Լրահոս
Միջազգային
22:59
05.01.22
112

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սերբիայի նախկին առաջնորդի նկատմամբ

Այսօր՝ հունվարի 5-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Սերբիայի նախկին առաջնորդ Միլորադ Դոդիկի  նկատմամբ պատժամիջոցների կիրառելու մասին՝ նրան մեղադրելով «կոռուպցիոն գործունեության մեջ, որը սպառնում է ապակայունացնել տարածաշրջանը և խաթարել խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ավելի քան 25 տարի առաջ»։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև պնդում է՝ Դոդիկը օգտագործել է իր ղեկավար դիրքը կաշառակերության միջոցով հարստություն դիզելու համար: 

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել նաև Alternativna Televizija d.o.o. Banja Luka լրատվամիջոցի նկատմամբ, որը, ըստ ԱՄՆ-ի, պատկանում է Դոդիկի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությանը: 

Բայդենի վարչակազմի պատժամիջոցների գործնական ազդեցությունն այն է, որ ԱՄՆ-ում Դոդիկին պատկանող ցանկացած գույք կամ շահ կարգելափակվի։ 

Երկար տարիներ Դոդիկը հանդես էր գալիս Բոսնիայից բոսնիացի սերբերի մինի-պետության անջատման և հարևան Սերբիայի կազմի մեջ մտնելու օգտին:

«Սա կխախտեր 1995 թվականի ԱՄՆ-ի կողմից հաստատված Դեյթոնի համաձայնագիրը, որը վերջ դրեց արյունալի քաղաքացիական պատերազմին Բոսնիայում, որը խլեց ավելի քան 100 000 մարդու կյանք և միլիոնավոր մարդկանց անօթեւան թողեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենասարսափելի կոտորածի ժամանակ»,-նշում է գործակալությունը: