Լրահոս
Քաղաքական
12:33
23.05.22
1 094

Նշված անձն իրականում եղել է հրապարակում. ոստիկանության պարզաբանումը՝ Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Img default alt hy

«ArmDaily.am»-ը գրում է․

««Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում հրապարակում էր արել՝ հայտնելով, որ դերասան Գնել Սարգսյան գիշերը՝ 03.00-ի սահմաններում, ֆրանսիայի հրապարակում փորձել է սադրանք հրահրել և պոկել Հայաստանի ու Արցախի դրոշները։ Սակայն, ոստիկանները ժամանակին կասեցրել են այդ փորձն ու նրան հեռացրել հրապարակից։

«ArmDaily.am»-ի հետ զրույցում Բաբայանը մանրամասնել է.

«Նա փորձել է նաև կռիվ հրահրել, բայց հրապարակում եղած մարդիկ արագ իրեն մեկուսացրել են, հետո ոստիկանությունը կանխել է սադրանքի փորձը։ Ընթացքում նա փորձել է հրապարակում տեղադրված դրոշները պոկել՝ ոստիկանությունն արագ կանխել է»,- ասել է Բաբայանը։

Կապ հաստատեցինք նաև Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ ճշտելու՝ արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշը միտումնավոր պոկելու կամ վնասելու մասով։

«Իրականում նշված անձը եղել է Ֆրանսիայի հրապարակում, բայց միջադեպ չի գրանցվել, ոստիկանները միջադեպը կանխել են, այդ անձը հեռացվել է տարածքից»,- ասել է Գաբրիելյանը։

Փորձեցինք կապ հաստատել նաև Գնել Սարգսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր»։