սարգսյանը երբեք չի վարձատրվել որպես «VH Estate»-ի տնօրեն: Նշել էին նաև, որ Ա. Սարգսյանն այդ պահին (2021 թ. հուլիսի դրությամբ) արդեն ընկերության տնօրենը չէր: Ֆրանսիական ռեգիստրում, սակայն, հուլիսին եղած տվյալներում/փաստաթղթերում հենց նախագահի անունն էր նշված տնօրենի պաշտոնում:

Այդուհանդերձ, հարցումից հետո՝ 2021 թ. օգոստոսին, ֆրանսիական ռեգիստր էր մուտքագրվել նոր փաստաթուղթ, ըստ որի՝ դեռ 2019-ի փետրվարի 6-ին «VH Estate»-ի տնօրեն էր նշանակվել Հայկ Սարգսյանը՝ նախագահի որդին:

Այստեղ խնդիր կա, քանի որ Արմեն Սարգսյանը 2019 թ. իր տարեկան հայտարարագրի «շահերի հայտարարագիր» բաժնում պարտավոր էր նշել, որ այդ տարի (թեկուզ ընդամենը հունվար-փետրվար ամիսներին) տնօրենի պաշտոն է զբաղեցրել «VH Estate»-ում, այնինչ ՀՀ նախագահը միայն նշել էր, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ է «Հայաստան» համահայկական հիմնադրամում (ի պաշտոնե), «Երևան իմ սեր» հիմնադրամում, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկական բարեգործական ընդհանուր հիմնադրամում (ՀԲԸՄ) և «Մանուկյան» բարեգործական հիմնադրամում (տես ստորև)։

Քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում այն դեպքում, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացնում կամ թաքցնում է հայտարարագրման ենթակա տվյալը: Պատիժը կարող է լինել 2-3 մլն դրամ տուգանք կամ ազատազրկում առավելագույնը 2 տարով, որի դեպքում անձը նույնիսկ կարող է առավելագույնը 3 տարի ժամկետով զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Հրապարակումից հետո նախագահականից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էին. «Արմեն Սարգսյանը նախկինում զբաղեցրել է «VH Estate» ընկերության ոչ կոմերցիոն տնօրենի չվարձատրվող պաշտոնը, որից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է 2018 թվականին»: Սակայն եթե նույնիսկ ասվածը ճշմարտություն է, ապա բարդ չէ ընկալել, որ պաշտոնից հրաժարվելու դիմում գրելը մի բան է, դիմումն ընդունելն ու պաշտոնից ազատելը՝ լրիվ այլ բան:

2019 թ. փետրվարի 6-ի փաստաթղթում, որով Հայկ Սարգսյանը նշանակվել է նոր տնօրեն, բառացի կարդում ենք հետևյալը. «Մասնակիցների խորհուրդն (այդ ժամանակ փայատեր էին Կարինե և Տաթևիկ Սարգսյանները - հեղ.) այսօրվանից ընդունում է պարոն Արմեն Սարգսյանի հրաժարականը տնօրենի պաշտոնից, շնորհակալություն հայտնում և ազատում նրան պաշտոնից» (տես ստորև):

Սա նշանակում է, որ 2010 թ. «VH Estate»-ի հիմնադրումից մինչև 2019 թ. փետրվարի 6-ը Արմեն Սարգսյանը դե ֆակտո և դե յուրե եղել է ընկերության տնօրենը, այնպես որ 2019-ի տարեկան հայտարարագրում նա պարտավոր էր հիշատակել նաև այդ պաշտոնը, ինչը, սակայն, չի արել ու, փաստորեն, օրենսդրության խախտում է թույլ տվել:

Լրատվականը հարցում էր ուղարկել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ)՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր է ձեռնարկել վերջինս նախագահի մասին մեր հրապարակումից հետո: ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ 2021 թ. նոյեմբերի 12-ին (հրապարակումից 4 օր անց) հանձնաժողովի նիստում որոշվել է վերլուծել Արմեն Սարգսյանի և նրա կնոջ՝ Նունուֆար (Նունե) Սարգսյանի 2013-2020 թթ. տարեկան հայտարարագրերը: Նախնական վերլուծության արդյունքում առաջացել են պարզաբանման ենթակա հարցեր, որոնք այս տարվա հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ ուղարկվել են Ա. Սարգսյանին: Վերջինս պատասխանել է հունվարի 24-ին: Դրա նախորդ օրը նախագահը հայտարարել էր իր հրաժարականի մասին:

Հանձնաժողովին Սարգսյանը հայտնել է, որ ինքը «VH Estate»-ում հասարակական հիմունքներով տնօրեն է եղել մինչև 2018 թ.: Սա կարևոր է նրանով, որ մինչև 2018 թ. ներառյալ հայտարարագրերը ներկայացվում էին հին ձևանմուշով, որտեղ նշում չէր արվում տվյալ անձի կողմից ոչ առևտրային կազմակերպություններին անդամակցելու և դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված լինելու մասին: Կարճ ասած՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե քանի որ տնօրեն էր մինչև 2018 թ., իսկ այդ ժամանակ չկար օրենսդրական համապատասխան պահանջ, ինքը չի հայտարարագրել «VH Estate»-ում տնօրեն լինելը:

Սակայն այստեղ խոսքը 2019 թ․-ի հայտարարագրի մասին է և ոչ թե դրանից առաջ եղածների:

Մինչև 2018 թ. տնօրեն լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը Սարգսյանը խոստացել է Ֆրանսիայից ստանալուց հետո տրամադրել ԿԿՀ-ին:

«Ստացված պարզաբանումների, ինչպես նաև 2021 թ. տարեկան հայտարարագրի, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրի տվյալների համադրության արդյունքում հանձնաժողովը հնարավորություն կունենա ներկայացնել վերլուծության վերջնական արդյունքները… «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ. նա չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը» վերտառությամբ հոդվածով հրապարակված այլ տեղեկությունների և հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա հանձնաժողովը կձեռնարկի օրենքով սահմանված գործողություններ»,- փոխանցել է ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը: