Լրահոս
Հայաստան
17:58
31.03.22
339

Ռուստամ Բադասյանի ղեկավարած ՊԵԿ-ում անտեղյակ են և չեն համագործակցում Արցախի հետ

Img default alt hy

Հայաստանի թավշյա կառավարության նիստերի ամենահետաքրքիր մասը չզեկուցվող հարցերն են: Այսօրվա՝ մարտի 31-ի նիստը, բացառություն չէր, գրել է «Hraparak.am»-ը։

«44-օրյա պատերազմում ամենաշատ մարդկային և տարածքային կորուստներ տված, հետո արտակարգ իրավիճակների նախարար դարձած Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է կոռուպցիայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:

Նիստին մասնակցում էր ԱԻ առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը և նրա առաջարկով կառավարությունը որոշեց «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ներմուծված Արցախի հանրապետու­թյան կարիքների համար ձևակերպված գույքը փոխանցել Հայաստանի արտակարգ իրավիճակ­ների նախարարությանը՝ Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հանձնելու նպատակով:

«Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով գույք էր ներմուծվում 2020-ի թվականի նոյեմբերի 9-ից՝ թավշյաների կապիտուլացիայից հետո մինչև ռազմական դրության ավարտը:

Ռազմական դրությունն ավարտվել է 2021-ի մարտի 24-ին (Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-001-Ն որոշում), իսկ գույքը «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ներմուծելու դիմում Արցախի ներկայացուցչությունը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ստացել է սրանից 9 ամիս անց՝ 2021-ի դեկտեմբերին:

Ու հիմա կառավարությունը փորձում է մարդասիրական այս գույքի ներմուծման տարբերակ գտնել: Չորս ամիս մտածել են ու գտել այս լուծումը: Բայց ողբերգությունն այս չորս ամիսը չէ, այլ այն 9 ամիսն է: 

Ենթադրենք Արցախի հանրապետությունում չգիտեին, որ Հայաստանում ռազմական դրությունը չի ավարտվել ու դեռ ուժի մեջ է «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով գույք ներմուծելու հնարավորությունը: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեում էլ չգիտեի՞ն:

Ի՞նչ մի դժվար բան էր, Արցախի ներկայացուցչության դիմումը ստանալուց հետո նրանց տեղեկացնել, որ «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով աշխատելը հնարավոր չէ արդեն 9 ամիս, այլ տարբերակ է պետք, նոր դիմում է պետք ու հարցը կլուծվեր: Չեն արել:

Այլ բան չի մնում, քան եզրակացությունը, որ թավշյա Ռուստամ Բադասյանի և զրոյից միանգամից գնդապետ դարձած, «Նակոլկա Շուշո» անունով հայտնի Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարած ՊԵԿ-ը տեղյակ չէ, թե տվյալ պահին մաքսային ինչ ընթացակարգեր են գործում: Կամ էլ տեղյակ են կամ չեն ուզում համագործակցել Արցախի հետ: 

Հարց Նիկոլ Փաշինյանին՝ ո՞վ է պետության համար ավելի վտանգավոր ու վնասատու՝ Հայաստանի պետական դրոշը սխալ տեղում դրած մաքսավորը, թե՞ իրեն վստահված պետական կառույցում պետության սահմանած ընթացակարգերից անտեղյակ, Արցախի հետ համագործակցելուց հրաժարված բարձրաստիճան պաշտոնյաները»: