Լրահոս
Միջազգային
19:30
18.08.22
115

Զապորոժիեի ատոմակայանում կարող է կրկնվել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի սցենարը․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանցի մասնագետների կարծիքով՝ Կիևի գործողությունների հետևանքով Զապորոժիեի ատոմակայանում կարող է ստեղծվել իրավիճակ, որը նման կլինի Չեռնոբիլում և Ֆուկուսիմայում տեղի ունեցածին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։

Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը 12 անգամ գնդակոծել են ատոմակայանի տարածքը։ Կիրիլովը հավելել է, որ վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերը կհասնեն մինչև Լեհաստան, Գերմանիա, Սլովակիա։

Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնյայի՝ Մոսկվան պատրաստ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տրամադրել լուսանկարներ, որտեղ երևում է, որ ատոմակայանի տարածքում զենք, առավել ևս ծանր զինատեսակներ տեղակայված չեն։

ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն էլ հայտնել է, որ Կիևը սադրանք է նախապատրաստում Զապորոժիեի ատոմակայանում օգոստոսի 19-ին, երբ դեռ Ուկրաինայում է գտնվելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Ուկրաինական կողմն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից գրավված ատոմակայանում պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Չեռնոբիլի աղետի կրկման մտավախությունների ֆոնին՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման թեմայով վարժանքների անցկացման մասին։ Նախարարը հավելել է, որ քանի դեռ ատոմակայանը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, առկա են մեծ ռիսկեր։

Ռուսաստանն Ուկրաինային մեղադրում է ատոմակայանը գնդակոծելու մեջ։ Իր հերթին Կիևը և Արևմուտքի երկրները Ռուսաստանից պահանջում են վերջ դնել միջուկային շանտաժին և գնդակոծությունների պատասխանատվությունը դնում են ռուս զինվորականների վրա։