Լրահոս
Քաղաքական
13:46
14.04.22
558

Զոհվածների հարազատների հետ հանդիպումներին ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն կոնսենսուս․ Նազարյան

Img default alt hy

Քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների  հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս, այսօր խորհրդարանում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը:

«Երկու ամիս առաջ էր, որ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ՝ մեծամասամբ կանայք, շատ արդարացի զայրույթով հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց (նախօրեին սահմանին նորից զոհեր էին եղել), և նրանք պահանջներ ունեին Կառավարությանը հասցեագրված։ 

Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, պահանջում էին սահմանին ամրաշինական աշխատանքներ անել, պահանջում էին նորակոչիկներին հեռացնել սահմանից, փոխարենը պայմանագրային զինծառայողներին տանել սահման՝ կարծես պայմանագրայինների կյանքը պակաս կարևոր է։ 

Եվ, ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, չասացին վճռական և աներկբա պահանջ Կառավարությանը ուղղված, որ գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը, գնացեք լուծումների»,- ասել է Նազարյանը։

Պատգամավորը հավելել է, որ չի ձգտում ձևավորել ընդդիմության և քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց իր համար պարզ է մի բան՝ փաստորեն այս Կառավարությունը, որը առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։

«Սա շատ աննորմալ և տարօրինակ երևույթ է։ Որպես կանոն հակառակն է լինում, որպես կանոն ավելի առաջադիմական լինում են ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը։ 

Բայց ինձ միշտ հուսադրում է այն, որ քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների  հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ 

Եվ ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում եմ իմ աջակցությունը վարչապետին, արտաքին գործերի նախարարին և իր աշխատակազմին և ամբողջ Կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական և աներկբա պահանջով»,- եզրափակել է Նազարյանը։