Լրահոս
Հասարակական
23:45
28.10.25
1 660

Ստեփան Ասատրյանի մատուցած կեղծ պատարագի մասնակից Տեր Տարոնին կարգալույծ անելու հարցը Մայր Աթոռում դեռ չի քննարկվում

Img default alt hy

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեռ չի քննարկվում Տեր Տարոն քահանա Հունանյանին կարգալույծ անելու հարցը, ով մասնակից էր դարձել Ստեփան Ասատրյանի՝ նախկին հոգևորական Տեր Արամի մատուցած կեղծ պատարագին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն Aysor.am-ին ասաց, որ կարգապահական հանձնախմբում դեռ չի քննարկվում այդ հարցը։

Ինչ վերաբերում է կեղծ պատարագին մասնակից սարկավագներին՝ Տեր Եսային ասաց, որ նրանք Մայր Աթոռի միաբան չեն։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում կեղծ պատարագ մատուցեց, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի խումբ ՔՊ-ականներ։

Ըստ Փաշինյանը՝ դա «նորոգման պատարագ էր»։ Նա հայտարարել էր, թե Հովհաննավանքի «պատարագը» խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։

Մայր Աթոռի կողմից «պատարագն» անօրինական է ճանաչված։

Հիշեցում. Հայոց Կանոնագրքում ներառված է Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը, որում ասվում է. «Եթե որևէ քահանա կամ սարկավագ արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և այդ երեցն ու սարկավագը առանձին ժողովվեցին ու Սուրբ Սեղան հաստատեցին, չլսեցին եպիսկոպոսի կոչը, անարգեցին նրան ու չկամեցան նրա երկիցս և ավելի անգամ արտասանած բարի խոսքերին ականջալուր լինել, այդպիսիններին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին, իբրև խռովարարների,պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել»։

Հովհաննես Արճիշեցի. «Քահանայական շնորհը մշտամնա է, եթե հոգևորականն իր կարգի մեջ է: Իսկ եթե կարգի մեջ չէ, չի կարող պատարագ մատուցել, չի կարող օգտվել քահանայագործության, խորհուրդների կատարման իրավունքներից, և ոչ էլ շնորհաբաշխության իրավունքն ունի: Կարգից լուծարումը վերաբերում է նաեւ օծումից լուծարելուն»։