Լրահոս
Հայաստան
14:04
04.01.22
198

Թուրքական «Pegasus»-ը Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել Քաղավիացիա

Թուրքական «Pegasus» ընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի` Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։
Այս մասին «Sputnik Արմենիա»-ին է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը․

«Այո, թուրքական «Պեգասուսը» դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով»,– ասել է նա։
Թե երբ կկայացվի որոշումը, Սոնա Հարությունյանը չի հստակեցրել` տեղեկացնելով, որ Քաղաքացիական ավիացիան ներկայում ուսումնասիրում է հայտը։

Մինչ այդ թուրքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուքական ու մեկ հայկական ընկերություն։

Դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։

Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։