Լրահոս
Միջազգային
14:44
06.01.22
105

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել կեղծ գնդապետի նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մի քաղաքացու նկատմամբ, որը ներկայացել է որպես արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ: Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Էհսան Զախիդովին:

Ավելի վաղ Թուրքիայի Մարմարիսի մունիցիպալիտետի նախագահ Մեհմեթ Օքթայը սոցիալական ցանցում Ռասիմ Ահմեդլիի հետ լուսանկար էր հրապարակել` նշելով, որ վերջինս Ադրբեջանի ԱԻՆ գնդապետ է, 2021 թվականի օգոստոսին Թուրքիայում տեղի ունեցած հրդեհի ժամանակ Մարմարիսում պայքարել է տարերային աղետի դեմ: 

Օքթայը նաև լուսանկար էր հրապարակել, որում կեղծ գնդապետին պատվավոր դիպլոմ էին հանձնում խիզախության համար։

«Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ահմեդլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «խարդախություն» հոդվածով։ Իրականում նա Ադրբեջանի ԱԻՆ աշխատակից չէ։ Նա ավելի վաղ ազատազրկման է դատապարտվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Այս պահին արդեն պարզվել է Ահմեդլիի գտնվելու վայրը, իրականացվում են նրան ձերբակալելու միջոցառումներ», - նշել է Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչը:

Թուրքական ԶԼՄ-ներն էլ հետաքննություն էին անցկացրել և պարզել, որ ոչ մի աղբյուրում տեղեկություն չկա Ռասիմ Ահմեդլի անունով գնդապետի մասին: