Լրահոս
Հասարակական
11:09
12.05.22
101

Արցախի նախագահը բարձր է գնահատում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն բոլորն օրենքի առջև հավասար են․ նախագահի խոսնակը՝ Օգանովսկու ձերբակալության մասին

Մայիսի 10-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան, տեղեկացրել էր Արցախի դատախազությունը։ 

Դատախազությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:

 «Արցախպրես»-ը դիմել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով ասել է.

«Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը: Գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում:

Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին:

Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»: