Լրահոս

2022-02-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Շուշիից ու Հադրութից տեղահանված, 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք սեփական բնակարան կունենա
    Ստեփանակերտի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ՝ սպասում է իր հասցեատերերին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետ կունենա սեփական բնակարանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Բնակարաններով են ապահովվում զոհված զինծառայողների, տեղահանված, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները:
    19:38
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին Էրդողանին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի որոշումը դատապարտելու համար
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման հարցը, ինքը երախտիք է հայտնել Թուրքիայի նախագահին՝ Կիևի դիրքորոշմանն աջակցելու համար։ «Հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահ Ռեփեթ Էրդողանի հետ, երախտագիտություն հայտնեցի Ռուսաստանի վերջին սադրիչ որոշումից հետո Ուկրաինայի դիրքորոշմանն աջակցելու համար։ Նաև շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների՝ Ուկրաինայի, Թուրքիայի Գերմանիայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությանն աջակցելու համար»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Զելենսկին։
    19:32
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինան ու Հայաստանը վարում են Թուրքիայի հետ ինտեգրվելու քաղաքականություն․ հայտարարություն
    «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» ՀՀ իշխանություններին կոչ է արել ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Միության տարածած հայտարարության մեջ նշված է․ «Փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը` ըստ էության սկիզբ դնելով աշխարհի քաղաքական նոր քարտեզի գծագրմանը: Առավել քան ճիշտ ժամանակն է, որ կատարվածին իր գնահատականը տա նաև Հայաստանի իշխանությունը` ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը, որով Ռուսաստանը փաստացի կանխեց մարդկության պատմության մեջ հերթական գենոցիդի իրականացման փորձը` ողբերգական իրադարձություն, որը հայի հավաքական գիտակցության մեջ ամրագրված է 1915 թվականի դաժան եղելությամբ, 20-րդ դարավերջին Բաքվի ու Սումգայիթի արյունահեղություններով: Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացման ճանաչմամբ Հայաստանի իշխանությունները ևս մեկ փաստարկ կունենան Արցախի ինքնորոշման իրավունքի հիմնախնդրի լուծման գործում: Որևէ մեկը չպիտի մոռանա, որ առնվազն վերջին երեք հարյուր տարում Ռուսաստանը եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմական, քաղաքական բնական դաշնակիցը, առանցքային դեր է ունեցել մեր ժողովրդի գոյաբանական հարցերում: Սա ևս մեկ անգամ հաստատվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով կանխվեց Արցախի վերջնական գրավումն ու հայաթափումը, Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի կողմից շատ ավելի լայն ծավալներով ներխուժումը, որը կհանգեցներ լիարժեք կապիտուլյացիայի: Մենք բարոյապես պարտավորված ենք կանգնելու Ռուսաստանի ու ռուս ժողովրդի կողքին, ու սա բնավ էլ ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ, քանի որ այս իրավիճակը ստեղծվել է Ուկրաինայի իշխանությունների հակառուսական, ազգայնական քաղաքականության արդյունքում: Պատահական չէ, որ Ուկրաինայի շահերը պաշտպանում են նույն աշխարհաքաղաքական կենտրոններից ղեկավարվող Թուրքիան, նրա մերձավոր արբանյակ Ադրբեջանը, որոնք Ռուսաստանը թուլացնելու, կազմաքանդելու նպատակն են հետապնդում: Հետաքրքիր նմանություն կա Ուկրաինայի ու Հայաստանի գործող իշխանությունների միջև, քանի որ առանց ազգային շահը, իրենց քաղաքացիների գերակշիռ մասի կարծիքը հաշվի առնելու, երկուսն էլ վարում են Թուրքիայի հետ ինտեգրվելու քաղաքականություն: Սա ազգակործան, երկրակործան քայլ է, որին բոլոր հնարավոր միջոցներով դիմակայելու ենք նաև մենք` ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաներս: Ռուսաստանը ևս պետք է զգուշավորություն դրսևորի Թուրքիայի հետ հարաբերություններում, մշտապես հաշվի առնի, որ թուրանական գաղափարի իրագործումը գերազանցապես կառուցված է ռուսական ազդեցության երկրների ու բուն ռուսական տարածքների նվաճման հեռանկարով: Նկատի ունենալով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի, Սիրիայում ու Հայաստանում ռուս օդաչուների սպանությունների փաստերը` առանձնակի զգուշավորություն պետք է դրսևորել, եթե Էրդողանի հրավերով կայանա Պուտինի այցը Թուրքիա, քանի որ Ռուսաստանի թշնամիների համար կարող է գործել «Չկա մարդ, չկա պրոբլեմ» մոտեցումը: Այսպիսով, ժամանակն է հստակեցնելու, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները և որն է Հայաստանի իրական քաղաքական ուղղվածությունը»:
    19:24
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննարկվել են անտառածածկ տարածքների պահպանման և ավելացման խնդիրները
    Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն առցանց հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ՊԳԿ ծրագրի համակարգող Ա․ Հայրապետյանը, Ռաթոնի, Տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատու Ն․ Ուինկլերը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սիմիդյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա նշել, որ նախարարի կարգավիճակում արդեն հասցրել է ծանոթանալ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և շրջակա միջավայրի նախարարության համագործակցության օրակարգին։ «Երկու կառույցների միջև առկա են արդյունավետ համագործակցության լայն շրջանակ և փոխգործակցության լավ նախադեպեր, ինչը նշանակում է, որ առաջիկայում ևս կարող ենք բավական հեռանկարային համագործակցություն իրականացնել»,- նշել է նախարարը և անդրադարձել մասնավորապես անտառածածկ տարածքների պահպանության, դրանց ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրների շուրջ համագործակցությանը։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ նախարարությունն իրականացնում է «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։ Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով անտառների կայուն կառավարում առնվազն 135800 հեկտար անտառների դեպքում և ածխածնի կլանման կարողության ավելացում առնվազն 18.8 մետրական տոննա ածխածնի չափով (20 տարի) և արտանետումների պակասեցում 200000 տոննա ածխածնի չափով (20 տարի)։ Թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում Լոռու մարզը և հարավում Սյունիքի մարզը՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ Ագրոանտառաբուծության ոլորտներում ներդրումների և կարողությունների զարգացման միջոցով ծրագիրը ջանքեր կգործադրի անտառային տարածքների ընդլայնման և ածխածնի քանակների նվազեցման ուղղությամբ՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը, նպաստելով անտառվերականգնմանը և անտառապատմանը, և, վերջապես, ներդնելով անտառների կայուն և կլիմային հարմարված կառավարման գործելակերպեր: Քննարկվել է նաև՝ «Հայաստանում հողերի դեգրադացման չեզոքացման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ հողերի կայուն կառավարման և դեգրադացված մարգագետինների վերականգնման միջոցով» ծրագիրը։ Նախարարը նշել է, որ դեգրադացված հողերի վերականգնումը կնպաստի ոչ միայն անտառածածկ տարածքների վերականգնմանը, այլ նաև ագրոէկոլոգիայի զարգացմանը։ Նախարար Հակոբ Սիմիդյանն անձամբ իր և շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել հետևողական լինել ծրագրերի անխափան ընթացքին և արդյունքներին միտված հանձնառություններին։ «Շրջակա միջավայրի նախարարությունը շահագրգռված է ծրագրերի տրամաբանական և արդյունավետ շարունակությամբ, դրանց իրականացման արդյունքում ոլորտում բազմաթիվ խնդիրներ լուծումներ կստանան՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն և դինամիկ զարգացման»,-նշել է նախարարը։
    19:22
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե Ադրբեջանը մաս կազմեց ԵԱՏՄ-ին, ապա ՀՀ-ի ողջ տարածքը վերածվելու է միջանցքի. քաղաքագետ
    Նախագահ Պուտինի հայտարարությունից հետո Հայաստանում ամենաքննարկվող հարցն այն է, թե ՀՀ-ն նույն կերպ չէ՞ր կարող ճանաչել Արցախի անկախությունը 44-օրյա պատերազմի ընթացքում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Լուգանսկի և Դոնբասի անկախությունը: «Երեսուն տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն ունեցել են հնարավորություն ճանաչելու Արցախի անկախությունը: Առաջինը՝ 1994 թ., որը ամենակարևոր ժամանակն էր, քանի որ Հայաստանը հաղթել էր Ադրբեջանին և այդ հաղթանակով լեգիտիմացրել էր Արցախի անկախության ճանաչումը: Երկրորդը՝ 2016 թ., թեև այդ ժամանակ իշխանությունն ասաց, որ, եթե շարունակվի պատերազմը, ապա իրենք կճանաչեն Արցախի անկախությունը: Իսկ երրորդը՝ 2020 թ.: Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորություն մենք ունեցել ենք, այլ խնդիր է՝ չենք ցանկացել: Իսկ երեկ Պուտինը «մաստերկլաս» ցույց տվեց, թե ինչ է պետք անել. ճանաչել անկախությունը, փոխօգնության պայմանագիր կնքել և համապատասխան գործողություններ իրականացնել, որպեսզի տեղի բնակչությունը չենթարկվի ցեղասպանության: Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե այս իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան, ի՞նչ հետևանքներ կունենան մեր տարածաշրջանի վրա: Ռուսական կողմը ճիշտ է ասում՝ անկախ նրանից՝ Ռուսաստանը կճանաչի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, թե ոչ, Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառեր Ռուսաստանի դեմ: Եվ եթե պատժամիջոցներն է կոշտ արձագանք, ապա Ռուսաստանը կշարունակի վարել այն քաղաքականությունը, ինչ վարում է ներկայում: Երեկ Պուտինը բառացիորեն ասում էր, որ խորհրդային հանրապետություններն ինչ կազմով, ինչ օժիտով մտել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ, ապա այդ օժիտը պետք է թողնեն: Մասնավորապես՝ նույն Ադրբեջանի մասով, եթե չլիներ ԽՍՀՄ-ը, ապա իրենք չէին ստանա Արցախը և Նախիջևանը»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը: Ըստ քաղաքագետի՝ ռուսական քաղաքականությունը նույն տրամաբանությամբ շարունակվելու է. երեկ մենք ականատես եղանք այդ քաղաքականության մի փոքր արարի: Արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունները կկարողանան այնպիսի քաղաքականություն վարել, որ ապագայում Ռուսաստանը ճանաչի Արցախի անկախությունը. Բ. Մաթևոսյանի կարծիքով՝ այս իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են Արցախից: Շուշիի թուրք-ադրբեջանական տխրահռչակ հռչակագիրը ցուց տվեց, որ այդ համաձայնագիրը եռակողմ էր. հայկական կողմը դրական գնահատեց՝ առանց հստակ քաղաքական գնահատականներ տալու: «Խոսել՝ հայկաական կողմը հետագայում քայլեր կանի՞, որ ռուսական կողմը ճանաչի Արցախի անկախությունը, ապա դա ֆանտաստիկայի ժանրից է: 44-օրյա պատերազմի ընթացում Ռուսաստանից գալիս էին ազդակներ, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, պետք է դիմել Ռուսաստանին, որ գա տարածաշրջան և հակաահաբեկչական գործողություններ իրականացնի: Ռուսական կողմը հստակ ուղերձներ էր հղել, բայց այս իշխանությունների նպատակը ոչ թե Արցախի անկախության ճանաչումն էր, այլ, ամեն գնով թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը: Այժմ ակնկալել, որ այս իշխանությունները պատերազմի ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չանելուց հետո ինչ որ քայլ կանեն, դա անհնար է: Ինչ վերաբերում է ռուս խաղապահներին, ապա այդ բոլոր քայլերը Ռուսաստանն է անում: Ստացվում է այնպես, որ, երբ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, Ալիևը առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով այցելում է Ռուսաստան: Ինքը չի ճանաչելու այդ հանրապետությունների անկախությունը, բայց Ռուսաստանը քայլեր է կատարում, որպեսզի Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաներ չլինեն»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը: Հիշեցնենք՝ այսօր ընթանում է Պուտին-Ալիև հանդիպումը, ըստ որի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագիր կստորագրվի: Իսկ թե ինչ բովանդակության հռչակագիր կստորագրեն կողմերը, ըստ քաղաքագետի՝ տարբերակներից մեկը այն է, որ Ադրբեջանը մաս կազմի ԵԱՏՄ-ին, ինչը կարող է ձևակերպվել «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության մեջ: «Եթե Ադրբեջանը մաս կազմի ԵԱՏՄ-ին, ապա «Զանգեզուրի միջանցքի»՝ առանց մաքսակետերի հսկության անցնելու խնդիրը կլուծվի: ԵԱՏՄ-ի շրջանակներում Ադրբեջանը կարող է ձևավորել «Զանգեզուրի միջանցք», որը կլինի ոչ թե Սյունիքով, այլ ՀՀ-ի ողջ տարածքով: Սա ոչ միայն ՀՀ-ի շահերին է դեմ, այլև այն քարոզչությանը, որ այս իշխանությունները տանում են: Հայաստանի շահերի հաշվին ինչ որ գործողություններ իրականացվելու են, բայց սա տրամաբանական է. եթե դու քեզ դրել ես ոչ թե սյուբեկտի, այլ օբյեկտի կարգավիճակում, ապա քո շահերի հաշվին Ռուսաստանն էլ իր խնդիրները կլուծի, Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ, հնարավորության դեպքում Իրանն էլ: Սա է իրականությունը: Մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում հիմնական խաղացողը Ռուսաստանն է, որը կարողանում է հողի վրա ամուր մնալ և առաջ տանել իր շահերն այլ երկրների շահերի հաշվին»,-եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը:
    19:20
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցություները դիմում են ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահներին
    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունները Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ հանդես են եկել կոչով. «Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև նվազող հարաբերությունների ֆոնին՝ ՀՀ վարչապետը ջերմ ընդունելություն է կազմակերպում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներին: Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների հետ, իսկ այսօր այդ պատգամավորները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետի ջերմ ընդունելության համար: Անհանգստացնող է այն հանգամանքը, որ որևէ տեղեկություն չկա այն մասին, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության և լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները՝ կապված անվտանգության, հայ գերիների վերադարձի, օկուպացված տարածքներում մշակութային արժեքների ոչնչացման և մարդու իրավունքների ոլորտում օր օրի վատթարացող հարցերը։ Ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր ենք համարում երկու հայկական պետությունների՝ միջխորհրդարանական հանձնաժողովի միջոցով օրենսդիր մարմինների համագործակցության օր առաջ վերսկսումը, որտեղ կքննարկվեն անվտանգային, Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին համաչափ ու համարժեք արձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու և բազմաթիվ այլ հրատապ հարցեր: Հաշվի առնելով մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները՝ կոչ ենք անում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Ազգային ժողովների նախագահներին հրատապ կազմակերպել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ»:
    19:16
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչպես են ադրբեջանցիները տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ մտնում Մարիոթ․ տեսանյութ
    Այսօր երեկոյան «Մարիոթ» հյուրանոցի դիմաց «Oragir.news»-ի տեսախցիկը ֆիքսել է Ադրբեջանի պատվիրակությանը, որը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ երկրների կազմում գտնվում է Հայաստանում։ Նրանք մոտ 10 թիկնապահների ուղեկցությամբ մտել են «Մարիոթ», ոստիկաններն այդ ընթացքում հսկում էին տարածքը, որ օձին իր թևով, հավքն էլ իր պորտով այդ տարածքով չանցներ։ Ոստիկանները կանգնեցրել են տարածքով անցնել ցանկացող քաղաքացիներին, նույնիսկ լրագրողներին՝ ասելով, որ պետք է 10 րոպե սպասեն, մինչև ադրբեջանցիները կմտնեն իրենց համարները։
    19:13
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Լիտվայի ոստիկանապետ Պոժելային
    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ոստիկանապետ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ այն նաև ամուր հիմք է ստեղծում տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափով սերտ համագործակցելու համար: Որպես փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ուղղություն՝ Համբարձում Մաթևոսյանն առանձնացրել է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները և այդ համատեքստում կարևորել լիտվացի գործընկերների փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ Փոխվարչապետը կարևորել է նաև այսօր ստորագրված «Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կընձեռնի ԵՄ միջազգային համագործակցության գործիքների օգտագործմամբ աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և հատկապես՝ նոր Պարեկային ծառայությանը: Լիտվայի ոստիկանապետ Ռենատաս Պոժելան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, կարևորել հուշագրի կնքմամբ իրավապահ երկու կառույցների միջև առկա հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելը և Հայաստանի հետ իրենց լավագույն փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել։
    19:10
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշացած հերքում․ Էդմոն Մարուքյան
    Ինչպես շատերդ կհիշեք, դեռևս 2020թ. ամռանը ես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Եղիազարյանի և Տարոն ՍԻմոնյանի հետ միասին, դիմել էինք դատարան ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ընկերության՝ հայցելով պարտավորեցնել ընկերությանը պատկանող «Առաջին լրատվական» (1in.am) կայքում տարածել նույն կայքում 2020թ. հունիսի 19-ին հրապարակված՝ ««Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս առանձնատանը» վերտառությամբ նյութի հերքումը: Ընդ որում՝ մինչ դատարան դիմելը հերքման պահանջը երկու անգամ ուղարկվել էր անմիջապես ընկերությանը, որն այդպես էլ չէր հերքել իր հրապարակած՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները։ Ավելին՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հերքում երկար ժամանակ չէր տարածվում, ինչի պատճառով ստիպված էինք դիմել հարկադիր կատարման ծառայություն։ Այսօր տեղեկացանք, որ հերքումը տարածվել է։ Սակայն պետք է նշեմ, որ այս տեսակի գործերով դատական պաշտպանության միջոցները փաստացի արդյունավետ չեն՝ նախևառաջ երկարատև ժամկետների պատճառով. օրինակ, այս դեպքում հերքված ապատեղակատվություն պարունակող հոդվածը, միևնույն է, իր գործը վաղուց արել է, և այսքան երկար ժամանակ անց, ունենալով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ և տարածված հերքում, միևնույն է՝ արդեն չենք կարող լիարժեքորեն այդ հերքումն իր նպատակին ծառայեցնել։
    19:00
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ջոնսոնը սահմանել է հակառուսական պատժամիջոցներ. Սառեցվել են Տիմչենկոյի և Ռոտենբերգների ակտիվները
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը նոր պատժամիջոցներ է սահմանում Մոսկվայի դեմ՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման պատճառով: Մասնավորապես, Բրիտանիան որոշել է սառեցնել ռուս գործարարներ Գենադի Տիմչենկոյի և Ռոտենբերգ եղբայրների ակտիվները։ Նրանց նաև կարգելվի մուտք գործել Մեծ Բրիտանիա։ Բրիտանիան սառեցնում է «Ռոսիա» բանկի, «Պրոմսվյազբանկ» ՓԲԸ-ի ակտիվները։ Պատժամիջոցներ կսահմանվեն նաև «Գենբանկ»-ի, Զարգացման և վերակառուցման Սևծովյան բանկի և Արդյունաբերական խնայողական բանկի դեմ։ Ենթադրվում է նրանց ակտիվների սառեցում: Միաժամանակ Բորիս Ջոնսոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի փնտրել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ​​լուծում։
    18:52
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լիակատար և անշրջելի կապիտուլյացիա․ Այլընտրանքային նախագծեր խումբ
    Շուշիի դեկլարացիայի վավերացմանը` Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններում, Հայաստանի ԱԺ-ն պարտավոր էր արձագանքել։ Սա պետական շահի տեսանկյունից միակ համարժեք քայլն էր։ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությունը հենց դա էր նախատեսում, և այն ամենևին ընդդիմության համար կամ անունից չէր։ Դա պետք է լիներ հայկական պետության արձագանքը իր շուրջ կատարվող ռիսկային պրոցեսներին։ ՔՊ-ն տապալեց գործը։ Սա սթրեսս-թեսթ էր այսօրվա մեր պետականության համար։ ՔՊ-ն տապալեց։ Սա իր հերթին նոր ռիսկ է։ Ցավոք, ամեն ինչ ընթացավ ստանդարտ ճանապարհով և ելքն էր ենթադրելի էր։ Պետական շահի տեսակետից անելով ճիշտ քայլ, շրջանառության մեջ դնելով ճիշտ փաստաթուղթ՝ տիտղոսային ընդդիմությունը չկարողացավ ապահովել հանրային հնչեղություն։ Հասարակության ուշադրությունը չհաջողվեց կենտրոնացնել հարցի վրա։ Սա չարված աշխատանքի արդյունք է։ Հանրային ճնշման բացակայության պայմաններում՝ խնդիրը մնաց աշխատասենյակի սահմաններում, և ՔՊ-ն քանակի գործոնով մերժեց։ Այդ սենյակում նրանք քանակապես շատ էին, քանակապես հաղթեցին, իսկ պետությունը ստացավ հերթական բովանդակային կորուստը։ Շարունակությունն էլ էր ստանդարտ. փաստի կայացումից հետո՝ ՔՊ-ին դատապարտող խրոխտ հայտարարությունների շարան։ Ինչ է, չգիտեի՞նք, որ այդպես է լինելու։ Եվ չգիտեի՞նք, արդյոք, որ այդպես չլինելու համար նախապես պետք էր հանրության հետ աշխատել։ Եկել է Ադրբեջանի քաղաքացու վրեժի ժամանա՞կը Նույն օրը հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հանդեպ։ Սա ազգային նվաստացման քայլերից մեկն է՝ ծանր, բայց ամենևին ոչ վերջինը։ Սա հնարավոր դարձավ Հայաստանի այսօրվա անկման պատճառով։ Այս իշխանությունը Հայաստանի համար այլ տեսլական և այլ հեռանկար չի պատկերացնում։ Չի բացառվում, որ պետական քարոզչամեքենան սկսի ողջունել Ադրբեջանի որոշումը, և քպ-ական պատգամավորները հիմնավորեն, որ խաղաղության դարաշրջանը զոհեր է պահանջում, և մենք այդ գինն էլ պետք է վճարենք։ Այս ռիսկի մասին Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը դեռևս ամռանը զգուշացրել էր՝ բառ առ բառ (տես՝ http://altprojects.am/?p=932&l=am/liakatar+ev+anshrjeli+kapitulyacia)։ Իսկ մենք վստա՞հ ենք , որ մեր հայտնի 680 հազարը կամ թեկուզ նրանց նոսրացած շարքերը կհասկանան, որ սա ազգային ստորացում է, և ճիշտ ռեակցիա կտա։ Հայաստանի նման ստորացումը, իհարկե, այս իշխանության հետևանքն է, բայց նաև հետևանքն է ընտրություններից առաջ տիտղոսային ընդդիմության թույլ տված մի շարք կոպիտ սխալների և հետընտրական անգործության։ Ալիևը՝ Մոսկվայում Մինչ Մոսկվան կանգնած է պատերազմի շեմին՝ Պուտինը ժամանակ է գտնում հանդիպել Ալիևի հետ՝ դաշնային փոխգործակցության պայմանագիր ստորագրելու նպատակով։ Հայաստանի իշխանությունը հասկանո՞ւմ է, թե սա ինչ է, իսկ ընդդիմությունը ժողովրդին բացատրու՞մ է, թե ուր է գնում պրոցեսը։ Մենք բոլորս ռեստարտի կարիք ունենք՝ վերաիմաստավորելու համար մեր քայլերը։ Մենք նոր բովանդակության կարիք ունենք՝ փոխելու համար ստորացման և պետականության կազմաքանդման այս ընթացքը։
    18:50
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում նոր ավտոբուսներ են գործում
    ետրվարի 20-ից Երևանի ներհամայնքային ավտոբուսային հհ. 28, 35 երթուղիները նախկին «Հայգեր»-ների փոխարեն սպասարկվում են «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Երևանի քաղաքապետարանից Yerkir.am-ին հայտնում են, որ երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար՝ 14 և 13 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով. Հ.28 երթուղի ՆՈՐ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 8-րդ զանգված - Մինսկի - Միկոյան - Մուրադյան փ.-ներ - Գայի պ. - Ռուբինյանց - Պ. Սևակի փ.-ներ - Ազատության - Կոմիտասի պ.-ներ - Կիևյան - Հալաբյան - Արզումանյան - Շինարարների - Աբելյան - Հալաբյան - Մարգարյան - Բաշինջաղյան - Մազմանյան փ.-ներ – Սիլիկյան նոր խճուղի –Նազարբեկյան թաղամաս – Չաուշի փ. – Աշտարակի խճ. – Հույսի ավան (վերջնականգառ): Հետադարձը` Աշտարակի խճ. – Չաուշի փ. –Նազարբեկյան թաղ. – Սիլիկյան նոր. խճ. –Մազմանյան փ., այնուհետև նույն ուղեգծով: Երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ՝ ներառելով Նազարբեկյան թաղամասը: Հ.35 երթուղի ՆՈՐ ՆՈՐՔԻ 4-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՀԱԹ. Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 4-րդ զանգված - Գյուլիքեխվյան - Գալշոյան - Միկոյան - Բ.Մուրադյան փ-ներ - Գայի - Մյասնիկյան պ.-ներ - Աբովյան պուր. - Աբովյան - Մոսկովյան փ.-ներ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ.-ներ - Կիևյան - Լենինգրադյան - Սեբաստիայի - Րաֆֆու - Զոր. Անդրանիկի - Օհանովի - Շերամի - Ա.Բաբաջանյան փ.-ներ (վերջնականգառ): Հետադարձը` նույն ուղեգծով։
