Լրահոս
Առողջապահական
21:20
04.11.22
189

Սիկոզ. մաշկի խրոնիկական հիվանդության ախտանշաններն ու բուժումը

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Սիկոզը մաշկի խրոնիկական ստաֆիլոկոկային ախտահարում է, որը դիտվում է գրեթե բացառապես հասուն տղամարդկանց մոտ։ Տեղակայվում է ամենից հաճախ դեմքի մաշկի վրա, բեղերի ու մորուքի աճման շրջանում, քթի ռունգերի ներսային մակերեսին, ավելի հազվադեպ՝ գլխի մազածածկ մասի, հոնքերի, ցայլքի, անութային փոսերի շրջաններում։ Բնութագրվում է թարախաբշտիկների կրկնվող ցանավորումով մաշկային ծածկույթի համեմատաբար սահմանափակ տեղամասերում։

Բորբոքային ինֆիլտրատի զարգացման հետևանքով ախտահարված տեղամասի մաշկը աստիճանաբար ամրանում է և ձեռք է բերում կապտավուն գունավորում։ Ախտահարման օջախը աստիճանաբար մեծանում է` ծայրամասում նորանոր ֆոլիկուլների ախտահարման հետևանքով։

Հիվանդությունն ընթանում է երկարատև՝ ամիսներ ու տարիներ, մերթ սրանալով, մերթ մեղմանալով։ Հիվանդը առողջանում է մեծ դժվարությամբ։ Սուբյեկտիվ խանգարումները կամ բացակայում են, կամ արտահայտվում են ծակոցներով և թեթև քորով։

Հյուսվածաախտաբանորեն սիկոզր բնութագրվում է մազապարկի մուտքի էպիթելի մեջ խոռոչի առաջացմամբ։

Սիկոզի անմիջական պատճառը ստաֆիլոկոկային ինֆեկցիան է։ Իսկ այն հարցը, թե ինչով է բացատրվում հիվանդության տևական, համառ ընթացքը, դեռևս վերջնականորեն չի որոշվել։ Շատ հավանական է, որ սիկոզի զարգացման հիմքում ընկած է ճարպամազային ապարատի բնականոն գործունեության խանգարումը նյարդային և էնդոկրին համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների ազդեցության տակ։ Մասնագետներից շատերն էլ սիկոզի առաջացումը կապում են ալերգիկ վիճակի հետ՝ պայմանավորված քթի, կոկորդի, ականջի օջախային ինֆեկցիաներով։

Հիվանդության զարգացմանը կարող է նպաստել նաև դեմքի մաշկի երկարատև աղտոտումը կոպիտ փոշու հատիկներով (ածուխի, մետաղական փոշու), հատկապես բարձր ջերմության պայմաններում աշխատելու ժամանակ:

Բուժման ընթացքում՝ վերքի շրջանում առաջացած կեղևների առկայության դեպքում ցուցված են հակաբիոտիկներ, կորաիկոստերոիդային հորմոններ պարունակող քսուքներն ու կրեմները, օքսիկորտ, լոկակորտեն, գեոկորտոն և այլն։

Սուր շրջանում նշանակվում են հակաբիոտիկներ՝ պենիցիլին, օքսացիկլին, մետիցիլին, քլորտետրացիկլին, օլեանդոմիցին, օլետետրին։ Նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ ցուցված է սեդատիվ միջոցների, հիդրոթերապիայի նշանակում։ Երբեմն զգալի բարելավում է տալիս հանգիստը, միջավայրի փոփոխությունը։

Ցուցված է նաև ոչ սպեցիֆիկ խթանիչ թերապիայի օգտագործումր կամ սպեցիֆիկ իմունոթերապիա։ Էկզոգեն գրգռիչ գործոնների առկայության դեպքում անհրաժեշտ է ապահովել դրանց շուտափույթ վերացումը»։