Լրահոս
Հայաստան
13:32
23.02.22
334

Արման Թաթոյանը դիմելու է ՍԴ՝ կառավարության գործողությունների վերաբերյալ

Img default alt hy

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ կառավարության գործողությունների վերաբերյալ:

Այս մասին նա հայտնել Է փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որով նա ամփոփել է իր աշխատանքային 6-ամյա գործունեությունը։

Պատասխանելով այն հարցին, որ որոշ պաշտոնյաներ ասում են, թե նա մինչև իր ժամկետի լրանալը միակ աշխատած օմբուդսմենն է, Թաթոյանը հեգնանքով նկատել է, որ դա ամենեւին էլ իշխանությունների «մեծահոգի վերաբերմունքի» արդյունքը չէ, այլ սզբունքային դիրքորոշման և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքի արդյունքն է։  

Թաթոյանը հիշեցրել է, որ ճնշման փորձեր եղել են՝ ֆինանսական անկախությանն ուղղված ձախողված ոտնձգություն, մեքենաների պարկի կրճատում։ Ավելին՝  գրեթե 2 տարի կառավարությունը չի հաստատում օմբուդսմենի աշխատակազմի դրույքաչափերի ցանկը։  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ընկալվում է որպես գերատեսչություն, թեեւ դա միակ իրավապաշտպան սահմանադրական մարմինն է, և նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ոչ պակաս, քան ԱԺ-ի, կառավարության վարչակազմի, վարչապետի կամ նախագահի նկատմամբ։  

Այս կապակցությամբ օմբուդսմենը որոշել է դիմել Սահմանադրական դատարան․ այսօր կամ վաղը դիմումը կներկայացվի։  «Որպեսզի նման վերաբերմունքը օմբուդսմենի համար «դաս» չլինի, չընկալվի որպես  «պատիժ», եթե նա իրեն լավ չպահի»,  - հավելել է Թաթոյանը: