Լրահոս
Հայաստան
16:05
31.03.22
305

Նոր Հայաստանում նոր 100 փաստեր չկա՞ն

Img default alt hy

2019 թվականի մայիսի 8-ին՝ վարչապետի աթոռին նստելու մեկամյակի առիթով, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին» մոնումենտալ աշխատությունը: Հետո ևս երեքը՝  2019-ի սեպտեմբերի 16-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 2, 2020-ի հունվարի 25-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 3, 2020-ի մայիսի 16-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 4: Այդ փաստերը լայնորեն լուսաբանվեցին և ներկայացվեցին մամուլի ասուլիսների ժամանակ, գրում է «Hraparak.am»-ը։

«Ըստ այս հրապարակումների, Հայաստանը դարձել էր համարյա Լաս Վեգասի նման լուսավոր և փողառատ, Դանիայի նման ապահով, Շվեյցարիայի նման ազատ տնտեսությամբ երկիր:

Նիկոլ Փաշինյանը զինվորի, բանակի, զինված ուժերի սպառազինության մասին հրաշք թվեր էր ներկայացնում՝ սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրքեր ապահովվել է սառնարաններով։

Առաջիկայում սառնարաններով կապահովվի ևս 45 մարտական դիրք, 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։

Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր ժամանակակից տեսադիտարկման սարք, ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիքներով, մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել են մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ, 2019 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը Հայաստանում և Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ և այլն:

Սա 2019 թվականին էր, և մենք, լսելով Նիկոլ Փաշինյանի այս հաշվետվությունները, վստահ էինք, որ բանակում ամեն ինչ կարգին է, և բանակն ամեն ինչով ապահովված է ու մարտունակ։ Իսկ 2020-ի պարտությունից հետո մոռացվեցին այս բոլոր փաստերը, և սկսեցին բոլորովին այլ բան ասել, որ բանակը 30 տարի թալանված է, ոչինչ չէին արել բանակի մատակարարման համար, ու նախկիններն էին պարտության մեղավորը։

Եվ մինչ օրս Փաշինյանը չի պարզաբանում, թե ինչու 2019 թվականին այսքան կուշտ ու ապահով բանակը պարտվեց: Ես կարող եմ պատասխանել այդ հարցին. իրականում՝ բանակը չի պարտվել, պարտվել է ղեկավարությունը:

Օրինակ, Անդրանիկ Փիլոյանը, որ պատերազմի հենց առաջին փուլում ամենաշատ մարդկային և տարածքային կորուստներն է տվել, հետո Նիկոլ Փաշինյանի կամոք դարձել ազգային հերոս, հետո՝ արտակարգ իրավիճակների նախարար, իսկ հիմա կոռուպցիոն հանցագործության գործով է անցնում և հրավիրվում հարցաքննությունների, այնուհետև ձերբակալվում: Օրինակ, Դավիթ Տոնոյանը, որը ևս այսօր մեղադրյալի աթոռին է։

Վստահ ենք՝ մի օր պարզվելու է նաև Նիկոլ Փաշինյանի մեղքի չափն այդ պարտությունում, որը, անշուշտ, շատ ավելին է, քան Տոնոյանի կամ Փիլոյանի մեղքը։

Վերադառնանք 100 փաստերին: Բացի բազմաթիվ հակասություններից, բազմաթիվ են նաև կեղծ տվյալները:

Օրինակ՝ 2019-ին, «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 2-ի 88-րդ կետում Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, թե պետական կառավարման համակարգում, բարձր պաշտոններում կանանց թիվն ավելացել է, մասնավորաբար՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կին է:

Իսկ մեկ տարի անց՝ 2020-ին, «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 4-ի 92-րդ կետում պնդում է՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանության բաժնի և բաժանմունքի պետերի պաշտոններում կանայք են նշանակվել: Սա ոչ միայն սեփական խոսքի հերքում է, այլև՝ իրականության խեղաթյուրում, պարզ կեղծիք:

Միայն մեկ օրինակ՝ Նելլի Դուրյանը դեռևս 1996-ին՝ Նիկոլ Փաշինյանի ասածից 23 տարի առաջ, եղել է ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, հետո՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ:

Այսինքն՝ պատմության մեջ առաջին անգամ իր ժամանակ չէ, որ կին է նշանակվել ոստիկանությունում։

«100 փաստ Նոր Հայաստանի մասին» քառահատորյակը լիքն է նման ոչ ճիշտ փաստերով: Փաստ է նաև այն, որ 2020 թվականի մայիսից հետո այլևս չեն հրապարակվել նոր «100 փաստեր Նոր Հայաստանի մասին»:

Նոր Հայաստանում վերջին երկու տարում նոր ձեռքբերումներ չկա՞ն, եթե կան, ինչո՞ւ դրանք չեն ներկայացվում, եթե չկան, ինչո՞ւ չկան, Նիկոլ Փաշինյանը գիտի՞, թե ով է մեղավոր մեր առաջընթացը խափանելու համար, և ի՞նչ է մտադիր անել:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե նոր փաստեր չկան, մեղավորը հենց կառավարության ղեկավարն է, որը ձախողել է երկրի կառավարումը և այլևս որևէ հպարտանալու առիթ ու փաստ չունի»։