Լրահոս
Հասարակական
12:26
29.03.22
3 766

Զոհվելուց առաջ Արարատը 5 ադրբեջանցի է սպանել, որից հետո են գործի դրվել «Բայրաքթարները»

Արցախի Ասկերանի շրջանի Քարագլուխ բարձունքը պահելու ժամանակ թուրքական բայրաքթարի հարվածից մարտի 25-ին զոհված հադրութցի Արարատ Թևոսյանը 10 տարի Ռուսաստանի Դաշնությունում է բնակվել, 44-օրյա պատերազմի 5-րդ օրը վերադարձել էր հայրենիք ու մեկնել առաջնագիծ։ Պատերազմից հետո նա միացել է Արցախի պաշտպանության բանակին և ծառայության անցել որպես պայմանագրային զինծառայող։

«Կրասնոդարից եկավ, ասեց՝ ես պիտի գնամ, բա ես որ չգնամ, ո՞վ ա գնալու։ Ես չգնամ, էն մեկը չգնա, ո՞վ պիտի պահի հողը, ասեց։ Ասեցի՝ դե գնա, եթե գնում ես»,- «NEWS.am»-ի հետ զրույցում պատմել է Արարատի հայրը՝ Վագիֆ Թևոսյանը։

Արարատը զոհվելուց մոտ 10 օր առաջ էր այցելել ընտանիքին, որը Հադրութից տեղահանվելուց հետո ժամանակավորապես բնակվում է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Հայրը պատմում է՝ այդ ժամանակ Արարատը, կիսատ թողնելով արձակուրդը, Արցախ էր վերադարձել․ արդեն լուրեր կային, որ Քարագլխի ուղղությամբ՝ արդբեջանական կողմում անսովոր շարժ ու կուտակում կա։ Ասկերանում մարտի 21-ին Արարատի 32-րդ տարեդարձն են նշել, դրանից հետո նա բարձրացել է դիրքեր։ 

«Ասում էր՝ հետևիցս դուք կկանգնեք, որ չխփեն, ես 4 հոգու իմ վրա եմ վերցնում։ Ձեռքով 4 հոգու նաղդ գետնին կտապալեմ»,- Արարատի հետ իր վերջին զրույցներից մեկը հիշել է նրա ծառայակից ընկերը՝ Կարեն Մանգասարյանը։

Ինչպես և ասել էր Արարատը. հարձակումից հետո նա ու ընկերները ադրբեջանցի 5 զինծառայողի են սպանել. դրանից հետո հակառակորդը զորքը հետ է քաշել, Բայրաքթարները գործի դրել. Արարատենց դիրքին անօդաչուն է հարվածել։

Առաջին հարվածից Արարատը վիրավորվել է, երբ զառայակիցները եկել են նրան օգնության, ադրբեջանցիիները երկրորդ հարվածն են հասցրել։ Բայրաքթարի երկրորդ հարվածից Արարատն ու ևս 2 զինծառայող զոհվել են։

Մյուս երկու զոհերն են՝ 28-ամյա Իշխան Օհանյանը և 44-ամյա Դավիթ Միրզոյանը։ Իշխան Օհանյանը Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից էր, 2 շաբաթվա զինծառայող, Դավիթ Միրզոյանը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից էր, 3 երեխաների հայր։ Արարատը ամուսնացած չէր, նա տան կրտսերն էր։