Լրահոս
Հասարակական
15:20
28.12.22
130

19-ամյա Հենրիկ Հարությունյանը զոհվել է Իշխանասարում՝ վիրավոր ընկերներին փրկելիս․ News.am

Img default alt hy

News.am-ը գրել է.

Իշխանասարի դիրքերից մեկն այժմ կրում է կապավոր Հենրիկ Հարությունյանի անունը։ Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու հետևանքով, վիրավոր ընկերոջը փրկելիս, թշնամու կրակոցից զոհվել է Հենրիկը։

Նա Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր։ Հենրիկը դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել էր Մարտունու պետական քոլեջ, որտեղ իր գիտելիքներով և համեստությամբ վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Քոլեջը կարմիր  դիպլոմով ավարտելուց հետո նա ընդունվել է Ճարտարագիտական համալսարան։

«Կյանքով լեցուն, բանիմաց, աշխատասեր, աչքի էր ընկնում իր հարուստ գիտելիքներով, մարդկային բարձր արժեքներով»,– Գենայի (ընտանիքում այդպես էին նրան դիմում, խմբ.) մասին հիշողություններով կիսվում է նրա հորեղբայրը՝ Տիգրան Սահակյանը։

Հենրիկը 2021-ի հուլիսի 11-ին էր զորակոչվել բանակ, 6 ամիս կապի ուսումնական զորամասում ծառայելուց հետո՝ որպես կապավոր տեղափոխվել է այլ զորամաս։

Մարտական պատրաստությունից գերազանց առաջադիմության համար Հենրիկն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանը։

Դիրքերում և զորամասում միշտ ապահովելով անխափան կապ` հայտնի է եղել որպես կապի Հենո: Նա 2022թ-ի սեպտեմբերի 10-ին  ՀՀ  ԶՈՒ կապի զորքերի կազմավորման  30-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ  գեներալ –մայոր  Էդվարդ  Ասրյանի  կողմից արժանացել է պատվոգրի:

Հարազատների խոսքով՝ ազատագրելով բարձունքը, որն ապահովում էր Իշխանասարի գլխավոր ճանապարհը, Հենրիկը շրջափակումից դուրս է բերել բազմաթիվ զինվորների:

Չվախենալով թշնամու կրակից` նա գիտակցաբար նետվել է մարտադաշտ` դուրս բերելու վիրավոր ընկերներին և զոհված զինծառայակիցների աճյունները։ 

Հենրիկը զոհվել է սեպտեմբերի 14-ին, մարտադաշտից վիրավոր ընկերոջը դուրս բերելիս։ Նրա զոհվելուց հետո մարտական հենակետն ու բարձունքը  անվանակոչվել է հերոս կապի Հենոյի անվամբ:

Դեկտեմբերի 15–ին Հենրիկի 20-ամյակն էր։