Լրահոս

2022-07-11
  • Քաղաքական
    Ծառուկյանը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը. ԿԳՄՍՆ-ն կոշտեցնում է դիրքորոշումը
    Շաբաթ օրը լրագրողի հարցին, թե Ծառուկյանը շարունակու՞մ է պահանջել Փաշինյանի հրաժարականը` Ծառուկյանը պատասխանել էր. «Ինչ-որ ես պահանջում էի, ոչինչ չի փոխվել»: ԿԳՄՍՆ կոշտ հայտարարությունը Ծառուկյանի այս դիրքորոշման հետ կապ ունի՞: Նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում բացառել է կապի հավանականությունը:
    16:17
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սոչիում գետը դուրս է եկել ափերից, ջրհեղեղը մեքենաներ է քշել ծով․ ՏԵՍԱՆՅՈԻԹ
    «Известия» պարբերականը հայտնում է, որ Սոչիում Արևելյան Դագոմիս գետը դուրս է եկել ափերից և հեղեղել փողոցները։  Հեղեղվել են բարձրահարկ շենքերի բակերը, ջուրը լցվել է մուտքեր։ Նախօրեին Սոչիին փոթորիկ էր հարվածել։ Հեղեղները սելավներ են առաջացրել, տասնյակ շենքեր հեղեղվել են։ Ջրհեղեղն առնվազն 2 մեքենա՝ 8 մարդկանցով, քշել-տարել է ծով։ Նրանցից 1 մարդ փրկվել է։ Մյուսների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
    16:11
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պայմանավորվածությունները պետք է շուտ կյանքի կոչվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
    16:09
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը: Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Զրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Յաիր Լապիդին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերջինս էլ իր հերթին Էրդողանին շնորհավորել է Քուրբան բայրամի կապակցությամբ:
    16:05
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ԳԹԿ-ն հրապարակել է միասնական քննությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները
    Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 67 դիմորդ, միջին միավորն է 9.1, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 20-ը, 18-20 միավոր է ստացել 2 դիմորդ։ «Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 22 դիմորդ, միջին միավորն է 8.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 12-ը, 18-20 միավոր է ստացել 4 դիմորդ։ «Մաթեմատիկա» առարկայի քննությանը մասնակցել է 114 դիմորդ, միջին միավորն է 7.4, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 59-ը, 18-20 միավոր է ստացել 3 դիմորդ։ «Անգլերեն» առարկայի քննությանը մասնակցել է 75 դիմորդ, միջին միավորն է 9.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 22-ը, 18-20 միավոր է ստացել 1 դիմորդ։ «Ֆրանսերեն» առարկայի քննությանը մասնակցել է 2 դիմորդ, միջին միավորն է 8.3, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։ «Գերմաներեն» առարկայի քննությանը մասնակցել է 1 դիմորդ, միջին միավորն է 9.75։ «Ռուսաց լեզու» առարկայի քննությանը մասնակցել է 15 դիմորդ, միջին միավորն է 7.1, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 8-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցել է 2 դիմորդ, միջին միավորն է 7.75, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։ «Կենսաբանություն» առարկայի քննությանը մասնակցել է 59 դիմորդ, միջին միավորն է 7.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 34-ը, 18-20 միավոր է ստացել 1 դիմորդ։ «Քիմիա» առարկայի քննությանը մասնակցել է 47 դիմորդ, միջին միավորն է 9.6, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 22-ը, 18-20 միավոր է ստացել 4 դիմորդ։ «Ֆիզիկա» առարկայի քննությանը մասնակցել է 59 դիմորդ, միջին միավորն է 4.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 49-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։
    15:58
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծաղկաձորում 48-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, Ծաղկաձոր քաղաքի բնակչին (ծնված 1974թ.) բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում, Հրազդանի ԲԿ ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 10-ին ժամը 21:00-ին: Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում գտնվող տներից մեկի մոտ: Դիակի զննությամբ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ, դեպքի վայրի զննությամբ՝ կրակված պարկուճներ և արնանման հետքեր: Ձեռնարկվում են միջոցառումներ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    15:52
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Երկարաձգվել է ավարտական փաստաթղթերը «Dimord.am» կայքում մուտքագրելու ժամկետը
    Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի` բարձրագույն ուսումնական հաստատությունների այս տարվա դիմորդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը dimord.am կայքում կարող եք մուտքագրել մինչև սույն թվականի հուլիսի 14-ը` ժամը 23:59-ը ներառյալ։ Հանրակրթական ավարտական փաստաթղթի սերիայի և համարի փոխարեն դիմորդները կարող են լրացնել 4-ից 6 հատ զրո։
    15:46
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ խորհուրդը ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար դիմելու է ՍԴ
    Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին դիմելու է ՍԴ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։ Ցանկում ընդգրկված են 33 պատգամավոր, չկա միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։
    15:40
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ
    Հուլիսի 11-ին N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցները և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
    15:36
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը զգուշացնում է զերծ մնալ պետական դավաճանության հանգեցնող գործողություններից. քրեաիրավական հետևանքները լինելու են կոշտ
    ​ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի աղետալի հետևանքներին այս կամ այն չափով հանգեցնելուն վերաբերող, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱրՀ պաշտպանունակության դեմ պետական դավաճանության դեպքերով իրականացվող քննության ընթացիկ վիճակը: Պետական դավաճանության վերաբերյալ քննված և քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիները հայտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ուշադրության կենտրոնում, նյութական օգուտների դիմաց ընդունել են հատուկ ծառայությունների աշխատակիցների առաջարկը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների, զինտեխնիկայի տեղակայումների, դրանց տեսակների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ: Արդյունքում, պատերազմի ընթացքում հակառակորդը կարողացել է հայկական ԶՈՒ-երի ռեսուրսների ճշգրիտ հաշվարկներ կատարել, հստակեցնել հայկական ԶՈՒ-երի առանձին ուժերի և միջոցների քանակը, հնարավորություն է ստացել հստակեցնել զբաղեցրած դիրքերը, առանձին զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու հավանական բնույթը, ինչպես նաև նպատակային խոցումներով հարվածներ հասցնել հայկական ԶՈւ մարտական խնդիրներ լուծող զինտեխնիկային, մարդկային կոնտիգենտին և պատճառել զգալի կորուստներ: Ուսումնասիրությունը վկայում է, որ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից գործադրվել է ՀՀ քաղաքացիների հավաքագրման հիմնականում երկու եղանակ: Նախնական շրջանում առավելապես կիրառվել է հիմնականում Թուրքիայի Հանրապետությունում, ինչպես նաև որևէ այլ, երրորդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հավաքագրման մեթոդը: Ավելի ուշ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսել են հավաքագրել համացանցային հաղորդակցային միջոցների օգտագործմամբ: Մասնավորապես, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները սոցիալական տարբեր ցանցերում՝ հիմնականում «Ֆեյսբուք», «Տիկ Տոկ», «Օդնոկլասնիկի» սոցիալական հարթակներում, անհատական օգտահաշիվներ են բացել հայուհիների անհատական տվյալներով և թիրախավորել նույն սոցիալական կայքերում զինվորական համազգեստով կամ զինվորական ծառայության հետ կապն այլ կերպ հաստատող տեղեկություններ պարունակող օգտահաշիվների անվանատերերին: Ապա վերջիններիս հետ կապ են հաստատել օգտահաշիվներին համակցված «Մեսենջեռ», «Վոթսապ» հավելվածների միջոցով և որոշակի ժամանակ անձնական բնույթի շփումներից հետո վերջիններիս տեղեկացրել են իրենց՝ հատուկ ծառայության աշխատակից հանդիսանալու մասին և առաջարկել վարձատրության դիմաց հավաքագրել և իրենց փոխանցել ՀՀ զինված ուժերի և ստրատեգիական նշանակություն ունեցող այլ կառույցների վերաբերյալ պետական, ծառայողական կամ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեղեկություններ: Որոշ դեպքերում զինծառայողները, տեղեկացված չլինելով իրենց համացանցային հաղորդակցի կարգավիճակի մասին, ինտիմ բնույթի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու և իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, նրան փոխանցել են ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Հավաքագրված ՀՀ քաղաքացիների հետ շփումները համացանցային տիրույթից բացի երբեմն տեղափոխվել են իրական կյանք: Առկա փաստական տվյալների համաձայն, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների և հավաքագրված ՀՀ քաղաքացիների միջև հանդիպումները կազմակերպվել են հիմնականում Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի Հանրապետություններում: ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշացնել՝ զերծ մնալ ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից բացարձակապես անընդունելի նման արարքներից, իսկ անծանոթ անձանց հետ հաղորդակցային կապի մեջ մտնելու պարագայում նրանցից նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ առաջարկներ ստանալու պարագայում անհապաղ այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին: Միաժամանակ զինծառայողներին զգուշացնում ենք զերծ մնալ հատկապես զորամասերում, առավելևս մարտական դիրքերում տեղադիրքի որոշման հնարավորություն տվող լուսանկարներ կատարելուց, զորամասերում կամ մարտական դիրքերում զինտեխնիկայի կամ զինամթերքի համալրում ստանալու պարագայում դրանց հետ լուսանկարվելուց և սոցիալական ցանցերում տեղադրելուց, դրանց մասին գրառումներ կատարելուց: Բացի այն, որ դրանք հակառակորդին համապատասխան վերլուծություններ կատարելու հնարավորություն են տալիս, նաև թույլ են տալիս թիրախավորել կոնկրետ անձանց, վերջիններիս հետ հաստատել շփում, հավաքագրել նրանց և ստանալ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն: Հանցագործությունների կատարումը հաստատվելու պարագայում դրանց հեղինակներին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում դատախազությունը դրսևորելու է առանձնահատուկ կոշտ և սկզբունքային մոտեցում: Վերոնշյալ հանցագործություններին նպաստող մի շարք պայմանների ու պատճառների վերացման հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ պաշտպանության նախարարին: 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկա պահին քննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ, որոնցից 10-ը գտնվում է կալանքի տակ: Նույն ժամանակահատվածին վերաբերող պետական դավաճանության դեպքերով հարուցված 3 քրեական գործ 12 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, որոնցից 11-ը գտնվում է կալանքի տակ»: ​
    15:26
    11.07.22
    Ավելին
  • Մշակույթ
    Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս սարի վրա Փաշինյանը դրական է գնահատում, ԿԳՄՍՆ-ն՝ անընդունելի
    Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի շինարարությունը սկսելուց հետո էլ դրա շուրջ աղմուկը չի դադարում: «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան» անընդունելի ու աղետալի է համարում արձանի տեղադրումը ցանկացած վայրում, հատկապես՝ Հատիս լեռան վրա: Արձանի տեղադրումը Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում դադարեցնել երեկ ուշ երեկոյան պահանջել է նաև ԿԳՄՍ նախարարությունը:
    15:04
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքում 14-րդ երեխան է ծնվել
    Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել Խաչատրյանների ընտանիքի 14-րդ երեխան: Փոքրիկին Աննա են անվանակոչել: Աղջնակի ծնունդով երեխաների թիվը հավասարվել է՝ 7 տղա և 7 աղջիկ։ Երեխան ծնվել է 2,5 կիլոգրամ քաշով՝ առանց որևէ բարդությունների։
    14:54
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    ԿԳՄՍՆ-ն խմբագրել է իր հաղորդագրությունը. ումի՞ց է նախարարությունը իմացել Հիսուսի արձանը Հատիսի վրա տեղադրելու մասին
    ԿԳՄՍ նախարարությունը խմբագրել է իր հաղորդագրությունը, որը վերաբերում է Հատիս լեռան տարածքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը: Նախորդ հաղորդագրության մեջ նշված էր. «... Վերոնշյալ գրությունից հետո որևէ նախագիծ կամ ծրագիր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չի ներկայացվել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»: Իսկ արդեն այսօր այդ պարբերությունից հանվել է «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»: Բանն այն է, որ հուլիսի 7-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն»: Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը չի լսել վարչապետի խոսքը, դրա մասին տեղեկացել է մամուլից: Ստորեւ կրկին ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը. «2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»: Վերոնշյալ գրությունից հետո որևէ նախագիծ կամ ծրագիր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չի ներկայացվել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից: Միևնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ: Հիշեցնենք, որ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ: Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց /նորահայտ օբյեկտ/, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից: Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել են հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ:Այնուամենայնիվ, անգամ եթե նորահայտ օբյեկտը դեռ ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է, և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով: Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնելցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։
    14:44
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը․ տարածքը ներառում է նաև հնավայրը
    «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ այն գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։ Կոտայքի մարզի Ակունք համայքնի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։ Ավելի վաղ գրել էինք, որ մինչ Հայաստանի կառավարությունը դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան գագաթում նշված հողերը չնչին գնով օտարվել էին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ «Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով։
    14:29
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարող են լինել նոր ցնցումներ․ ԱԻՆ-ը՝ երկրաշարժի մասին
    Արդեն հայտնել ենք, որ ս.թ. հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել M=4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Այս սեյսմիկ ցնցմանը նախորդել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ համալիր մոնիթորինգի դիտացանցի տվյալների անոմալ դրսևորումներ, որոնք բնութագրում են երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակը և որոնք կուտակվել են ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում` Բավրա գյուղի շրջակայքում: Մեծ է հավանականությունը, որ տարբեր պարամետրերի անոմալ դրսևորումները ռեալիզացվել են նշված երկրաշարժի և նրա բազմաթիվ հետցնցումների ձևով: Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ վերը նշված անոմալ դրսևորումների քանակը ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ նվազել է, իսկ անոմալիաների ինտենսիվությունը` թուլացել, նաև այն փաստի վրա, որ վերը նշված M=4.4 մագնիտուդով երկրաշարժին հետևած բոլոր ցնցումներն այս պահի դրությամբ ավելի թույլ են, քան նշված ցնցումը, ենթադրում ենք, որ տեղի է ունենում երկրակեղևում կուտակված լարումների աստիճանական թուլացում: Սա էլ նշանակում է, որ անհանգստանալու և առավել ևս խուճապի մատնվելու հիմքեր չկան: Հարկ է նշել, որ հաշվի առնելով M=4.4 երկրաշարժի ուժը, կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից:
    14:14
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք
    Հուլիսի 11-ին` ժամը 13։39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
    14:04
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ին ավելի կբարձրանա
    Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Երևան քաղաքում՝ հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
    13:57
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օգոստոսի 1-ից ավտոմեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Երևանում և մարզերում այս պահին գործում է արդեն 16 լիցենզավորված կազմակերպություն»։
    13:50
    11.07.22
    Ավելին