Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:54
30.10.22
179

ՌԴ ԱԳՆ-ն՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման մասին

Img default alt hy

Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիի եռակողմ գագաթնաժողովը, որը տեղի կունենա hոկտեմբերի 31-ին, հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Դեռ շատ խնդիրներ կան: Կարծում եմ՝ դրանք բոլորը կքննարկվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը: Հուսով ենք, որ այն ինչ-որ կերպ առաջընթաց կգրանցի մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է նա:

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին՝ Ռուդենկոն նշել է, որ «այս կյանքում ամեն ինչ կարող է լինել»։ «Եվ քանի որ (Հայաստանի) ղեկավարն ասել է, ուրեմն, հավանաբար, ինչ-որ հիմքեր ուներ այդպես ասելու համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ վաղը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Սոչիում նախ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։