    18:45
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի ու Ալիևի համատեղ ջանքը․ փետրվարի 21-ը՝ եռակի խայտառակության օր․ «7or.am»
    #Քաղաքական 22 02 2022 Փաշինյանի ու Ալիևի համատեղ ջանքը․ փետրվարի 21-ը՝ եռակի խայտառակության օր․ 7or.am Փաշինյանի ու Ալիևի համատեղ ջանքը․ փետրվարի 21-ը՝ եռակի խայտառակության օր․ 7or.am 7or.am-ը գրում է․Փետրվարի 21–ը հիրավի կարելի է Հայաստանի համար խայտառակության օր հռչակել։ Եռակի խայտառակության։ Գրեթե միաժամանակ տեղի ունեցան հետևյալ իրադարձությունները՝ 1․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրեց իր տեսակետը «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստին։ Նիկոլենք չմիացան այդ հայտարարությանը՝ դրանով իսկ միանալով Էրդողանի ու Ալիևի ստորագրությանը։ Ինչպես նկատեց հայտարարության նախագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ ՔՊ–ն տապալելով հայտարարության ընդունումը քվեարկում է ՀՀ անկախության հռչակագրի դեմ, կողմ է արտահայտվում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն, հրաժարվում է պետականորեն հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, պարտավորվում է մշտապես կռացած մնալ թուրք–ադրբեջանական զույգի առաջ։ Ի դեպ, ՔՊ կայացրած որոշումից րոպեներ անց ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին իրենց հիացական գնահատականները ներկայացնել Նիկոլի որոշման կապակցությամբ։ Նրանց արձագանքն այնքան օպերատիվ էր, որ տպավորություն է ստեղծվում՝ ադրբեջանցիք նախապես գիտեին նիկոլենց որոշման մասին ու ողջույնի տեքստերը նախապես պատրաստել էին։ 2. Նիկոլ Փաշինյանն ընդունեց Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորներին։ Ըստ արարողակարգի՝ նա պարտավոր չէր նրանց ընդունել, քանզի կարգավիճակների էական տարբերություն կար, սակայն Նիկոլը հատուկ ընդունում է Ալիևի պատգամավորներին, որպեսզի ցույց տա՝ ինչ աստիճանի «խաղաղասերի» մեկն է, այն է՝ կռացած է Ադրբեջանի առաջ։ Նա այդպիսով քծնում էր Ալիևին։ Ի դեպ, ՔՊ–ական պատգամավոր և ադրբեջանասիրությամբ աչքի ընկնող Մարիա Կարապետյանի աչքերը փայլում էին ադրբեջանական պատգամավորների ներկայության փաստից։ 3․ ՔՊ–ն Հայաստանում մերժում էր «Շուշիի հռչակագրի» դեմ բերված ընդդիմության հայտարարությունը և հյուրասիրում ադրբեջանցի պատգամավորներին, իսկ Ադրբեջանում քրեական գործ էին հարցում ու հետախուզում հայտարարում ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների դեմ։ Ասել է թե՝ Ալիևն ու Փաշինյանն ամեն մեկն իր տեղում և իր ձևով հետապնդում են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Վերջիններիս Ադրբեջանում մեղադրում են Ղարաբաղում ռազմական գործողություններ անելու համար, այլ կերպ ասած՝ ղարաբաղն ազատագրելու համար։ Ի դեպ, Ադրբեջանում ՀՀ 1–ին նախագահի հետ խնդիր չունեն ու նրան չեն մեղադրում Ղարաբաղի թեմայով, թեև եթե նրա դեմ քրգործ հարուցեին ու հետախուզում հայտարարեին, նույն ձևով պետք էր քննադատել ու թքել Ալիևի երեսին (Նիկոլին չհաշված) այնպես, ինչպես 2–րդ և 3–րդ նախագահների հետապնդման դեպքում ենք անում։ Ահա այս երեք իրադարձություններն են, որ խայտառակության օր են դարձնում փետրվարի 21–ը։ Փաշինյանն ու Ալիևն այնքան սինքրոնացված ու համաձայնեցված են գործում, որ այլևս հնարավոր չէ թաքցնել նրանց գործողությունների և ջանքերի միասնական պլանավորումը։ Այս խայտառակությունն անընդհատ լինելու է, քանի դեռ Նիկոլն է Հայաստանում իշխանության։
    18:35
