Լրահոս
Իրավական
13:05
17.01.25
359

Ռուբեն Վարդանյանին և Արայիկ Հարությունյանին տեղափոխեցին դատարանի դահլիճ. ստալինյան դատ՝ Բաքվում

 

Այսօր՝ ժամը 15-ին, Բաքվում սկսվելու է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը: Քիչ առաջ ադրբեջանական հեռուստաալիքները տարածել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են նրանց տեղափոխում դատարանի դահլիճ: Մեկ ամիս առաջ էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել, որ Արցախի նախկին նախագահի և պետնախարարի գործը փոխանցվել է դատարան։ Ըստ Վարդանյանի պաշտպանական թիմի՝ նրան առաջադրել են մոտ 45 մեղադրանքների նոր փաթեթ, որով Արցախի նախկին պետնախարարին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Ավելի քան 470 օր պատանդառված Ռուբեն Վարդանյանը դատից մեկ օր առաջ ուղերձ է հղել: Այն ընտանիքին է փոխանցվել հեռախոսազանգի ընթացքում: Նա միջազգային հանրությանն է դիմել, «Իմ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել»,- ասել է Վարդանյանը: Նա պնդել է՝ Բաքվում ճնշել են իրեն ու փաստաբանին, ստիպել հետին թվով փաստաթղթեր ստորագրել, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: