Լրահոս

2022-08-24
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԳԴՀ-ն Կանադայի հետ պայմանավորվել է ջրածնային վառելիքի մատակարարումների շուրջ
    Կանադան եւ Գերմանիան համաձայնագիր են ստորագրել, որը կոչված Է Բեռլինին կանադական ջրածնային վառելիքի մատակարարումների սկիզբ դնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Ապագան ջրածնինն Է. մենք Կանադայի հետ ընդհանուր շուկա կստեղծենք մինչեւ 2025 թվականը: Ես ուրախ եմ այսօր կնքած համաձայնագրի համար: Խոսքը ներդրման եւ մատակարարումների շղթայի կառուցման մասին Է: Շնորհակալություն վարչապետ Ջասթին Թրյուդոյին. Կանադան ուժեղ գործընկեր Է ու մեծ բարեկամ»,- գրել Է Շոլցը սոցցանցում: Իր հերթին Associated Press-ը հաղորդել Է, որ «ջրածնի առաջին մատակարարումներն սպասվում են արդեն երեք տարի հետո»: Գործակալությունը ճշտում Է, որ կանադական ընկերությունը պլանավորում Է գործարանը կառուցել զրոյական մակարդակի արտանետումներով, որը կօգտագործի քամու Էներգիան արտահանման նպատակով ջրածնի ու ամոնիակի արտադրության համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    12:47
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 26 ահազանգ է ստացվել
    Oգոստոսի 22-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Դիլիջան, Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    12:40
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Սարսանգի ջրամբարի մոտ. պարզաբանում
    Երեկ` օգոստոսի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների և հարցերի պատճառ է դարձել: Այդ կապակցությամբ իրազեկում ենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման և հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ Հանրապետության մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար: Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը: Առաջիկայում քննարկումները կշարունակվեն և որոշումները կկայացվեն Արցախի Հանրապետության շահերից ելնելով՝ հիմք ընդունելով և՛ էլեկտրաէներգիայի արտադրության, և՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում: Թեև ըմբռնումով ենք մոտենում Արցախի Հանրապետության պետական մարմիններին ուղղված քննադատություններին, այդուհանդերձ, ցանկանում ենք հայտնել, որ Արցախի իշխանությունները որևէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում, առաջնորդվում են բացառապես Արցախի Հանրապետության և արցախցու շահով՝ ստեղծված իրավիճակում նրբանկատորեն ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները՝ պետության և հանրության անվտանգության մակարդակը բարձրացնելու, լարվածություն ծնող երևույթները չեզոքացնելու ուղղությամբ:
    12:37
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հունաստանի կառավարությունը որոշել է երկիրը պարսպով մեկուսացնել Թուրքիայից
    Հույն-թուրքական սահմանին պարիսպ կկառուցվի Էվրոս գետի ողջ երկայնքով, երեքշաբթի որոշումը կայացրել է Հունաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը։ Նիստը վարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ «Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ինչպես մեր ցամաքային, այնպես էլ ծովային սահմաններից մեր երկիր ապօրինի մուտքի պատճառով ճնշումների ավելացման խնդիրը։ Որոշվել է աստիճանաբար ընդլայնել պարիսպը Էվրոսի ողջ երկայնքով՝ առաջնահերթությամբ ընդգրկելով վիճելի կետերը, որոնք սահմանվել են համապատասխան նախարարությունների և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի կողմից», – ասված է հաղորդագրությունում: Որոշում է կայացվել նաև արդիականացնել և ուժեղացնել սահմանին հսկողության սարքավորումները: Կառավարության խոսնակ Իկոնոմուն երեքշաբթի ասել է, որ թուրքական իշխանությունները կրկին փորձում են ներգաղթը որպես գործիք օգտագործել, իսկ ներգաղթային ճգնաժամի նոր փուլը տեղի է ունենում Հունաստանի վրա «հիբրիդային հարձակման պես»։ «Օգոստոսի 18-ին ընդամենը մեկ օրվա ընթացքում ավելի քան 1500 ներգաղթյալներ փորձել են անցնել Էվրոսը: Անցյալ շաբաթ Հունաստանի իշխանությունների կողմից փրկված 38 միգրանտներ բողոքել են, որ թուրքական իշխանությունները բռնի կերպով իրենց տեղափոխել են Էվրոսի կղզի: Վերջին օրերին 60 մաքսանենգ է ձերբակալվել և պատասխանատվության ենթարկվել», – ասել է Իկոնոմուն: Անցյալ շաբաթ մոտ 40 միգրանտ արգելափակվել է Էվրոս գետի կղզում, իսկ 5-ամյա մի աղջիկ մահացել է կարիճի խայթոցից: Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատասխանատվություն չեն կրում միգրանտների հետ տեղի ունեցած միջադեպի համար, քանի որ կղզին գտնվում է Թուրքիայի տարածքում։ Այն բանից հետո, երբ 2020 թվականի փետրվարի վերջին-մարտի սկզբին Թուրքիայից հազարավոր անօրինական միգրանտներ փորձեցին ներխուժել հունական տարածք, Հունաստանը կառուցեց նոր 26 կիլոմետրանոց պարիսպ և արդիականացրեց ցանկապատի հին հատվածները՝ 10 կիլոմետր երկարությամբ, Էվրոսի հյուսիսարևելյան շրջանում: Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանի երկարությունը Էվրոսում կազմում է մոտ 200 կիլոմետր։
