Լրահոս

2023-01-09
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ երեխաների համար
    Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով պայմանավորաված վարակը՝ վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է շնչառական համակարգի ստորին հատվածների ախտահարումներ՝ բրոնխիտի, բրոնխիոլիտի և թոքաբորբի հաճախ զարգացումներով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ ✔️ Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ (0-2 տարեկան) երեխաների համար։ ✔️ Ախտանշանները հիմնականում նման են սովորական մրսածությանը: ✔️ Հիմնականում պացիենտները ապաքինվում են մեկ-երկու շաբաթվա ընթացքում, սակայն ռիսկի խմբում գտնվող անձանց շրջանում հիվանդությունը կարող է ծանր ընթացք ստանալ։
    14:07
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Անհրաժեշտ է Սարուշենի համայնքապետարան ներկայացնել ընտանիքի անդամների անձնագրերը․ հայտարարություն
    Սարուշենի համայնքապետարանը, ի գիտություն համայնքի բնակիչների, հայտնում է, որ այսօր հունվարի 9-ին ժամը 15:00-ից մինչև վաղը 12:00 -ն անհրաժեշտ է համայնքապետարան ներկայացնել ընտանիքի անդամների անձնագրերը , ծննդյան վկայականները և սոցքարտերը:
    14:04
    09.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստան-Ուկրաինա գերիների փոխանակում՝ 50-50 սկզբունքով
    50-ը 50-ի դիմաց. այս սկզբունքով գերիների հերթական փոխանակումն են արել Ռուսաստանն ու Ուկրաինան: Կիևի տեղեկացմամբ՝ հայրենիք վերադարձած 50 ռազմագերիներից 33-ը սպաներ են, 17-ը՝ սերժանտներ ու շարքայիններ։ Ռուս գերիները տեղափոխվել են մոսկովյան հոսպիտալներ՝ վերականգնողական բուժում ստանալու:
    14:00
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրի-Բավրա ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. 46-ամյա ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել
    Հունվարի 8-ին, ժամը 21.25-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: 36-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 46-ամյա ուղևոր Սուսաննա Կարապետյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:52
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծեծելով կյանքից զրկել էր հորեղբորը
    Հունվարի 8-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդուն ծեծի ենթարկել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր պատճառել եղբոր 29-ամյա որդին, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով այրել էր անկողինը, որի մեջ հորեղբայրն էր՝ անգիտակից վիճակում: 29-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    13:45
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունները հրաժարվել են Արցախից իբր թե հանուն ՀՀ «փրկության». Վարդան Օսկանյան
    Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը հոդվածով անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինը բացելուն ուղղված քայլերի։ «Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ուներ ընթացիկ ինքնորոշման և/կամ երկրների ինքնիշխանությանն անմիջականորեն առնչվող հիսունից ավելի շարժում։ Այդ թիվն այսօր էլ տատանվում է այս շրջակայքում։ Այս շարժումներից մի քանիսը՝ Արևելյան Թիմոր, Էրիթրեա, Հարավային Սուդան, մասամբ՝ նաև Կոսովո, արդեն իսկ լուծվել են հօգուտ ինքնորոշման, և միջազգային հանրությունը ճանաչել է նրանց անկախությունը։ Եվս մի քանիսը՝ Քվեբեկ, Կատալոնիա, Շոտլանդիա, մետրոպոլիաների կազմում են մնացել, բայց նրանց խնդիրն էլ կարելի է համարել ժամանակավորապես լուծված հօգուտ ինքնորոշման, որովհետև այդ կարգավիճակը հանրաքվեի միջոցով այդ ժողովուրդների կամարտահայտության դրսևորումն է։ Այլ կերպ ասած՝ այդ ժողովուրդները թեկուզ և շատ չնչին մեծամասությամբ՝ հանրաքվեի միջոցով են որոշել մնալ մայր երկրների կազմում։ Ինքնորոշման մնացած շարժումները մնում են սառեցված կամ բանակցային վիճակում։ Եթե Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը երբևէ պարտադրված կամ կամովին հրաժարվեն ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքից և ընդունեն Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, ապա դա աշխարհում կլինի նախադեպ, որը մեզ կարժանացնի ժողովուրդների կամային արժանիքների որակավորման ցածր և նվաստացուցիչ գնահատականի։ Ցավալի կլինի նաև այն, որ այսօր առկա՝ ժողովուրդների ինքնորոշման չորս տասնյակից ավելի շարժումներից ամենաուժեղ ու հիմնավոր պատմական, իրավական և քաղաքական հիմքերը ունի հենց Արցախի ինքնորոշման շարժումը։ Պատմականորեն՝ Արցախի ժողովուրդը հազարամյակներ ապրել և գոյատևել է հենց այս տարածքում։ Ավելին, այսօր մեր երկու պետությունների՝ հայերով բնակեցված տարածքներից ամենահայկականը հենց Արցախինն է։ Պատմության ընթացքում, երբ Հայաստանը ենթարկվել է տարբեր ազգերի ասպատակությունների, Արցախը միշտ պահել է առնվազն իր կիսանկախ կարգավիճակը։ Իրավականորեն՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերը պարզապես անխոցելի են։ Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։ Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով և շրջափակումով մշտապես ենթարկվել է Ադրբեջանի վայրագություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։ Վերջապես, անկախ նրանից, որ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Բաքուն թերևս հրաժարվում է նրանց առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Այս մեկը միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։ Քաղաքականորեն՝ Արցախը ունի երեք տասնամյակից ավելի բանակցային նախապատմոււթյուն, որի ընթացքում ինչ-որ պահի միջազգային հանրությունը՝ միջնորդների բերանով, հարցի խաղաղ կարգավորման օպտիմալ միջոց է համարել Արցախի ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունը։ Ինչ պետք է անել այսօր։ Մեր առաջ պետք է դնենք երկու պարզ և համեստ նպատակ՝ դիմադրել և խուսափել Արցախը Ադրբեջանի մաս ենթադրող որևէ փաստաթուղթ ստորագրելուց և միաժամանակ հետևողականորեն արծարծել և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հրամայականը։ 44-օրյա պատերազմի արդյունքում մեզ համար ստեղծված անբարենպաստ իրավիճակին պետք է հակադրել վերոնշյալ՝ պատմական, իրավական և քաղաքական մեզ համար բարենպաստ հանգամանքները։ Նախ, մենք կանգնած ենք Լաչինի միջանցքի բացման հրամայականի առաջ։ Ոչ ոք մեզ համար մեր խնդիրները չի լուծելու՝ ո՛չ միջազգային կազմակերպությունները, ո՛չ անհատ երկրները։ Այո՛, անհրաժեշտ է արդյունավետ դիվանագիտություն միջանցքի բացման հարցում, բայց գետնի վրա այդ հարցի լուծումը պետք է լինի մե՛ր նախաձեռնությունը։ Դա արդեն պետք է լինի Հայաստանի և Արցախի իշխանությունների համատեղ, ինչ-որ տեղ՝ համարձակ որոշման արդյունք։ Սա, պարզապես, այն խնդիրն է, որի հարատևումը կամ լուծումը մեծ զիջումների հաշվին սկիզբ կդառնա ավելի մեծ կորուստների։ Երկրորդ, Երևանը պետք է հայտարարի, որ Արցախի բնակիչները հայեր են և ինքը չի կարող անտարբեր լինել նրանց անվտանգության խնդիրներին։ Երրորդ, Հայաստանը պետք է ակնհայտ դարձնի, որ վերջին հաշվով Արցախի ժողովուրդն է որոշելու է իր կարգավիճակի ճակատագիրը, ինչն ամրագրված է Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում։ Ու եթե արցախցիները շարունակելու են ձգտել ինքնորոշման, Հայաստանը ներդնելու է իր քաղաքական և դիվանագիտական միջոցները նրանց այդ հարցում աջակցելու համար։ Սա նվազագույնն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է անեն։ Ասում եմ նվազագույնը, որովհետև ավելին ակնկալելն անիմաստ է։ Իշխանությունները հրաժարվել են Արցախից իբր թե հանուն Հայաստանի «փրկության»։ Սա, իհարկե, մոլորություն է և անընդունելի է։ Այն, ինչ առաջարկում եմ, առնվազն չի բացառում և խոչնդոտում արցախցիների ինքնորոշմանը միտված նախաձեռնությունները», - նշված է հոդվածում։
    13:41
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլից ավելի Նիկոլներ կան. ապրես, Ռուբեն, գերազանցեցիր Նիկոլին. Վահե Գրիգորյան
    Սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամբողջ աշխարհին համոզում ենք, բացատրում ու ապացուցում, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, սպառվում են ուտելիքն ու դեղորայքը, ճանապարհն էլ փակ է, սրա հետ համաձայն են գրեթե բոլորը, բացի ադրբեջանցիներից. համեմատության համար անգամ պետք է փաստեմ, որ անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի հերքել սա... Միայն ադրբեջանցիներն են համոզում աշխարհին, որ ճանապարհը փակ չէ, այլ ընդամենը ակցիա է իրականացվում ու սրանից օրեր անց Արցախի գործադիր մարմնի ղեկավարն, Արցախի փաստացի վարչապետը ու իրենց հերթական փրկիչ հռչակած Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ասում է, որ, հերիք չէ, ռուսների միջոցով ուտելիք ու դեղորայք է ներս բերվում, դեռ մի բան էլ Արցախից մարդիկ կան, որ ելք ու մուտք են անում, անգամ մեկնում են հանգստանալու: Ավելի պարզ ասեմ` գործադիր իշխանության լծակներով մարդկանց պատժելու փոխարեն Ռուբեն Վարդանյանն ի լուր աշխարհի հայտնում է, որ հումանիտար ճգնաժամ չկա. սնունդ ու դեղորայք հասցնում են, դեռ մի բան էլ ելումուտի ու հանգստի մեկնելու հնարավորություն կա. Նույն օրը ադրբեջանական մամուլը տարածում է մի տեսանյութ, ուր մի ոմն ոչ ոք դուրս է եկել ադրբեջանցիների հետ հաց ուտելու և այդ ոմն ոչ ոքը բարեհաջող վերադառնում է` երջանիկ, կուշտ ու անհայրենիք: Ու չնեղանաք, թե այսքանից հետո ռուսները դադարեցնեն մատակարարումները, որովհետև իրենք խաղաղապահ են, այլ ոչ թե մատակարար: Ու չնեղանաք էլ, թե արևմուտքի սակավաթիվ Հայամետ գործիչներն էլ դադարեցնեն իրենց Հայամետ գործունեությունը, որովհետև Ռուբեն Վարդանյանն է հայտարարել, որ փաստորեն կան բլոկադայի շրջանցման ու սննդի մատակարարման բազմաթիվ տարբերակներ: Ժամանակին ասում էի, որ Նիկոլից ավելի Նիկոլներ կան...ապրես, Ռուբեն, գերազանցեցիր Նիկոլին, նստի'ր, 5: Մոռացա նշել, որ պատահական համընկնումների և պատահական արտահայտությունների չեմ հավատում: Ցտեսություն»:
    13:37
    09.01.23
    Ավելին
  • Հասարակական
    Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ վանկարկել են «փառք Ուկրաինային»
    Հայաստանի ոստիկանությունը կիրակի բերման է ենթարկել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ չարտոնված բողոքի ակցիայի 65 մասնակիցների: Նրանց 3 ժամ հետո ազատ են արձակել: «Ազգային- ժողովրդավարական Բևեռն» էր կազմակերպել բողոքի ակցիան: «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» կարգախոսով՝ ցուցարարները որոշել էին շրջափակել ռազմաբազայի մուտքերը: Ակցիայի մասնակիցները Ռուսաստանից պահանջել են բացել Լաչինի միջանցքը, համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը պետք է հեռանա տարածարջանից:
    13:34
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները
    Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 15.01.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու» 22.01.2023 թ. - «Օտար լեզուներ» 29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն» 04.02.2023 թ. - «Մաթեմատիկա» 05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 12.02.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն՝ Երևանում և մարզերում: Ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:
    13:30
    09.01.23
    Ավելին
  • Արցախ
    Խուճապի չմատնվել, ավելորդ գնումներ չանել. Արցախի բլոկադայի 29-րդ օրը
    29 օր է՝ ադրբանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Մոտ մեկ ամիս ոչ մի տեսակի պարենային ապրանք չի մատակարարվում Արցախ: Պետական մարմինները քաղաքացիներին խնդրում են խուճապի չմատնվել, ավելորդ գնումներ չանել։ Մայրաքաղաք Ստեփանակերտի ու շրջանների խանութներում վերջին տվյալով կա շաքարավազ, ձեթ ու մակարոնեղեն: Սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով` նախադպրոցական հաստատությունների, երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը այսօրվանից ժամանակավորապես կկասեցվի։
    13:25
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մասնագետների խորհուրդները՝ H1N1 վիրուսի կանխարգելման համար
    Առողջաօահության նախարարությունը հայտնում է, որ H1N1 վիրուսի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝ Պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը: Ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալը, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործումը։ Հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակելը։ Դեմքին, հատկապես՝ աչքերին, քթին ու բերանին, դիպչելուց խուսափելը: Պարբերաբար ախտահանել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում, վիրուսի տարածումը կանխելու համար։ Մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից հնարավորինս խուսափելը։
    13:22
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Կապան, Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    13:18
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն այս շաբաթ կայցելի Հայաստան
    Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն այս շաբաթ կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նախագահն այս մասին հայտարարել է «Թվիթեր»-ի իր էջում։ «Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,-գրել է Յաել Բրոն-Պիվեն: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են լինելու սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Վալերի Ռաբոն, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լոուրենս Պետելը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Աննա Գենետեն: Գրառմանը մեկնաբանություններում պատասխանել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մենք սպասում ենք ձեզ մեծ հաճույքով»,- գրել է Սիմոնյանը:
