Լրահոս
Արցախ
20:25
30.10.22
200

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին մասնակցել է շուրջ 40,000 քաղաքացի

Img default alt hy

Հոկտեմբերի 30-ին Արցախի խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք, որին մասնակցում էր շուրջ 40,000 քաղաքացի Ստեփանակերտից և շրջաններից: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:

Նիստը մեկնարկել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին ուղղված ուղերձով.

«Այս փոքրիկ աշխարհատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը»:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հայոց պետականության և ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգներին, դիմել է նաև ողջ հայ ժողովրդին՝ միասնաբար նեցուկ կանգնել արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին, և հասնել նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը:

Նիստի օրակարգում ԱՀ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին հարցն էր: Հայտարարության տեքստը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Մարսել Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը, Արթուր Մոսիյանը և Մետաքսե Հակոբյանը:

Ազգային ժողովի հայտարարությունն ընդունվել է միաձայն:

Նիստի ավարտից հետո խորհրդարանականներն ու աշխատակազմի անդամները միացել են հանրահավաքին:

Հանրահավաքին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի երկրորդ ու երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: