Լրահոս
Իրավական
11:40
15.01.21
76

«Ո՞վ է իրավաբան-գիտնականը. նա՞, ով 30 տարի առաջ թեկնածուական է պաշտպանել ու դրանից հետո որևէ գիտական գործունեություն չի իրականացրե՞լ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում որոշել է առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, սակայն իրավաբանները նշում են, որ նա չի կարող հավակնել այդ պաշտոնին, քանի որ տարիքային շեմ կա սահմանված՝ մինչեւ 65 տարեկանը, իսկ Ջհանգիրյանը 66 տարեկան է։ Ջհանգիրյանն էլ պնդում է, որ ինքը որպես իրավաբան-գիտնական է գնալու ԲԴԽ, իսկ օրենքն այդ մասով տարիքային վերին շեմ չի սահմանում։ Զրուցեցինք սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ, ով ասաց՝ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը պատասխանում է այս հարցին․

«ԲԴԽ կազմի 10 անդամներից 5-ը դատավորներ են, որոնք պետք է ընտրվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ տարբեր ատյաններից։ Մյուս 5-ն իրավաբան-գիտնականներն են։ Դատավորի համար պաշտոնավարման տարիքային վերին շեմը սահմանվում է 65 տարեկանը, բնականաբար, դատավորների մասով նման խնդիր չկա․ եթե 65 տարին լրացած եղավ, ուրեմն չի կարող անդամ լինել։ Իրավաբան-գիտնականների համար սահմանափակում չկա, բայց այս հարցի պատասխանը Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասն է տալիս․ խոսքը հետեւյալ դրույթի մասին է, որ ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար որեւէ սահմանափակում, իսկ դատավոր նշանակվելու սահմանափակումներից մեկը տարիքային սահմանափակումն է, եւ 80-րդ հոդվածի 9-րդ մասը մեզ հստակ հիմք է տալիս պնդելու, որ 65 տարին լրացած անձը չի կարող առաջադրվել որպես ԲԴԽ անդամ, այսինքն՝ նրա վրա տարածվում են դատավորի համար նախատեսված բոլոր սահմանափակումները»։

Իշխանությունը հակափաստարկ է բերում՝ տարիներ առաջ Գագիկ Հարությունյանը եւս ընտրվել է ԲԴԽ անդամ, չնայած հատել էր տարիքային շեմը։ Վարդան Այվազյանն ասաց․ «Ենթադրում եմ, որ Գագիկ Հարությունյանն էլ էր ընտրվել Դատական օրենսգրքի խախտումով․․․ ԲԴԽ-ն պետական իշխանության մարմին է, ԲԴԽ անդամների վրա տարածվում են նաեւ հանրային ծառայողների սահմանափակումները․ բիզնեսով չեն կարող զբաղվել, այլ պետական պաշտոն չեն կարող զբաղեցնել, վճարովի աշխատանք եւ այլն, բացի գիտամանկավարժական գործունեությունից, եւ դա ենթադրում է, որ ԲԴԽ 10 անդամների համար պետք է լինեն նույն չափանիշները եւ նույն սահմանափակումները։ Սա տրամաբանությունն է, իսկ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասն ամրագրում է, որ ԱԺ-ն չի կարող ընտրել այնպիսի անձի, որը դատավոր նշանակվելու համար ունի որեւէ սահմանափակում, տվյալ դեպքում ունենք տարիքային սահմանափակում, եւ, հետեւաբար, ԱԺ-ն չի կարող տվյալ անձին առաջադրել որպես ԲԴԽ անդամ»։

ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն անդրադարձել է Ջհանգիրյանի` իրավաբան-գիտնական լինելու հանգամանքին․ «Ո՞վ է համարվում ԲԴԽ իրավաբան-գիտնական. նա՞, ով, օրինակ՝ 30 տարի առաջ թեկնածուական է պաշտպանել, սակայն դրանից հետո որեւէ գիտական գործունեություն չի իրականացրել, թե՞ այն մարդը, ով, անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է ակտիվ գիտական գործունեություն»։