Լրահոս
Միջազգային
14:15
06.01.22
106

Ինքնակամ շինությունների հաշվառման դեպքում մեծ գումարներ կմտնեն բյուջե. փորձագետ

Ինքնակամ շինություններին առնչվող օրինականացման գործընթաց սկսելուց առաջ նախ պետք է դրանք հաշվառվեն, քանի որ այս պահին ապօրինի շինարարություն իրականացնողները համայնքի բյուջե աղբահանության վճար և գույքահարկ չեն վճարում։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է փորձագետ Մանուել Մարգարյանը։

«Եթե այդ հաշվառումներն իրականացվեն, ապա մեծ գումարներ կմուտքագրվեն համայնքային բյուջե։ Ընդ որում` պետք չէ հույս դնել միայն օդալուսանկարահանումների վրա, քանի որ կան շինություններ, որոնք թաքնված են ծառերի, բուսականության քողի տակ և հաստատ դրանք չեն երևալու, հետևաբար նման դեպքերում շինությունների վաղեմությունը պարզելու հարցում կարող են խնդիրներ առաջանալ»,– նշել է ճարտարագետը։

Մարգարյանը վկայակոչել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքը, ըստ որի` ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների։ 
Արդեն իսկ գոյություն ունեցող կարգավորմամբ` համայնքի ղեկավարը պարտավոր է ինքնակամ շինություններին առնչվող տվյալները թարմացնել ու ներկայացնել կադաստրի բազա, որպեսզի դրանց համար գույքահարկ վճարվի։

«Եթե ինքնակամ շինությունները չեն խախտում քաղաքաշինական նորմերը, չպետք է քանդվեն, այլ անպայման օրինականացվեն։ Ապօրինի շինարարություն միշտ էլ եղել է, տեմպերը չեն նվազել, հսկողության մեխանիզմները շատ թույլ են։ Վերջին շրջանում ապամոնտաժման աշխատանքներ իրականացվում էին և պետք է համայնքապետերը կամքի ուժ ունենան այդ գործընթացը շարունակելու համար»,– ասել է ճարտարագետը։

Մարգարյանի կարծիքով` հսկողությունն ուժեղացնելու պարագայում հնարավոր կլինի կանխել նոր ինքնակամ շինությունների կառուցապատման աշխատանքները, իսկ արդեն եղածներն անպայման պետք է համայնքապետարանների կողմից հաշվառվեն ու ներկայացվեն կադաստրի կոմիտե, մինչդեռ մեզանում, ըստ փորձագետի, վերջին հաշվառումն իրականացվել է 2000–ական թվականներին։

Ապօրինի շինությունների օրինականացման համար վերջնաժամկետը 2025թ–ի հունվարի 1-ն է։ Ինքնակամ շինությունների հաշվառման կարգին վերաբերող որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 5-ի նիստում։ Դրանով սահմանվեց հստակ ժամանակացույց, թե որ շինությունը ինչ ժամկետում կարող է հաշվառվել ու օրինականացվել։

Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևանում կառուցված ինքնակամ շինությունները կկարողանան օրինականացնել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, քաղաքային այլ համայնքներում կառուցվածները` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղական բնակավայրերում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: