Լրահոս
Միջազգային
15:22
05.01.22
61

Կարևոր է, որ դրսից ոչ ոք չխանգարի. Պեսկովը` Ղազախստանին օգնելու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նվոստի»-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանից Ղազախստանին օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին։

«Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները։ Կարևոր է, որ դրսից ոչ ոք չխանգարի»,– ասել է նա:

Պեսկովը նաև հայտնել է, որ Ղազախստանը մինչ այս պահը ՌԴ–ից օգնություն չի խնդրել։

Նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:

Առևտրի ամրապնդման նոր հարթակ․ ՀՀ–ն ու Ղազախստանը «տներով» բարեկամություն կանեն
Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։
Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։
Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։

Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել: