Լրահոս
Հայաստան
17:54
23.02.22
401

Ալիևի վախերը և համաձայնեցված պլանը Հայաստանի իշխանության հետ

Img default alt hy

Ադրբեջանի կողմից Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը ադրբեջանական իշխանության վախերի մասին է վկայում,- «news.5tv.am»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Ալիևը լավ հասկանում է՝ Հայաստանում կան երկու ղեկավարներ, որոնք ազգային-ազատագրական ճակատ ստեղծելու ունակ են, և երկուսն էլ կարող են Արցախի հարցում կտրուկ և հայանպաստ քայլեր կատարել»,- նկատել է ադրբեջանագետը: 

Ըստ նրա, Ադրբեջանում տեսնում են, որ կան հայեր, որոնք չեն համակեպվել 44-օրյա պատերազմի արդյունքի հետ և ամեն ինչ անելու են Արցախի ճակատագիրը լուսավոր և տեսանելի դարձնելու համար։ 

Ադրբեջանագետի խոսքով` Ադրբեջանի իշխանության և կապիտուլիացիա ստորագրած իշխանության միջև կա համաձայնեցված գործողությունների պլան։ 

«Սա միակ դեպքը չէ, երբ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում որևէ ներքաղաքական գործողություն կապված է Ադրբեջանի հայտարարությունների հետ։ Ադրբեջանի իշխանությունը ամեն բան անում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի համար չդառնան հավաքական կերպարներ։ Դա փորձում է անել նրանց պախարակելու ճանապարհով»,- կարծիք է հայտնել Դավթյանը:

Նա պնդել է՝ նույն բանն անում է նաև Հայաստանի իշխանությունը: 

«Օրինակ, անհիմն մեղադրանքներ են առաջադրում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, փորձում են տարբեր մեթոդներով հնարավորինս ճնշել, կամ ստիպել, որ մարդիկ հետ կանգնեն իրենց սկզբունքներից։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդ մարդիկ հակված են ցույց տալու հակառակը»,- ասել է Գառնիկ Դավթյանը: 

Ադրբեջանագետի կարծիքով՝ Բաքուն  փորձում է  խոչընդոտել  իշխանափոխությանը Հայաստանում, որտեղ ազգային ուժերը շուտով կարող են համախմբվել  «կապիտուլյանտ իշխանությանը» հեռացնելու նպատակի շուրջ: 

Աննա Խաչատրյան, «news.5tv.am»