    12:29
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 119,295 հա տարածքում բռնկված հրդեհները
    Օգոստոսի 22-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ Արագածոտնի մարզի Շենավան գյուղում՝ 2 հա, Աշտարակ քաղաքում՝ 6 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1 հա, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 0․5 հա, Լանջաղբյուր գյուղում՝ 0․8 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 7 հա, Վանաձոր քազաքում՝ 3 հա, Ալավերդի քաղաքում՝ 20 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 7700 քմ, Հրազդան քաղաքում՝ 7 հա, Չարենցավան քաղաքում՝ 14 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 5․05 հա, Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, Մարալիկ քաղաքում՝ 1․5 հա, Մեծամոր քաղաքում՝ 800 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 250 քմ, Մեղրի քաղաքում՝ 1․2 հա, Սիսիան քաղաքում՝ 17 հա, Գորիս քաղաքում՝ 9 հա, Խոտ գյուղում՝ 23 հա, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 500 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 119,295 հա:
    12:22
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Աջափնյակ վարչական շրջանի որոշ թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Ջանիբեկյան, Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
    12:15
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոբերտ Արզումանյանը` «Նոա»-ի գլխավոր մարզիչ
    Երևանի «Նոա» ֆուտբոլի ակումբի նոր գլխավոր մարզիչը Ռոբերտ Արզումանյանն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Նոան» այսուհետ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Ռոբերտ Արզումանյանը։ 37-ամյա մասնագետի նախորդ ակումբը «Ուրարտուն» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի մարտից մինչև 2022-ի հունիս։
    12:07
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
    Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Հուլատայի հետ քննարկել Է երկկողմ համագործակցության հարցերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդվում Է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ օգոստոսի 23-ին տարածված հայտարարության մեջ: «Սալիվանն ընդգծել Է, որ (ԱՄՆ-ի) նախագահ (Ջո) Բայդենը հաստատակամորեն հանձնառու Է իր թշնամիներին դիմադարձելու եւ ցանկացած սպառնալիքից ինքնուրույն պաշտպանվելու՝ Իսրայելի ունակության պահպանմանն ու ամրապանդմանը»,- ասված Է հայտարարության մեջ: Սալիվանը եւ Հուլատան նաեւ քննարկել են մի քանի հարցեր, որոնք վերաբերում են Իրանին: Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը հավաստիացրել Է, որ Վաշինգտոնը Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվել թույլ չի տա: Բացի դանից, Սալիվանը նշել Է պաղեստինցիների կյանքի բարելավման հետագա քայերի անհրաժեշտությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:00
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը ցանկանում է տիեզերական տեխնիկա և օբյեկտներ նախագծել
    Կառավարությունը օգոստոսի 24-ի նիստում ներառված է նաև տիեզերական տեխնիկայի և օբյեկտների մասին որոշման նախագիծը: Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է տիեզերական գործունեության ոլորտի՝ որպես գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ապագայի մասնագետների պատրաստումը և ազգային տնտեսության մրցունակության բարձրացումը: ՀՀ-ում տիեզերական գործունեության ոլորտը կայացման վաղ փուլում է: Մի շարք գերատեսչություններ օգտագործում են տիեզերական գործունեության ոլորտի հնարավորություններն իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական նոր ձեռքբերումները կարող են նվազեցնել տիեզերական գիտության և տեխնոլոգիայի արդյունքների օգտագործման, կիրառման և ինտեգրման ծախսերը: Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում կօժանդակի տիեզերական սարքաշինության այնպիսի գործընթացների կանոնակարգմանը՝ ինչպիսիք են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նախագծման, կառուցման մշակման, փորձարկման և շահագործման գործընթացները: Նախագծի ընդունման արդյունքում ակնառու է՝ տիեզերական սարքաշինության տեխնիկական պայմանների (տեխնիկական կանոնակարգերի), ստանդարտացման կանոնների և ուղեցույցերի հստակեցումը և մշակումը, նախագծակոնստրուկտորական, փորձակոնստրուկտորական, փորձատեխնոլոգիական և նախագծատեխնոլոգիական համակարգված աշխատանքների իրականացումը, այդ թվում տիեզերական մեկնարկային համալիրների և ղեկավարման կենտրոնների նախագծման, կառուցման և տեխնոլոգիական սարքավորումներով կահավորման և արտադրական գործընթացների անվտանգության ապահովման կանոնակարգումը:
    11:52
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եվրոպան կվճարի Կիևին օգնելու գինը. Ստոլտենբերգ
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է Ուկրաինային շարունակաբար աջակցելու անհրաժեշտությունը, սակայն խոստովանել է, որ դա հեշտ գործ չէ, և Եվրոպան Կիևին օգնելու համար գին կվճարի։ Այս կարծիքը նա հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես այսօր մասնակցել եմ նախագահ (Ուկրաինա Վլադիմիր) Զելենսկու «Ղրիմի հարթակ» ֆորումին, և այնտեղ գտնված բոլոր առաջնորդների կողմից հղված ուղերձը շատ պարզ էր. մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ և կաջակցենք նրան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Սա ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուղերձն է»,- ասել է Ստոլտենբերգը: Դրա հետ մեկտեղ, Ստոլտենբերգը զգուշացրել է, որ գալիք ձմեռը դաժան է լինելու։ «Մենք գին կվճարենք՝ Ուկրաինային աջակցելու համար, պատժամիջոցների և, իհարկե, այն փաստի պատճառով, որ Ռուսաստանը օգտագործում է էներգիան որպես զենք», – պնդում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: «Բայց մենք պետք է հասկանանք, որ այլընտրանք չկա»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ արևմտյան երկրները պետք է շարունակեն ընտրված կուրսը, որպեսզի «մեծացնեն Ուկրաինայի տեսանկյունից ընդունելի արդյունքի հավանականությունը»։ «Լավագույն բանը, որ մենք կարող ենք անել, Ուկրաինային ռազմական, ֆինանսական, հումանիտար և տնտեսական աջակցություն տրամադրելն է»,- ընդգծել է նա։
    11:45
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նոր կանոններ՝ զբոսաշրջության ոլորտի համար. խախտելու դեպքում` մեծ տուգանքներ
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է օրենսդրորեն կարգավորել զբոսաշրջության ոլորտը։ Ավելին՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ խախտելու դեպքում կնշանակվեն մեծ տուգանքներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը զբոսաշրջային փաթեթը սպառողին ուղղակիորեն վաճառելու դեպքում պետք է կնքեն օրենքին և ՀՀ կառավարության հաստատած օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր։ Սպառողի հետ զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պարտադիր դրույթները՝ զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, պետական գրանցման և որպես ծանուցված գործունեություն հաշվառման համարը, զբոսաշրջային փաթեթի նկարագրությունը և իրականացման ժամկետները, զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների նկարագրերը, ժամկետները և որակական նկարագրերը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների տեսակը, որակավորման կարգը, ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, որակավորման կարգը, սննդի կազմակերպման և մատուցման հաճախականությունը, պայմանները, հանրային սննդի օբյեկտի որակավորման կարգը, տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, մշակութային և այլ միջոցառումները, զբոսաշրջային փաթեթի գինը բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի և տուրքերի մանրամասներով։ Այս պահանջները խախտելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 300 հազար դրամի չափով։ Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում հյուրի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար՝ բացառությամբ հյուրի այն դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի համար, որոնք հյուրը պահել է իր վերահսկողության տակ: Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը պարտավոր է հյուրանոցային տնտեսության օբյեկտում՝ հյուրերի համար տեսանելի տեղում տեղադրել հետևյալ տեղեկատվությունը` հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումն ու որակավորման կարգը, մատուցվող ծառայությունների ցանկը և կացությանն առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղեկատվություն: Այս պահանջները խախտելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ»։
    11:37
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փորձել են պետբյուջեից նախապես պլանավորված ծրագրով 560 միլիոն դրամ հափշտակել․ ՊԵԿ
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մեխանիզմ։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն հաղորդում էր ստացվել, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն իրականացրած ՍՊ ընկերության անունից 2022 թ. հունիսի 30-ին հարկային մարմին են ներկայացվել կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցվել են ընկերության կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված եւ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝ 63 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված եւ վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։ Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ 2022 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով հարկային մարմին են ներկայացվել 4 այլ կազմակերպությունների՝ կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, ինչի արդյունքում այդ ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված եւ պետական բյուջե վճարված՝ ընդհանուր առմամբ 495 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված եւ վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։ Քրեական վարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից, այլ ընկերությունների միջոցով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 560 միլիոն ՀՀ դրամի հափշտակությունը նախապես պլանավորված մեխանիզմով կազմակերպել են ՀՀ քաղաքացիներ Հ․Ք․-ն եւ Գ․Ն-ն։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ․Ք․-ն եւ Գ․Ն-ն, իրենց հանցավոր մտադրություններն անխոչընդոտ իրագործելու եւ հանցագործությունը քողարկելու նպատակով, մինչեւ պետական բյուջեից գումարներ հափշտակելը՝ 2022 թվականի հունիս ամսին առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հիմնադրել են 9 ընկերություն, ինչպես նաեւ այդ ընկերությունների եւ իրենց անվամբ ՀՀ-ում գործող տարբեր առեւտրային բանկերում բացել են 23 բանկային հաշվեհամար։ Այնուհետեւ, Հ․Ք․-ն եւ Գ․Ն-ն, նշված 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հասանելիություն ստանալու նպատակով, կեղծել են կնիքներ, լիազորագրեր, դիմումներ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքներ, ու կազմված կեղծ փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչություն՝ գրանցվել են որպես կազմակերպությունների տնօրեն եւ էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր, որի հիման վրա հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային համակարգ մուտք գործելու ծածկագրեր եւ գաղտնաբառեր։ Վերջիններս, օգտագործելով խաբեության եղանակով ստացված ծածկագրերը ու գաղտնաբառերը, մուտք են գործել այդ 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ եւ հարկային մարմին ներկայացրել ընկերությունների կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցրել են ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված եւ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում եկամտային հարկի գումարները համարվել են որպես ավել վճարված եւ պետական բյուջեից վերադարձվել հարկերի միասնական հաշվին։ Այնուհետեւ, վերադարձվող գումարների մեծությամբ պայմանավորված՝ հարկային հսկողությունից խուսափելու եւ հարկային ծառայողների տեսադաշտում չհայտնվելու նպատակով նշված անձինք հարկային մարմին են ներկայացրել 167 դիմում՝ եկամտային հարկի գումարները մաս-մաս հարկերի միասնական հաշվից իրենց կողմից բացված հաշվեհամարներին վերադարձնելու մասին, որոնց հիման վրա գումարները փոխանցվել են այդ հաշվեհամարներին։ Այնուհետեւ Հ․Ք․-ն եւ Գ․Ն․-ն հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրամական միջոցները բազմաթիվ գործարքներով շրջանառել են իրենց, այդ թվում՝ նոր հիմնադրված ընկերությունների բանկային հաշիվներով եւ էլեկտրոնային դրամապանակներով ու կանխիկացնելով՝ տնօրինել: Իսկ պետական բյուջեից հափշտակված գումարի մյուս մասը հնարավորություն չեն ունեցել տնօրինել՝ վարույթն իրականցնող մարմնի կողմից անհապաղ կիրառված արգելադրման պատճառով: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հ.Ք-ի եւ Գ.Ն-ի նկատմամբ որոշումներ են կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Պետական եկամուտների կոմիտեի քննչական, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության, մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ու Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների համատեղ եւ համակարգված գործողությունների արդյունքում Հ.Ք-ն եւ Գ.Ն-ն հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջիններիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ներկայացվել են մեղադրանքներ, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ առ այն, որ հիշյալ անձինք նախապես մշակված բանկային փոխանցումների սխեմաների կիրառման արդյունքում, թաքցնելով եւ խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը եւ իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները ներկայացրել են որպես ձեռնարկատիրական գործունեության արդունք եւ առանց խոչընդոտների տնօրինել են դրանք: Այսպիսով, Հ.Ք-ի եւ Գ.Ն-ի գործողություններում առերեւույթ առկա են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված (փողերի լվացում) հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշները, որոնց նախաքննության ընթացքում կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ: Քրեական վարույթով օպերատիվ-հետախուզական միջոցառումները եւ քննչական գործողությունները շարունակվում են եւ միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված հանցակիցներին, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:30
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
    «Սպուտնիկ Արմենիա»-ն հայտնում է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Միաժամանակ ընդգծվել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման որոշ արդիական հարցերի։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
    11:23
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
    Օգոստոսի 20-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 1 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    11:22
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե Ադրբեջանը չի կատարում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները, ինչու՞ է Փաշինյանը կյանքի կոչում Ալիևի պահանջները․ Թովմասյան
    ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Ադրբեջանի հանցավոր վարչակազմը հերթական անօրինական որոշմամբ 2022թ․ հունվարից արգելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում անհայտ կորած հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների որոնողական աշխատանքները՝ փորձելով հոգեկան տառապանքներ պատճառել համայն հայությանը։ 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ամրագրված է առաջնային կարևորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակումը»: Սակայն Ադրբեջանը հերթական անգամ միակողմանիորեն ոտնահարում է միջպետական պայմանավորվածությունները՝ միաժամանակ հարվածելով նաև միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերին, որոնք ամրագրված են «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» Ժնևի 1949թ. չորս կոնվենցիաներում և «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից՝ Ժնևի՝ 1977 թվականի լրացուցիչ արձանագրությամբ, երկու լրացուցիչ արձանագրություններով, որոնք զինված հակամարտության ժամանակ մարդու պաշտպանությանն ուղղված կանոնների համակարգ են։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան անդամ պետությունների միջև ստեղծում է փոխադարձ նախաձեռնությունների և օբյեկտիվ պարտավորությունների համակցություն, և գործում է փոխադարձության սկզբունքը: Ակնհայտ է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների կատարման հրամայականը, ուստի հերթական դիմումներս եմ ուղղում միջազգային գործընկերներիս՝ դատապարտելու Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը և ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ՝ ի պաշտպանություն անհայտ կորած հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքների հիմնարար իրավունքների։ Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը օբյեկտիվ հարց է առաջացնում․ եթե Ադրբեջանը չի կատարում նույնիսկ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները, ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչում Ի․Ալիևի պահանջները։ Ադրբեջանի կողմից այս հումանիտար պահանջների չկատարումն իրականում ընդդիմանալու և պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու հնարավորություն է ընձեռում՝ ի պաշտպանություն հումանիտար իրավունքի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը անհասկանալի դրդապատճառներով չի անում»։
    11:18
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:15
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել ԻՀՊԶ-ի հետ կապված խմբավորումների օբյեկտներին
    ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ կապված խմբավորումների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍեՆՏԿՕՄ) մամուլի ծառայության՝ օգոստոսի 23-ին տարածված հայտարարության մեջ: «Նախագահ (Ջո) Բայդենի ցուցումով ԱՄՆ-ի զնված ուժերն այսօր (երեքշաբթի օրը) բարձր ճշգրտության հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զորում: (…) ԱՄՆ-ի հարվածները հասցվել են ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործում են ԻՀՊԶ-ի հետ կապված խմբավորումները»: Պենտագոնը նաեւ նշել է, որ «ԱՄՆ-ի զորքերը մնում են Սիրիայում», որպեսզի հասնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ջախջախման եւ ապահովեն իրենց քաղաքացիների անվտանգությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
    11:07
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ. Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Թուրքիայից, Ադրբեջանից և ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցվող ազդակներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ։ Առաջիկայում սպասվող հանդիպում/բանակցությունների օրակարգից նվազագույնը տեսանելի է 3 վտանգավոր հարց՝ այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի», Արցախի ապառազմականացման և «Լաչինի միջանցքի» խնդիրները։ «Զանգեզուրյան միջանցքի» թեման վաղուց է դուրս եկել ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան օրակարգերից և այն մեծ տարածաշրջանի համատեքստում է քննարկվում։ Ինչ վերաբերում է Արցախի ապառազմականացման պահանջին, ապա դրա առաջին քայլը ՀՀ իշխանությունն արել է՝ 2021-ից դադարեցրել է զորակոչը դեպի Արցախ, իսկ 2022-ի օգոստոսի սկզբին Արցախից դուրս բերել ՀՀ գրանցում ունեցող զինծառայողներին։ Սակայն Ադրբեջանի պահանջն է՝ ամբողջապես կազմալուծել ՊԲ-ն, ինչպես նաև՝ ռազմականացված մյուս կառույցները։ Ինչ վերաբերում է «Լաչինի միջանցքին», ապա նոր երթուղու փոփոխությամբ Ադրբեջանը փորձում է ամրագրել, որ նոր երթուղին ճանապարհ է, այլ ոչ թե միջանցք, ինչն անվտանգային նոր խնդիրների է հանգեցնելու։ Ունի՞ ռեսուրս, հնարավորություն, կամք ՀՀ իշխանությունը՝ կանխելու կամ մեղմելու մեզ մոտեցող նոր սպառնալիքները։ Միանշանակ՝ ոչ։ Ունի՞ Հայաստանը ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությունից դուրս գալու նվազագույն կորուստներով։ Միանշանակ՝ այո՛, սակայն առաջին նախապայմանն այս իշխանության անհապաղ հեռացումն է։ Առանց այս նախապայմանի իրագործման շարունակելու ենք արձանագրել նոր աղետներ, նոր կորուստներ, նոր ջախջախում»։
    11:07
    24.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը, Շուշիի հանձնումը դիտարկելով որպես բանակցային գործընթացի անքակտելի մաս, հերթական անգամ ստել է
    «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին»,- սա հատված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 16-ին արած հայտարարությունից: Այս հայտարարությունից հետո՝ մոտ մեկ տարի անց՝ հոկտեմբերի 4-ին՝ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նա վերահաստատել էր Շուշիի մասին նախկին արած հայտարարությունն ու հայտարարել. ««Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել էն մտքից, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պիտի վերադառնան եւ բնակվեն Ղարաբաղում: Հայկական կողմն էլ էր ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեին՝ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու։ Բնակիչ նշանակում է բնակության տեղ ունեցող, չէ՞։ Որտե՞ղ էին բնակվելու. տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են, եթե նրանք էդտեղ բնակված լինելու հանգամանքով են այդ կարգավիճակը ստանում»: Այս հայտարարությունից անմիջապես հետո այն ժամանակ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հակադարձել էր Փաշինյանին՝ հայտնելով, որ խաղաղ գործընթացի որեւէ փուլում Շուշի քաղաքի հարցը չի դրվել: Փաշինյանին նոյեմբերի 17-ին հակադարձել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հոկտեմբերի 2-րդ կեսին հաջողվել էր համոզել դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ իրականացվի փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշի: Ըստ այդ պայմանավորվածության՝ թեեւ փախստականները կարող էին վերադառնալ շուշի, բայց Շուշին Արցախի կազմում էր մնալու։ Փաշինյանը, սակայն, դեմ է արտահայտվել այդ մտքին՝ պնդելով, որ դա կվտանգի հայկական կողմի շահերը։ «Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ՝ ներառյալ Շուշին, եւ նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,- մանրամասնել էր ՌԴ նախագահը։ Այսինքն՝ Փաշինյանի պնդումը, թե մինչ պատերազմը Ադրբեջանը պահանջել էր յոթ շրջանները եւ Շուշին, սխալ է, քանի որ, ինչպես հայտարարել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, բանակցությունների ընթացքում Շուշին հանձնելու որեւէ տարբերակ չի քննարկվել։ Ստացվում է՝ Փաշինյանը, Շուշիի հանձնումը դիտարկելով որպես բանակցային գործընթացի անքակտելի մաս, հերթական անգամ ստել է»։
    11:00
    24.08.22
    Ավելին