Լրահոս
Քաղաքական
12:05
09.09.24
269

Արցախի ժողովրդի կողմից ընտրված անձինք կան, դուք չէ, որ պետք է որոշեք այդ ժողովրդի փոխարեն. Արծվիկ Մինասյան

Img default alt hy

Եվս մեկ անգամ ականատես ենք լինում ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմնի` այս ամբիոնից հերթական ուրացման դեպքերին: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Այն ժամանակ խոսում էինք, որ Արցախը չի կարելի ուրանալ, և արցախցու իրավունքը չի կարելի ստորադասել: Ցավոք սրտի, մտածում էինք՝ Աստված չանի, կարող է մի օր այդպիսի իրավիճակ առաջանա, որովհետև օրվա իշխանությունը վարում էր իսկապես հակաարցախյան քաղաքականություն:

Արցախի հանձման մեջ մեղադրում է մի ուժ, որը ոչ միայն պատերազմ բերեց, որը ոչ միայն կոտորած բերեց, որը ոչ միայն, չունենալով նման իրավասություն, ստորագրում էր փաստաթուղթ և հանձնում էր Արցախի Հանրապետության օրինական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, հրաժարվում էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքից, հիմա էլ փաստացի և փաստորեն հրաժարվում է Արցախի ժողովրդի՝ որպես միջազգային իրավունքի սուբյկետի իրավունքները բարձրաձայնելուց։ Այս մարդիկ անգամ այլևս չեն ուզում տեսնել, որ ժողովուրդը, որը բռնի տեղահանվեց և ենթարկվեց ցեղասպանության իր իրավունքը պաշտպանելու պարտականությունն իրականացնում է իր օրինական ընտրված մարմինների միջոցով:

«Ինչի՞ց եք վախենում, ինչի՞ց եք խուսափում. ՀՀ օրենսդրության համաձայն, միջազգային իրավունքի համաձայն, Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձիք, ժողովրդի կողմից ընտրված անձինք կան, և այդ անձինք պետք է իրացնեն իրենց իրավունքը, դուք չէ, որ պետք է որոշեք այդ ժողովրդի փոխարեն»,-շեշտեց նա: