Լրահոս
Աշխարհ
18:20
29.12.22
101

Արևմտյան երկրները թալիբներին կոչ են արել չեղարկել ՀԿ-ներում կանանց աշխատանքի արգելքը

Img default alt hy

G7-ի երկրները, ինչպես նաև Շվեյցարիան, Նիդերլանդները, Դանիան և ԵՄ-ն Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժմանը կոչ են արել չեղարկել հասարակական կազմակերպություններում կանանց աշխատանքի արգելքը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից:

«Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարները, ինչպես նաև Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչը խորապես մտահոգված են, որ ազգային և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններում կանանց աշխատելու արգելքի վերաբերյալ թալիբների անխոհեմ և վտանգավոր կարգադրությունը սպառնալիքի տակ կդնի միլիոնավոր աֆղանցիների կյանքը, որոնց գոյատևումը կախված է մարդասիրական օգնությունից», - նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ եթե կանայք չմասնակցեն Աֆղանստանում օգնության մատակարարումներին, ապա ՀԿ-ները չեն կարողանա հասնել երկրի ամենախոցելի խավերին՝ տրամադրելու սննդամթերք, դեղորայք և այլ կենսական անհրաժեշտության ապրանքներ:

«Մենք  «Թալիբան»-ին կոչ ենք անում հարգել Աֆղանստանի կանանց և աղջիկների քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներըե, - նշվում է փաստաթղթում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս դատապարտել է թալիբների կառավարության քաղաքականությունը, որը թիրախավորում է Աֆղանստանի կանանց և աղջիկներին:

15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ,խորապես անհանգստացած էե կանանց կրթության նկատմամբ աճող սահմանափակումներից: Թալիբները վերջին շաբաթվա ընթացքում կանանց արգելել են հաճախել համալսարան և աշխատել հասարակական կազմակերպություններում:

Անցյալ տարի երկրի վերահսկողությունը վերադարձնելուց հետո թալիբները սահմանափակել են կանանց իրավունքները՝ չնայած խոստացել էին, որ այս անգամ ավելի մեղմ քաղաքականություն կվարեն, քան 1990-ականներին: Աղջիկներին արգելվել է հաճախել միջին և ավագ դպրոցներ, ստանալ մի շարք մասնագիտություններ: Բացի այդ, արգելվել է կանանց մուտքը զբոսայգիներ և մարզասրահներ։