Լրահոս
Հայաստան
10:49
07.01.22
47

Ղազախստանում ստեղծված վիճակն ավելի ծանր հետևանքների սպառնալիք է պարունակում. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, թե մինչև հիմա ամբողջովին պարզ չէ՝ ինչ իրական հիմքեր կային Ղազախստանում նման իրադարձությունների ծավալման առումով, արդյոք սոցիալ-տնտեսական գործոնը դրա գլխավոր պատճառներից էր, թե այն զուտ կայծի գործոն էր․

«Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության ամենալայն համատեքստում։ Եթե կա արտաքին ներգործություն, ապա ովքե՞ր են դրա մոդերատորները, որովհետև տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից եկող ազդակները իրական շահագրգիռ կողմերին դեռ չեն բացահայտում»,- նշում է նա։

Աբրահամյանի խոսքով` չնայած որոշակի պարբերականությամբ տարբեր կայքեր, տելեգրամյան ալիքներ Ղազախստանում ընթացող իրադարձությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ են փոխանցում, սակայն զարգացումները խորքային իմաստով դեռ ամբողջական պատկեր չեն տալիս։

Պատգամավորն ընդգծում է՝ ՀԱՊԿ մեխանիզմների գործարկումը բավականին օպերատիվ էր, ինչը ցույց է տալիս, որ Ղազախստանում ստեղծված իրադրությունը կամ դրա պայթյունը՝ անկախ դրա դրդապատճառներից, եվրասիական տարածաշրջանում շատ ավելի ծանր հետևանքների սպառնալիք էր պարունակում։ 

Նա շեշտում է` մեծ թվով գործոններ, դերակատարներ դեռևս ամբողջությամբ ուրվագծված չեն, մեծ առումով հաշվարկված չէ նաև դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում։ Սակայն, ըստ Աբրահամյանի, ակնհայտ է, որ խորքում թեժ օջախներ կան, որոնք կարճ ժամանակում մարել չի հաջողվի։