Լրահոս
Միջազգային
13:08
23.02.22
1 286

Արցախը շնորհավորում է, Հայաստանը՝ լռում, աշխարհն էլ աղմկում․ Պուտինի  «լակմուսի թուղթը»

Img default alt hy

Աշխարհն այս երկուշաբթի՝ փետրվարի 21-ի գիշերը ունկն ու աչքը սրած հետևում էր մեծ տերություններից մեկի կարճ ու հատու խոսքին՝ կճանաչի՞, արդյոք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, թե՞ ոչ։

Կրեմլի ղեկավարի պատասխանը սպասելի էր․ ՌԴ նախագահը ինքնավար հանրապետությունների ինքնիշխանությունը համարեց անհրաժեշտություն և հանձնարարեց երկրի Դաշնային Ժողովին, ապաև՝ Դաշնային Խորհրդին նախապատրաստել բոլոր պահանջվող փաստաթղթերը։ Արդեն մեկ օր անց՝ երեքշաբթի, ռուսաստանցի սենատորները վավերացրին այդ երկու նոր պետությունների հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության վերաբերյալ պայմանագրերը։ Իսկ ՌԴ ՊՆ-ին ու ԱԳՆ-ին՝ Պուտինը հրահանգեց զբաղվել այդ հանրապետությունների անվտանգության ու խաղաղության ապահովմամբ, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների կազմակերպմամբ։

Պուտինի ճառին լայն բացված աչքերով սպասող աշխարհին ու անքուն մնացած ուկրաինացիներին Զելենսկին մեկ պատասխան ուներ՝ երկար դասախոսություններ լսելու ժամանակ չունեն, իսկ Ուկրաինայի սահմաները կմնան անփոփոխ։ Նա նաև իր քաղաքացիներին ասաց․  «Դուք անքուն գիշեր ունենալու պատճառ չունեք․․» ․․․

Արևմուտքի ու ռուսատյաց միջազգային շրջանակների պոռթկումը նույնպես սպասելի էր․ առիթի սպասող վիրավոր գազանի պես Աշխարհն ու հին՝ ռուսերեն բառով ասած՝ Ռուսաստանից ու անձամբ Պուտինից обижник-ները միանգամից ու միաբերան դատապարտեցին Կրեմլի առաջնորդի հայտնի որոշումները․ պատժամիջոցների սահմանելու համաշխարհային հիստերիա-տեղատարափ սկսվեց ԱՄՆ-ից մինչև Եվրոպա՝ ինչպես ՌԴ, այնպես էլ՝ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի մասով, այդ հանրապետությունների հետ չգործակցելուց, դրանց քաղաքացիների ՌԴ անձնագրերի չճանաչումից սկսած մինչև անձամբ Պուտինի հանդեպ սանկցիա կիրառելու մասին հոխորտանքներ։

Արցախի գրեթե ողջ ղեկավարությունը խանդավառությամբ ընդունեց ու ջերմորեն շնորհավորեց ինքնորոշման ճանապարհ անցնող ու Անկախության ճանաչման համնուհոտը ճաշակող ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ժողովուրդներին։ Արցախցիների զգացումները բնական են․ Արցախի գոյության, ղարաբաղյան շարժման ամբողջ իմաստը հենց ինքնորոշման ու անկախության պայքարն է, որի հիմքերը այս օրերին դրվեցին ուղիղ 34 տարի առաջ։ 

Տարակուսանքը միայն ՀՀ իշխանությունների մասով է․ ՌԴ-ի  ռազմավարական դաշնակից մեր երկրի այսօրվա կառավարիչները, որոնք աղմուկ-աղաղակով, դմփդմփհույով ու հարայ-հրոցով հասան իշխանության ու այդ ոճով էլ հարկ եղած դեպքում շարունակում են պահել այն, առայժմ լուռ են։ Ըստ էության լուռ․ Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարց չկա․ սա՛ է մեր ԱԳՆ-ի անդրադարձը հույժ կարևոր մի հարցի վերաբերյալ։

Մինչդեռ խոսքը ոչ թե առանձին երկրի, առանձին դաշնակցի մասին է, այլ՝ երևույթի՝ Անկախության, գաղափար-առաքելություն-նպատակ, որ նույնականացվել է մեր ժողովրդի բովանդակ գոյության հետ։

Արա Ալոյան, news.5tv.am