Լրահոս
Քաղաքական
16:55
22.05.25
145

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Լավրովի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցի չեղարկման մասին լուրին

Img default alt hy

«Հայկական կողմն ապահովել է այցի ծրագրի նշյալ բաղադրիչների բոլոր անհրաժեշտ արարողակարգային, նախապատրաստական աշխատանքները»,- մեզ հետ զրույցում այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով «Հրապարակ» թերթի այն հոդվածին, որտեղ նշվում է՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցը չեղարկելու մասին։

«ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի զբոսայգի՝ պայմանավորված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական տարելիցով, իսկ Ծիծեռնակաբերդ ՌԴ ԱԳ նախարարի անունից կուղարկվի ծաղկեպսակ: 

Աշխատանքային այցերի պարագայում ծրագրում նմանատիպ բաղադրիչների ներառումն իրականացվում է այցելող կողմի նախաձեռնությամբ: Հայկական կողմն ապահովել է այցի ծրագրի նշյալ բաղադրիչների բոլոր անհրաժեշտ արարողակարգային, նախապատրաստական աշխատանքները»,- հայտնում է ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք՝ ինչպես գրում է «Հրապարակ» թերթը, Հայաստան՝ Լավրովի այցից առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ «ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կզետեղեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, և ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»։ Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից՝ նա միայն ծաղկեպսակ է ուղարկել: Ըստ թերթի՝ պաշտոնական բացատրությունն այն է եղել, թե այցի ծրագիրը հագեցած է։ Բայց Ռուսաստանի արտգործնախարարությունը դա փորձել է կոմպենսացնել Անհայտ զինվորի հուշարձանին այցելության ժամանակ արված լուսանկարով` Արարատի ֆոնին: