Լրահոս

2022-06-24
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը կոնկրետ առաջարկներ ունի հայ-ադրբեջանական սահմանների գծման հարցով. Լավրով
    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կոնկրետ առաջարկներ ունի հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով: Այս հայտարարությունը նա արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով նաև, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել նաև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով հանձնաժաղովների աշխատանքներին:
    14:05
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
    Հունիսի 22-24-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան և Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Սիսիան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
    14:00
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ԱՀԿ ղեկավարը հայտնել է աշխարհում կապկի ծաղկի հաստատված դեպքերի թիվը
    RIA Novosti-ի փոխանցմամբ՝ աշխարհում կապկի ծաղիկ հիվանդության հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 3200-ը: Հիվանդության դեպքեր են արձանագրվել 48 երկրներում: Առ այսօր հայտնի է այս հիվանդությունից մահվան մեկ դեպքի մասին:  ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ այն երկրներում, որտեղ հիվանդությունը հայտնաբերվել է վերջերս, վարակման դեպքերը նկատվում են հիմնականում հոմոսեքսուալ կապեր ունեցող տղամարդկանց շրջանում:
    13:55
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանն ակնկալում է ՌԴ գործուն ջանքերը Կովկասում կայուն խաղաղության կայացման գործում. Ալիևը՝ Լավրովին
    Բաքվում հունիսի 23-ի երեկոյան կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Azertac» լրատվական գործակալությունը: Զրույցի ընթացքում Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ նպաստել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված երեք՝ 2020 թվականի նոյեմբերի 9, 2021 թվականի հունվարի 11 և նոյեմբերի 26-ի փաստաթղթերի իրագործմանը։ «Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատմամբ, որոշակի առաջընթաց ունի։ Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն հարցերը, որոնք պետք է համաձայնեցվեն։ Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը։ Ռուսաստանը կաջակցի այդ աշխատանքին մինչև արդյունքի հասնելը։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով»,-ասել է Լավրովը: Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել Ադրբեջանում և Հայաստանում ստեղծված սահմանների սահմանազատման և սահմանագծման երկու հանձնաժողովների աշխատանքների մասով։ «Այս հարցում կան կոնկրետ առաջարկներ, ես ուրախ կլինեմ դրանք քննարկել ձեզ հետ», - հավելել է նա: Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, ապագա փաստաթղթի դրույթների վերաբերյալ ևս նշել է ՌԴ-ի կողմից աջակցության պատրաստակամությունը: «Դուք լսել եք այս թեմայով բանակցելու հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը: Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ»,-ասել է Լավրովը: Իլհամ Ալիևը, խոսելով Հայաստանի հետ առկա խնդիրների կարգավորման գործընթացի մասին, ընդգծել է, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում ուղղված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ «Վստահ եմ, որ այն ջանքերը, որ մենք գործադրում ենք, դրականորեն կընդունվեն նաև հայկական կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի։ Դրական կողմերից ցանկանում եմ նշել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Սանկտ Պետերբուրգում նոր հանդիպում է կայացել»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե հաղորդակցությունների բացման և ադրբեջանական բեռների և քաղաքացիների համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել մուտք ապահովելու ուղղությամբ 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի կատարման գործնական քայլեր են պետք: «Ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման մեր հայեցակարգի շրջանակներում, կարծում եմ, որ հնարավոր կլինի գտնել շատ գործնական քայլեր, որոնք կնպաստեն դրան, և մենք, իհարկե, ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության գործուն ջանքերը Կովկասում կայուն խաղաղության կայացման գործում»,-ասել է Ալիևը:
    13:50
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանի կիրճից դեպի Կենտրոն վարչական շրջան տանող ճանապարհահատվածը բաց է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Երևանի Հրազդանի կիրճից (Կիևյան կամրջի ներքևի հատվածը) դեպի Կենտրոն վարչական շրջան տանող ճանապարհահատվածը բաց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    13:45
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մադրիդում տեղի կունենա հականատոյական «հանուն խաղաղության գագաթնաժողով»
    «Հանուն խաղաղության գագաթնաժողովը», որի մասնակիցները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի դեմ, հունիսի 24-ին կմեկնարկի Իսպանիայի մայրաքաղաքում՝ հունիսի 28 – 30-ը Մադրիդում դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիման նախօրեին: Այդ մասին Twitter-ում հայտնել են միջոցառման կազմակերպիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնավորապես, երկօրյա «հանուն խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում նախատեսված են տարբեր փորձագետների, պրոֆեսորների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներ: Կիրակի օրը կեսօրին Մադրիդում կկայանա բողոքի խոշոր ակցիա, որի մասնակիցները հանդես կգան ՆԱՏՕ-ի դեմ: Դաշինքի հակագագաթնաժողովի կազմակերպիչներից մեկը «Զինաթափիր Մադրիդ» (Desarma Madrid) հասարակական պացիֆիստական շարժումն Է: Դրա ներկայացուցիչ Էնրիկե Կինտանիլյան ավելի վաղ ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի գործողություններն աշխարհում ոչ թե նպաստում են միջազգային անվտանգության ամրապնդմանն, այլ «ավելի շատ են պատերազմ բերում»: Նա հանդես Է եկել այն բանի դեմ, որ Մադրիդն ընդունի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը: Կինտանիլյան նաեւ հավանություն չի տվել Իսպանիայի պաշտպանական ծախսերի ավելացմանը մնչեւ համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը, քանի որ դա կհանգեցնի սոցիալական կարիքների համար ծախսերի կրճատման: ՆԱՏՕ-ի հանդիպումը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով կկայանա հունիսի 28 – 30-ը Մադրիդում: Դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդման եւ անվտանգության ոլորտի համար կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքների հարցերը:
    13:40
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բավարիա»
    AS-ի տեղեկացմամբ՝ Ռոնալդուն այլևս հանդես չի գա «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ այդ թիմում տիտղեսներ նվաճելու շանսեր չկան: Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։ Ըստ աղբյուրի՝ 37-ամյա հարձակվողին ուզում է ձեռք բերել «Բավարիան»։
    13:35
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արսեն Զախարյանը ճանաչվել է ՌՊԼ անցած մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող
    ՌՖՄ պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին ճանաչել է Ռուսաստանի 2021/2022 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։ Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյի» սան է։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ 2021/2022 մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 34 խաղի, դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
    13:30
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բաց նամակ Կենտրոնական Բանկին, Էկոնոմիկայի նախարարությանն ու Ֆինանսների նախարարությանը
    «Մանթաշյանց» գործարարների, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունները, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» և «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիա հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի ու Ֆինանսների նախարարություններին։ «Դրամի արժևորումը, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում, հսկայական բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա։ Դրամի արժևորումը հատկապես բացասաբար է անդրադառնում արտահանող և արտահանման հետ կապ ունեցող ոլորտների ընկերությունների վրա՝ բարդացնելով նրանց վաճառքները, երբեմն նաև դրսի շուկաների համար դարձնելով անմրցունակ։ Տուժում են տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները, որոնք արդեն այս պահին ստիպված են իրենց ծառայությունների գները բարձրացնել մոտ 20 տոկոսով, ինչը անխուսափելիորեն կթուլացնի մրցակցային դիրքերը արտերկրի շուկաներում և կհանգեցնի հաճախորդների կորստի։ Տուժում են գինի, կոնյակ, հյութեր ու գյուղատնտեսական այլ ապրանքներ արտահանող հայկական այն ընկերությունները, որոնք շուկայի դիվերսիֆիկացիայից ելնելով ռուսական շուկաներից բացի վաճառքներ են իրականացնում ԱՄՆ-ի, եվրոպական և ասիական շուկաներում։ Շատ ընկերություններ գնորդներին չկորցնելու համար իրենց ապրանքները՝ կարճաժամկետ հատվածում, վաճառում են ինքնարժեքով կամ նույնիսկ ինքնարժեքից ցածր, ինչը, հասկանալի պատճառներով, երկար չի կարող շարունակվել։ Որոշ ընկերություններ առժամանակ դադարեցրել են արտահանումները՝ արտարժույթի շուկայում դրամի տարեսկզբի փոխարժեքին վերադառնալու ակնկալիքով։ Գյուղմթերք արտահանող բազմաթիվ ընկերություններ այժմ երկու ճանապարհ ունեն. կամ պետք է բարձրացնեն իրենց ապրանքների գները և երկարաժամկետ հատվածում դուրս մնան մրցակցությունից, կամ էլ պետք է փորձեն գյուղացիներից կամ փոքր ֆերմերային տնտեսություններից ավելի մատչելի մթերել գյուղմթերքը, ինչը կարող է հանգեցնել դժգոհության, կամ անիրատեսական լինել։ Դրամի նման տեմպերով արժևորումը բացասական է ազդում նաև զբոսաշրջության, կառուցապատման ոլորտի ընկերությունների վրա, ինչպես նաև թանկացնում է ապրանքների լոգիստիկան՝ ազդելով Հայաստանից իրականացվող միջազգային բեռնափոխադրումների գների վրա։ Կառուցապատման ոլորտում ինքնարժեքը հաշվարկվում է դոլար-դրամ կուրսի համեմատականի հիման վրա, ինչի պատճառով հիմա արդեն շատ ընկերություններ դադարեցրել են անշարժ գույքի վաճառքները, քանի որ դոլարի արժեզրկման արդյունքում այլևս փոխվել է կառուցապատման ինքնարժեքը, հատկապես շինարարական նյութերի մեծ թանկացումների ենթատեքստում։ Բացասական ազդեցությունից չի խուսափում նաև Հայաստանի ներդրումային ոլորտը, քանի որ նույն արդյունքին հասնելու համար արդեն պետք է 20 տոկոսով ավելի շատ արտարժույթային ներդրումներ անել, ինչը երկարաժամկետ մեծ տնտեսական վնասներ է առաջացնելու։ Վստահ ենք, որ տարեսկզբին ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտներից և ոչ մեկն իր տարեկան բյուջեում չի նախատեսել դրամի նման արժևորում, և շատերը չունեն բավարար պահուստներ առաջացած վնասները փոխհատուցելու համար։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Կենտրոնական Բանկին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ Ֆինանսների նախարարությանը կոչ ենք անում շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժևորումը դադարեցնելու և դրամը տարեսկզբյան փոխարժեքին մոտ վերականգնելու համար, կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել, որոնք դոլարի արժևորման կուրսին համապատասխան փոխհատուցում կհատկացնեն ՀՀ արտահանողներին։ «Մանթաշյանց» գործարարների միություն (180 խոշոր և միջին գործարար) Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (մոտ 100 ՏՏ ընկերություն) «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ (միավորում է ավելի քան երեք տասնյակ անդամ կառուցապատող ընկերություն) «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ (հարթակ, որը միավորում է մոտ 8000 անդամ)»,-նշված է նամակում։
    13:25
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կինը դանակահարել է ամուսնուն՝ բուքմեյքերական ընկերության կողմից ստացած հաղորդագրության համար
    Տ. Մ.-ն 2022 թվականի ապրիլի 1-ին տանը նկատել է, որ ամուսնու բջջային հեռախոսին «Տոտոգեյմինգ» բուքմեյքերական կայքից կարճ հաղորդագրություն է եկել, որից հետո սկսել է վիճաբանել վերջինիս հետ՝ առցանց եղանակով խաղամոլությամբ զբաղվելու հարցի շուրջ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Ամուսնուն մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ Տ. Մ.-ն խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին: Հարվածների արդյունքում տղամարդը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում՝ ուղեկցված ձախ թոքի վնասմամբ, ձախակողմյան հեմոպնևմոթարաքսի ձևով: Գործը դատարան է ստացվել 2022 թվականի հունիսի 15-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին: Տ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
    13:20
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում
    Վաղը՝ հունիսի 25-ին, հրավիրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։ Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին՝ իմանալու՝ մասնակցելո՞ւ է երկրորդ նախագահը հոգաբարձուների խորհրդի նիստին, քանի որ հանդիսանում է խորհրդի անդամ։ Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»:
    13:15
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այդ հարցի վերաբերյալ Արցախում կա հստակ կոնսենսուս. Արամ Վարդևանյան
    «Դիմադրություն» շարժումն անցնում է այլ փուլի, որի շրջանակներում դիմադրության օջախներ են ձևավորվելու ՀՀ ամբողջ տարածքում և Արցախում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով երեկ է վերադարձել Արցախի Հանրապետությունից: «Ըստ էության, նման բնույթի այցեր ավելի հաճախ եք տեսնելու, սա կարելի է ասել՝ առաջնային նպատակներից մեկն էր: Երկրորդ նպատակն Արցախում տրամադրություններ զգալն էր, իրական շփումների միջոցով հանրային, հասարակական, քաղաքական տրամադրությունները զգալը: Նաև «Դիմադրություն» շարժման ելակետերից մեկն այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախի հարցի շուրջ նշաձողերի իջեցում երբեք չի կարող ընդունելի լինել. այդ հարցի վերաբերյալ Արցախում կա հստակ կոնսենսուս: Այնտեղ կան իշխանական և ընդդիմադիր խմբակցություններ, որոնց բոլորի հետ մենք հանդիպել ենք և այդ հարցի վերաբերյալ այլ կարծիք չկա ու շատ կարևոր է, որ այդքանը նաև օրվա իշխանությունները գիտակցեն»: Արամ Վարդևանյանը նաև հավելեց, որ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները չափազանց ոգևորված են «Դիմադրություն» շարժմամբ և այն հայտարարություններով, ելակետերով, որոնք շարժումն արձանագրել է. «Այս անգամ մեր այցը տարբերվում էր նախորդներից, որովհետև մենք եղել ենք ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև բոլոր շրջաններում և շատ կարևոր հանդիպումներ ունեցել: Չափազանց կարևորում եմ պաշտոնաթող նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյաի հետ մեր հանդիպումը: Հանդիպումներ ենք ունեցել նաև մեր արցախցի հայրենակիցների հետ և շատ ազնիվ զրույցներ ունեցե: Բոլորն արձանագրում էին, որ նոյեմբերի 9-ի ողբերգությունից հետո առաջին անգամ Արցախում տեղի ունեցավ հանրահավաք, և շատ մեծ էր նրանց զայրույթը, որ այն պաշտոնյաներից մեկը որակել էր համերգ կամ հավաք»: Ինչ վերաբերում է հանրահավաքներին ու երթերին, Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ իրենց մարզային և արցախյան ակտիվ այցերից Երևանում իրականացվող ակցիաները չեն տուժելու, դրանք իրականացվելու են զուգահեռաբար: «Արցախի Հանրապետություն, ինչպես նաև մարզեր, քաղաքներ, գյուղեր լինելու ենք շատ ավելի հաճախ, շատ ավելի կազմակերպված ձևով, որովհետև պետք է լինելն դիմադրության օջախներ ամբողջ Հանրապետությունում: Մենք լինելու ենք այլ տեղերում, բայց դրանից հավաքները չեն տուժելու, այսինքն ի հաշիվ հավաքների, ակցիաների դա չի արվելու, բոլորն էլ զուգահեռաբար լինելու են»:
    13:10
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է «Ընթերցողի արձանի» լատունե գրքի և Տիկնիկային թատրոնի երկաթե զանգի գողությունը
    Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հունիսի 20-ին ահազանգել էր՝ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են լատունից պատրաստված գիրքը: Դեպքը կատարվել էր վերջին չորս օրվա ընթացքում, պարզապես այդ օրն էին նկատել գրքի բացակայությունը: Նույն օրերին նմանատիպ մեկ այլ գողություն էլ Սայաթ-Նովայի պողոտայում էր եղել: Գողացել էին Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված երկաթե զանգը: Կենտրոնականի քրեական հետախույզները, համագործակցելով Արաբկիրի գործընկերների հետ, պարզել են, որ գողություններն արել է Վեդի քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների արդյունքում, հունիսի 23-ի ցերեկը, նա հայտնաբերվել է Երևանի Ազատության հրապարակում և բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վեդիի բնակչի հետ գողություններին մասնակցել էր հաշվառման վայր չունեցող 38-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա ևս հայտնաբերվել է Երևանի Տիտոգրադյան փողոցում, բերման ենթարկվել և տվել բացատրություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
    13:05
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ առաջնորդները հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն
    ԵՄ անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը՝ Միշելը նշել է, որ պատրաստ են երկրին թեկնածուի կարգավիճակ տրամադրել այն դեպքում, երբ Թբիլիսին կկատարի մի շարք պայմաններ։ Ուկրաինային Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տալը չի ​​նշանակում համաեվրոպական ասոցիացիան ներքաշել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ՝ հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոսն էլ Ուկրաինային և Մոլդովային Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելը խորհրդանշական է համարել: Այս մասին հայտարարել է, փոխանցում է РИА Новости-ն։ «Սա կարևոր խորհրդանշական ազդանշան է, բայց պարզ է, որ երկու պետության համար դա կլինի երկար ճանապարհ՝ հսկայական բարեփոխումներով, որոնք շատ ժամանակ կպահանջեն»,- ասել է քաղաքական գործիչը։ Եթե Ուկրաինան գոհ է ԵՄ նախաձեռնությունից, ապա Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան հիասթափված են: Թեկնածուի կարգավիճակ ունեցող այս երկու պետությունն այդպես էլ չեն կարողանում դառնալ Եվրամիության լիարժեք անդամ՝ Բուլղարիայի վետոյի պատճառով: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Ուկրաինային խորհուրդ է տվել ԵՄ-ին արագ մուտք գործելու պատրանքները չփայփայել: «Հյուսիսային Մակեդոնիան 17 տարի է, ինչ թեկնածու է, Ալբանիան՝ 9»,- հիշեցրել է վարչապետը։
    13:00
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի հունիսի 27-ին մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:
    12:55
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Ավտովթար՝ Երևանում. բախվել են ՎԱԶ 2121-ն ու Volkswagen-ը, Նիվան գլխիվայր շրջվել է
    Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և վրացական համարանիշներով Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/24/1216391/
    12:50
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մետրոպոլիտենի ոստիկաններն ապօրինի պահվող ատրճանակ են հայտնաբերել
    Հունիսի 23-ին ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախասրահից, զենք, զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց թույլտվության գազային թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով: Նշանակվել է դատատեխնիկական և դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
    12:45
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջեւանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սա այն դպրոցն է, որտեղ սովորել է Նիկոլ Փաշինյանը: Մեզ ասացին, որ Ամիրյանը բարձրագույն կրթություն չունի, 2000-ականների կեսերին ընդամենը ինչ-որ տեխնիկում է ավարտել, այն էլ` այժմյան ոստիկանապետ Վահե Ղազարյանի մոր հորդորով, որն այդ տարիներին Իջեւանի թիվ մեկ դպրոցի տնօրենն է եղել: Շուրջ տասն օր մենք փորձում էինք Իջեւանի քաղաքապետարանից պաշտոնապես ճշտել՝ Սարմեն Ամիրյանն ունի՞ բարձրագույն կրթություն, թե՞ ոչ, եւ եթե չունի՝ ինչպե՞ս է տնօրենի պաշտոնակատար նշանակվել։ Սակայն այդ տասն օրվա ընթացքում այդպես էլ որեւէ հերքող կամ հաստատող պատասխան չստացանք, ինչից կարելի է ենթադրել, որ տնօրենի ԺՊ-ն իսկապես կրթություն չունի, հակառակ դեպքում քաղաքապետարանին ուղղված պարզ հարցին ի պատասխան կարող էին ասել՝ այո, ունի կրթություն, եւ հարցը փակել` նշելով, թե որ բուհն է ավարտել Սարմեն Ամիրյանը: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ով է Սարմեն Ամիրյանը եւ ինչպես է նշանակվել սպորտդպրոցի տնօրենի ԺՊ: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Իջեւանի սպորտդպրոցը ՊՈԱԿ է, ունի համայնքային պատկանելություն, ես այդ դպրոցից որեւէ տեղեկություն չունեմ, ես չեմ նշանակել նրան»: Այն հարցին, թե կրթություն չունեցող մարդուն դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելն անօրինական չէ՞ արդյոք, մեր զրուցակիցը նշեց. «Այո, այո, տնօրենն էլ, տնօրենի ԺՊ-ն էլ պետք է բարձրագույն կրթություն ունենան: Բարձրագույն կրթությունը նրանց պարագայում պարտադիր է, եթե մարդը չունի կրթություն, չպետք է տնօրեն նշանակել»:
    12:40
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-ի հարձակվողը միացել է «Արարատ-Արմենիա»-ին
    Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել պորտուգալացի 33-ամյա հարձակվող Ուգո Ֆիրմինոն: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ֆիրմինոն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենի պորտուգալական ակումբներում («Տորինսե», «Էնկարնասենսե», «Օդիվելաշ», «Պորտոսանտենսե», «Մոուրա», «Օրիենտալ», «Ունիաո Մադեյրա», «Ժիլ Վիսենտե», «Կովա Պիեդադե», «Էշտորիլ Պրայա»), ինչպես նաև՝անգոլական, ռումինական և կիպրոսյան մի շարք ակումբներում: Ֆիրմինոյի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր, որի կազմում պորտուգալացի հարձակվողը դարձել է Հայաստանի պրեմիեր լիգայի (ՀՊԼ) 2021/22 մրցաշրջանի չեմպիոն՝ մասնակցելով 30 հանդիպման ու դառնալով 16 գոլի հեղինակ:
    12:35
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի կենտրոնում 20-ամյա աղջիկը երիտասարդ կնոջ է դանակահարել
    Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` դեպքը եղել է հունիսի 23-ին` մոտավորապես ժամը 01։10-ին։ Հիվանդանոցից ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ կին։ Ոստիկանները պարզել են, որ թունելի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը դանակահարել է 20-ամյա մի աղջիկ։ Քրեական հետախույզները ժամը 06։00-ին Թեյշեբաինի փողոցում հայտնաբերել և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել աղջկան։ Վերջինս խոստովանական բացատրություն է տվել։ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 20-ամյա աղջիկը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
    12:30
    24.06.22
    Ավելին