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն պետք է պատժամիջոց սահմանի անձամբ Պուտինի դեմ․ ինչպե՞ս է աշխարհն արձագանքում Կրեմլի որոշմանը
    Միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնորոշման ու անկախության ճանաչման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին որոշումներին։ Ձեզ ենք ներկայացնում վերջին զարգացումների մասին որոշ թարմ տեղեկություններ։ Այսպես՝ *Մեծ յոթնյակ (G7) ԱԳ նախարարներն այսօր ծրագրել են արտակարգ հեռավար հանդիպում անցկացնել, որի շրջանակներում մտադիր են քննարկել Ուկրաինայում տիրող դրությունն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը։ *Հունգարիան հայտարարել է երկրի արևելյան հատվածում զորքերի վերատեղակայման մասին՝ ուկրաինական ճգնաժամի համապատկերում։ Այդ երկրի իշխանությունները կարծում են, որ պետք է պատրաստ լինել փախստականների հնարավոր հոսքին։ *Politico պարբերականի տվյալներով՝ ԵՄ-ում պայմանավորվել են չճանաչել ՌԴ անձնագրերը, որոնք տրվել են կամ տրվելու են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչներին։
    18:28
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի քաղաքացիների համար Վրաստան մուտքի կանոնները փոխվել են․ դեսպանատունը պարզաբանում է
    Մարտի 1-ից կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ (երկու դոզայով) պատվաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործելիս կազատվեն PCR թեստ ներկայացնելու պահանջից, ինչպես նաև երրորդ օրը PCR թեստ ևս չեն հանձնի։ Այս մասին «Ալիք Մեդիային» հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, փոխանցում է Aliq.ge-ն։ Դեսպանության տվյալներով՝ պատվաստման սերտիֆիկատ չունեցող ՀՀ քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահման հասնելիս պարտավոր են ներկայացնել PCR թեսթի բացասական պատասխան։ Ըստ տվյալների՝ ՊՇՌ թեստի պահանջից ազատվում են նաև Հայաստանում պատվաստված Վրաստանի քաղաքացիները։ Ընդգծենք, որ այս պահին Վրաստանի ցամաքային ճանապարհով Ռուսաստան մուտք գործել դեռևս հնարավոր չէ։
    18:25
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արվում է ամեն ինչ, որ մեր հայրենակիցներն օր առաջ վերադառնան տուն ․ Նազելի Բաղդասարյան
    Իր պաշտոնավարման 100 օրը ամփոփելու ընթացքում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը խոսել է Ադրբեջանում գտնվող շիրակցի գերիների խնդրի մասին՝ նշելով, որ գերեվարված 62 տղաներից 32-ն արդեն վերադարձել են: 30-ը դեռ Ադրբեջանում են, և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նա ասաց նաև, որ գերության մեջ գտնվողներ տղաները իրենց ընտանիքների հետ ունեն նամակագրական ու հեռախոսային կապ, երբեմն նաև Կարմիր խաչի միջազգային ընկերության կողմից ապահովվում է տեսակապ, իսկ նրանց ծնողների հետ ինքն հանդիպում է ամեն օր մարզպետարանում: «Արվում է հնարավոր ամեն ինչ, որ մեր հայրենակիցներն օր առաջ վերադառնան տուն»,- եզրափակեց մարզպետը։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/22/32680
    18:20
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Հրետանային ստորաբաժանումներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ
    N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում փետրվարի 22-ին հայտարարվել է ուսումնական տագնապ: Ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, անձնակազմը, համապատասխան հանդերձանքով ու սպառազինությամբ, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունն ու ներդաշնակման մակարդակը։
    18:10
    22.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանցի պատվիրակը՝ ՀՀ վարչապետի նստավայրում
    Երկուշաբթի երեկոյան կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը:
    18:08
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Չեմ տեսնում այդ «խաղաղության դարաշրջանը»․ Արցախի նախագահը հակադրվու՞մ է ՀՀ իշխանություններին
    Չեմ տեսնում այդ «խաղաղության դարաշրջանը»․ Արցախի նախագահը հակադրվու՞մ է ՀՀ իշխանություններին
    17:57
    22.02.22
    Ավելին