Լրահոս
Հասարակական
18:14
25.04.22
215

Արարքները միասնական չեն, բայց գոնե նպատակը միասնական է. Կարին Տոնոյան

Img default alt hy

Հասունացել է այն պահը, որ բոլորս հասկանում ենք՝ Նիկոլը պետք է հեռացվի, բայց բավականին մեծ խնդիր է, թե համախմբումն ինչպես պետք է լինի։ Այս մասին «ArmDaily.am»-ի հետ զրույցում ասել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն՝ անդրադառնալով ընդդիմության կողմից պայքարի նոր փուլ սկսելուն։

Տոնոյանը նշել է, որ այսօր հիմնականում պայքարում են այն ուժերը, որոնց Փաշինյանը կոչել էր նախկիններ և որոնց նկատմամբ ժողովուրդը չունի մեծ հավատ։

«Նորաստեղծ ցանկացած խմբի էլ կապում են այդ ուժերի հետ։ Դրա համար մենք հենց դադարեցրինք կուսակցական գործունեությունը և վերածվեցինք նորից անհատների շարժման։ Իմ կարծիքով՝ Հայաստանում և առհասարակ աշխարհում այդ կուսակցական համակարգը իրեն սպառել է և կառավարման ճգնաժամ է ամբողջ աշխարհում։

Պետք է նոր համակարգ ստեղծել։ Ի վերջո՝ մենք գիտենք, որ Նիկոլը պտուղ է, որի ծառը գուցե այդքան թունավոր չի եղել, բայց համեյան դեպս՝ այդ պտուղը ծնել է համակարգ։ Հայաստանում այսօր պետք է սկսել կառավարման նոր համակարգ և մանրակրկիտ պետք է աշխատել դրա վրա։

Ես երբեմն մտածում եմ նույնիսկ, որ հայի առաքելությունը նրանում է, որ ինչպես տարբեր աշխարհակարգերի կործանման ժամանակ հայն ու Հայաստանն են փրկել մարդկությանը, հիմա էլ պետք է կոնտրոնանանք ավելի շատ մեր մտավոր ներուժի վրա և կառավարման նոր համակարգ ստեղծենք»,- ասել է Տոնոյանը։

«5165» շարժման առաջնորդի նշել է, որ նոր կառավարման համակարգի հիմքում պետք է լինի առաջնահերթ բարոյականությունը, արդարությունը և պաշտամունքը հայրենիքի նկատմամբ։

««Իշխանություն» բառը պետք է արգելվի Հայաստանում որոշ ժամանակ։ Ես այս համոզմունքին եմ, որովհետև տեսնում եմ՝ հիմա շատ դժվար է, ժողովուրդն ինքը վարկաբեկում է ցանկացած բան, որը կապված է կուսակցությունների կամ նոր իշխանության հետ։

Մենք ոչ միայն խնդիր ունենք, որ իշխանության գլխին Նիկոլ Փաշինյանն է, այլև լրջագույն խնդիր ունենք երկրում արդարությամբ և բարոյականությամբ նոր համակարգ ստեղծելու։ Շատ դժվար է դա լինելու, բայց պետք է հասկանանք, որ դժվար իրավիճակում, դու դժվար գործ պետք է սկսես անել, որպեսզի մաքրես։

Կարճաժամկետ միջոցների կիրառումից բացի՝ պետք է մտածենք նաև բոլորովին այլ, նոր կառավարման համակարգի մասին»,- նշել է գործիչը։

Չնայած համախմբան կոչերին՝ այսօր Հայաստանում ընդդիմությունը, կարծես, պառակտված է գործում.

«5165» շարժումը ինքնուրույն ակցիաներ է անում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում է իր բողոքն արտահայտում, իսկ «Հայաստան» դաշինքը որոշել է քայլերթ անել և փողոցներ փակել։ Խոսելով այս իրավիճակի մասին՝ Տոնոյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացնելու կետում բոլորը նույն նպատակին են ծառայում։

«Արարքները միասնական չեն, բայց գոնե նպատակը միասնական է։ Բայց այն պահից, երբ Նիկոլը կհեռացվի, նորից քաղաքականությունը իր բոլոր խարդավանքներով սկսելու է բուռն գործունեություն։ Նիկոլին հեռացնելու մեջ ավելի շատ ազգային նպատակ կա, բայց Նիկոլին հեռացնելու պահից անմիջապես սկսվելու է իշխանության բաժանում և այլն։

Պետք է ներկայացվի ժողովրդի կողմից վստահելի անձանցով կառավարման խորհուրդ, ոչ թե քաղաքական ուժերի։ Մենք դադարեցրինք մեր կուսակցականությունը, որովհետև այս պահին քաղաքական ուժ լինելը ավելի շատ վատ ներգործություն է ունենում, քան պարզապես մարդ լինելը։

Մենք բոլորին արել ենք այդ առաջարկը՝ քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ եթե իրենք իրոք ուզում են երկիրը հանել այս վիճակից, ոչ թե ծառայեն միայն իրենց ներխմբային շահերին, ապա պետք է իրենք իրենց ձեռքով իշխանության բերեն մարդկանց, որոնց ժողովուրդը վստահում է։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվելու՝ մենք նորից շրջանը կրկնելու ենք»,- ասել է Տոնոյանը։

Հարցին՝ ինչպես են արձագանքել քաղաքական ուժերն իրենց կողմից արված առաջարկին, Տոնոյանը պատասխանել է.

«Մեզ մոտ ամենավատն այն է, որ նոր ստեղծված ուժերին մարդիկ ոչ թե մտքի կամ գաղափարի խորությամբ և հզորությամբ են վերաբերմունք ցույց տալիս, այլ իրենց ուժի հնությամբ ու մեծությամբ։ Այսօր քաղաքական ուժերն ունեն իրենց ռեսուրսը և բոլորս լավ գիտենք՝ այդ ռեսուրսը ինչպես են ձեռք բերել, բայց քանի որ իրենք ունեն այդ ռեսուրսը, կարող են իրենց թույլ տալ չլսել քո ձայնը։

Համենայն դեպս մենք առաջարկ ստացել ենք, որ այո, ճիշտ եք, եկեք անցնենք ցանցային պայքարի, բայց կոնկրետ առաջարկ, որ պետք է միայն վստահելի մարդիկ լինեն կառավարման համակարգում և նրանք, ովքեր Նիկոլին հեռացնում են, չպիտի լինեն այդ համակարգում, ինչպես նաև՝ նրանք, ովքեր այդ համակարգում լինելու են, չպետք է մասնակցեն հաջորդ ընտրություններում, որպեսզի ցանկացած շահ սահմանափակվի»։

Դիտարկմանը, որ ներկայումս ընդդիմությունը կրկնում է այն, ինչ արել է ներկայիս իշխանությունը 2018 թվականին, և դա նպաստում է հասարակության կողմից թերահավատությամբ այդ նախաձեռնությանը մոտենալուն, Տոնոյանը արձագանքեց, որ 2018-ին իշխանափոխություն էր, սա էլ է իշխանափոխություն։

«Եթե որևէ մարդ գիտի այլ ճանապարհ իշխանությունից հեռացնելու ինչ-որ մարդու՝ թող գա ասի՝ էդպես անենք։ Այս պահին մենք էլ մեր խմբով փնտրում ենք ելքը, բայց այս պահին բոլորը մերժում են, որ փողոցով չի կարող լինել իշխանափոխություն, բայց այլ տարբերակներ չեն առաջարկում։

Այս պահին պետք է Նիկոլի հեռացման հարցը լուծել։ Եթե այդ փուլում անձամբ ես՝ որպես հասարակական գործիչ, կվարկաբեկվեմ, գրողը տանի, թող ես վարկաբեկվեմ հանուն Հայաստանի փրկության»,- ասել է Տոնոյանը։