Լրահոս
Միջազգային
18:15
03.05.25
389

«Սա ավելի շատ թատերական ներկայացում է»․ Զելենսկին եռօրյա հրադադարի վերաբերյալ Պուտինի առաջարկի մասին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի 80–ամյակի օրերին հայտարարած եռօրյա հրադադարը թատերական ներկայացում է որակել՝ շեշտելով, որ Կիևը պատրաստ է լիակատար զինադադարի։

France 24–ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է լրագրողների փոքր խմբի հետ հանդիպմանը:  

«Սա ավելի շատ թատերական ներկայացում է նրա կողմից։ Որովհետև երկու կամ երեք օրում անհնար է մշակել պատերազմը դադարեցնելու հաջորդ քայլերի ծրագիր», - ասել է Զելենսկին։

Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան «չի խաղա խաղեր՝ մայիսի 9–ին Պուտինին մեկուսացումից դուրս բերելու նպատակով հաճելի մթնոլորտ ստեղծելու համար», երբ որոշ օտարերկրյա ղեկավարներ պետք է ժամանեն Մոսկվա՝ Մայիսի 9–ի միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Ավելի վաղ Կրեմից հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ը ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-11-ը ժամը 00:00-ն ռուսական կողմը հրադադար է հայտարարում։ Այդ ժամանակաշրջանում բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն: Կրեմլից նշել էին՝ Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին: