Լրահոս
Հայաստան
14:08
31.12.21
57

Պիտի նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը․ Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, շնորհավորելով բոլորի Ամանորը, գրում է, որ միասնական նպատակի համար պետք է օգտագործել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահել պետականությունը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Անցնող տարին լի էր դժվարություններով բոլորիս համար: 
Աղետաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցավը շարունակում է տանջել մեզ: 
Կանգնած ենք մեր անվտանգությունն ապահովելու խնդրի առաջ: 

Այս գլխավոր մարտահրավերը պահանջում է գիտակցել, որ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց. այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում:
Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում՝ սկսած անվտանգությունից մինչ բանտեր, երեխաների հաստատություններ, զինծառայողներ ու պետական համակարգի քաշքշուկներ:

Այս գաղափարով պետք է տանենք մեր պետականության ուժեղացման համար պայքարը և չպետք է թուլացնենք մեր զգոնությունը։
Մեր միասնական նպատակի համար պետք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը՝ մեր իրավունքների գլխավոր երաշխավորին:

Թո՛ղ, որ Նոր տարին խաղաղություն և առողջություն, միայն բարիք բերի մեր ժողովրդին»,- գրել է Արման Թաթոյանը։