Լրահոս
Հասարակական
16:15
19.10.22
137

49-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր վիճակում փրկել է ժամկետային զինծառայողի․ «News.am»

Img default alt hy

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետևանքով Ջերմուկի դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող Արսեն Սարգսյանը։

49-ամյա Արսեն Սարգսյանը 2018 թվականին որպես պայմանագրային զինծառայող անցել էր ծառայության, մինչև այդ զորամասում խոհարար է աշխատել։ Դիրքերից վերադառնալուց հետո էլ որպես հացթուխ էր աշխատում։

Արսենը 44-օրյա պատերազմի պատերազմի մասնակից էր, նախքան պատերազմը ծառայում էր Քարվաճառում, իսկ հետո՝ Ջերմուկում։

«Մեր տեղեկություններով՝ իրենք շրջափակման մեջ են եղել, կարողացել են դուրս գալ, ինքը վիրավոր է եղել, բայց այդ վիճակում կարողացել է վիրավոր ժամկետային զինծառայողի տանել զորամաս։ Հնարավորություն ունեցել է մնալու, բայց այդ վիճակում վերադարձել է։ Ու այդտեղ էլ զոհվել է»,- «News.am»-ի հետ զրույցում պատմեց Արսենի որդու կինը՝ Գայանե Փոլադյանը։

Արսեն Սարգսյանն ամուսնացած էր, ուներ երկու որդի և մեկ դուստր։

Պայմանագրային զինծառայողը սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում է եղել։  Նա հուղարկավորվել է հոկտեմբերի 23-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Վերջին տվյալով՝ զոհվածների թիվը և անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23-ին՝ ևս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4-ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։