Լրահոս
Քաղաքական
10:45
01.11.22
223

Նիկոլ Փաշինյանից «ձեռ են քաշում» անգամ ՔՊ-ականները

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրել է. «Կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, և ընտրվեց վարչության նոր կազմը: Հատկանշական է այն, որ այս անգամ վարչության կազմում չկան Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ բարեկամական կապեր ունեցող ՔՊ-ականները:

Թեպետ իշխանական կուլիսներում շրջանառվում էին շշուկներ, որ ՔՊական պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանը ջանք ու եռանդ չեն խնայում նորընտիր վարչության կազմում լինելու համար, բայց նրանք էլ ցուցակից դուրս են մնացել: Չեն ընտրվել նաև այնպիսի կարկառուն ՔՊ-ականներ, ինչպիսիք են Սփյուռքի գործերի նախկին գլխավոր հանձնակատար Մխիթար Հայրապետյանը, ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Լենա Նազարյանը, Ռուստամ Բաքոյանը:

Ընդհանրապես անգամ թեկնածուների ցանկում ներառված չէր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այսպիսով` ՔՊ-ի նորընտիր վարչության կազմում տեղ են գտել Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Արփի Դավոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը:

Ըստ ՔՊ-ականներին մոտ կանգնած աղբյուրների` կուսակցության վարչության ընտրություններին 30 հոգի չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, ինչը բավական լուրջ ազդակ է եղել վերջինիս համար: Սա առնվազն փաստում է, որ Նիկոլ Փաշինյանից անգամ «ձեռ են քաշում» ՔՊ-ականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։