Լրահոս
Քաղաքական
18:35
06.11.25
4 204

Արցախցիների բնակապահովման ծրագիրը տապալված է. Արեգա Հովսեփյան

Img default alt hy

Օրեր առաջ ՀՀ սոցապ նախարար Արսեն Թորոսյանը խոսել է մի մեգապրոյեկտի մասին` արցախցիներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին։

Նա նշել է, որ ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 միլիարդ դրամ, և այդ ծրագիրը ընթանում է բարեհաջող: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեր ձեւով» շարժման համակարգողներից Արեգա Հովսեփյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա եկեք հասկանանք, թե ինչքանով է այն բարեհաջող:

Նախ, ծրագիրը իրականացվելէ 0 ներառականության հիմունքով: Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ պնդում են,որ հանդիպումներ են ունենում արցախյան կողմի հետ, բայց թե ովքեր են նրանք՝ ոչ ոք չգիտի: Իսկ արցախյան ինստիտուտների ներկայացուցիչների հետ հազվադեպ հանդիպումները կրում էին բացարձակապես ձևական բնույթ, և մեր առաջարկությունների գերակշիռ մասը մերժվում էր:

Բացի այդ, կառավարության այդ որոշումն ընդունվել է օրենքի պահանջի ակնհայտ խախտմամբ, նախագիծը չի տեղադրվել իդրաֆթում, հանրային քննարկումներ տեղի չեն ունեցել, ինչը հնարավորություն կտար արցախցիներին գոնե այդ ձևաչափով իրենց ձայնը լսելի դարձնելու:

Այս ծրագրի պահանջներն այնպիսինն են, որ արցախցիները կարողանում են բնակարան ձեռբերել հիմնականում երկրորդական շուկայից, ինչը նպաստում է երկրորդական շուկայի բնակարանների գների արհեստական և կտրուկ աճին:

Փաստացի, այդ բնակարանների տերերը, վաճառելով իրենց բնակարանները, հակված են լինում տեղափոխվել Երևան՝ նպաստելով ուրբանիզացիայի մակարդակի բարձրացմանը: Իհարկե, կա ավելի վատ սցենարը ևս, երբ մարդիկ պարզապես որոշակի գումար ունենալով գրպանում, արտագաղթում են:

Անգամ Արսեն Թորոսյանի ներկայացրած թվերից ելնելով, կարող ենք եզրակացնել, որ ծրագիրը ԼԻՈՎԻՆ ՏԱՊԱԼՎԱԾ է: 30 000 ընտանիքներից մինչ օրս հավաստագիրն իրացրել է 1200 ընտանիք, այսինքն ընդամենը 4 %: Իսկ ծրագիրն արդեն գործում է 1.5 տարի:

Կարծում եմ պարզ է, որ եթե ծրագիրն իրապես ծառայեր արցախցիներին բնակարան ձեռբերելուն, այդպիսով Մայր Հայաստանում մնալուն, հավաստագիրն իրացրածների թիվը շատ ավելին կլիներ:

Որպես ամփոփում, այդ ծրագիրը, որի համար նախատեսվում են հսկայական գումարներ, որևէ ավելացված արժեք չի ստեղծում պետության տնտեսության համար և չի նպաստում Հայաստանում արցախցիների մնալուն:

Իսկ այ թե որոնք են իրական նպատակները, թողնում եմ յուրաքանչյուրիդ դատողությանը:

Հ.գ. ես իմը ունեմ: