Լրահոս
Քաղաքական
16:57
25.10.22
252

Սա աչքալուսանք էր Ադրբեջանին և Թուրքիային. պատգամավորը՝ Զատուլինի արգելքի մասին

Img default alt hy

Հայ-ռուսական հարաբերությունների մասին ընտանեկան թերթով գաղտագողի անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող «հավաստի աղբյուրն» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի հանրապետություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Մարդու, ով միշտ աչքի է ընկել բացառապես իր հայամետ դիրքորոշումներով: Մարդու, ում մուտքը դեռ տարիներ առաջ արգելվել է Ադրբեջան՝ Արցախ այցելելու և  Ղարաբաղյան հակամարտությունում հայանպաստ դիրքորոշումներով հանդես գալու համար: Սա աչքալուսանք էր Ադրբեջանին և Թուրքիային, որի քաղաքացիներն անարգել մուտք են գործում Հայաստան, պղծում Ցեղասպանության հուշահամալիրը, որի պաշտոնյաները, որոնք բազմիցս հանդես են եկել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններով, բայց Հայաստանի օրվա իշխանությունների կողմից չեն հռչակվել անցանկալի անձ, այլ ճիշտ հակառակը՝ արժանացել են նրանց բարեհաճությանը և իրականացրել բաց դռների քաղաքականություն: Ի դեպ, Կոնստանտին Զատուլինը հեղինակել է ՌԴ պետդումայի 1995թ. որոշումը, որից հետո Պետդումայի կողմից ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը:

Հետևողականորեն հայ-ռուսական հարաբերությունները փչացնող օրվա իշխանությունը բացառապես սեփական իշխանության շահերից է մեկնաբանում դաշնակից Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորի խոսքերը և անտեսում նրա հայամետ դիրքորոշումը, քանզի «հավաստի աղբյուրին»  բացառապես սեփական աթոռն է հետաքրքրում, այլ ոչ երկրի շահը: 
Թեպետ, ի գիտություն ձեզ, պարոն Զատուլինն արդեն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա»,-ասել է պատգամավորը: