Լրահոս
Հասարակական
19:40
22.04.23
61

Ամուսինը՝ առաջնագծում, կինը՝ թիկունքում. ուժեղ միասին

Img default alt hy

18 տարեկանում Բերդից հարևան Տավուշ հարս եկած Աննան այսօր արդեն բազմազավակ մայր է։ Հինգ աղջիկներից ամենափոքրը՝ Մոնիկան, ծնվեց այն ժամանակ, երբ հայրը սահմանի ամենաթեժ կետերից մեկում էր։

Տաթևը, Լուսինեն, Լիլիան ու Լիանան շարված են կողք կողքի։ Հասակների մեջ տարբերություն գրեթե չկա. կողքի աչքով եթե նայես, կթվա՝ քառյակ են, ավելի ճիշտ հնգյակ՝ Աննան էլ իրենց հետ. տարիների հոգսն ու կենցաղային դժվարությունները կոփել են նրան։ Աղջիկներից ոչ մեկի անունն ինքը չի ընտրել.

«Ինձ համար էական չի՝ ինչ կլինի երեխայի անունը։ Կարևորը լավը ու մեծին լսող լինեն։ Իմ չորս մեծ աղջիկներից ոչ մեկն ինձ պատասխան տված չկա։ Ինձ հետ հավասար անում են ամեն ինչ՝ տունը հավաքել, ճաշ եփել։ Ու սա իմ մեծագույն հաղթանակն է»,- ասում է Աննան։

Երկու տասնյակից ավելի է, ինչ ամուսինը պայմանագրային զինծառայող է։ Երբեք չեն մտածել սահմանից հեռանալու մասին։ Ասում են՝ այստեղ՝ սահմանին, ավելի հանգիստ են իրենց զգում, քան կիլոմետրեր հեռու։ Այս տան միակ երազանքը խաղաղությունն է.

«Սահմանի ցանկացած կետում լարվածության դեպքում աչք չեն կպցնում, սահմանի հարավը, հյուսիսը, հյուսիս-արևմուտքը ո՞րն է, բոլորն էլ մերն է, բոլորում էլ մեր զինվոր տղերքն են, եղբայրները։ Բայց միշտ էլ խաղաղ ենք զգում մեզ, որովհետև մեր կյանքը վստահելի ու ապահով ձեռքերում է, իմ ամուսնու ու հինգ աղջիկներիս հոր ձեռքերում»,- ասում է Աննան։

Տունը հենց սահմանին է։ Չեն վախենում, բայց, ամեն դեպքում, զգոն են։

Երեխաներով լի այս տանը դպրոցական ամեն նոր տարվան ընդառաջ ոչինչ չեն  կարողանում գնել՝ ո՛չ տետրեր, ո՛չ հագուստ, ո՛չ գրենական պիտույքներ։ Գումար չկա։ Մեծ ընտանիքը մի աշխատավարձի ու նպաստի հույսին է, որը մեկ ամիս էլ չի բավականացնում, հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Աղջիկները գիտակցում են՝ եթե վատ սովորեն, ոչնչի չեն հասնի։

Տոհմը, ամեն դեպքում, շարունակող է պետք։ Երբ խոսք գնաց այս մասին, Աննան հաստատ ասաց՝ տղայի անունն ինքն է որոշելու։ Աղջիկներն էլ կողքից դժգոհում են. «Մեզ ախպեր ա պետք»։

Ծուռումուռ ու քարքարոտ փողոցի ծայրամասում այս խաղաղ ընտանիքն է բնակվում, որտեղ դժվարին օրերը միասին են հաղթահարում և որտեղ Մոնիկան քնում է այն օրօրոցում, որում քնել են բոլոր չորս քույրերը։

Աննա Խաչատրյան