    13:15
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
    Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:
    13:12
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Վարդանյանն իր լայվով հաստատում է ազիկների թեզերը բառացի. Բորիս Մուրազի
    Խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հունվարի 6-ին ադրբեջանական պրոպագանդան գրում է, թե հայերն իրականում բլոկադայի մեջ չեն, քանի որ ռուսներն ու Կարմիր խաչը անհրաժեշտ պարեն ու դեղորայք տանում են: Ադրբեջանական ԶԼՄ-ները նաեւ գրում են, որ ռուս խաղաղապահները իրենց համար անհրաժեշտ բեռնափոխադրումներից 10-20 անգամ բեռնափոխադրում են անում: Այս մեդիա ալիքից երկու օր հետո Ռուբեն Վարդանյանը իր լայվով հաստատում է ազիկների թեզերը բառացի: Չեմ ասում մարդը դավաճան է, բայց կարող ենք չէ հարցնել, թե ոնց եղավ, որ իր լայվը լավ հարաստացրեծ ադրբեջանական պրոպագանդայի պնդումները: Ու այս պարագայում ուզում եք որեւէ երկրի մեղադրել դեռ, որ օգնության չի հասնում»:
    13:07
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երեք օրում Երևանում ծնվել է 220 երեխա
    05.01-08.01.2023 թ. Երևան քաղաքում ծնվել է 220 երեխա, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
    13:00
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում է խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։ Հատուկ հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3212 հատ, շուրջ 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 40-ից ավել ձկնորսական ցանց, լողամիջոցներ, այդ թվում 1 ռետինե նավակ։ Առգրավված ձկները հանձնվում են հատուկ խնամքի կարիք ունեցող մասնագիտացված կենտրոններին։ Միջոցառումները զուգորդվում են որսի արգելքի կարևորության մասին բացատրական աշխատանքներով։ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
    12:54
    09.01.23
    Ավելին
  • Արցախ
    Արցախի բնակչի մոլորվելու դեպքը Ադրբեջանն օգտագործել է քարոզչական նպատակներով
    Ադրբեջանցիները կեղծ տեղեկություն են տարածել, թե Արցախի բնակիչներից մեկը հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, պարզաբանել, որ ադրբեջանական կողմը Ճարտարի բնակիչ Թորոս Ղազարյանի մոլորվելու դեպքը օգտագործում է քարոզչական նպատակներով: Անասնապահությամբ զբաղվող Ղազարյանը, որը, ըստ Արցախի ԱԱԾ-ի, առողջական խնդիրներ ունի, մոլորվել ու հունվարի 1-ից տուն չէր վերադարձել: Խաղաղապահների միջնորդությամբ նրան կիրակի վերադարձրել են հայկական կողմին, թեև ադրբեջանական կողմը մինչև կիրակի հերքել էր, որ Ղազարյանն իրենց զինված ուժերի վերահսկողության տարածքում է:
    12:52
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձյան ծածկի բարձրությունն ու տեղումների քանակը՝ Հանրապետության տարբեր շրջաններում
    Մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15սմ, հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5սմ։ Շիրակում ձյան ծածկը բացակայում է։ Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10%-ը, միայն Մասրիկի հատվածում՝ 40%-ը, որը խիստ ցածր ցուցանիշ է։ Օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հանրապետության մյուս շրջաններում՝ այդ թվում նաև Երևանում, մինչև հունվարի 15-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🌡Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
    12:50
    09.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր. Արցախի ԱԺ նախագահ
    Արցախի Հանրապետության խորհրդարանը իր հայտարարություններով դիմել է բոլոր մարդասիրական կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, քաղաքակիրթ աշխարհին, սակայն մեր ձայնը մինչև այսօր լսելի չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարության մեջ. «Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է: Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի հ 1 և Երևանի տարբեր դպրոցներ: Կոպտորեն խախտված են այս երեխաների տարրական իրավունքները: Ամանորը ընտանեկան հրաշքով լի տոն է: Ցավոք, հրաշք չեղավ արցախցի այս երեխաների համար: Մի̉թե փոքրիկ Արցախն ու կիսված ընտանիքների այս երեխաները իրենցից վտանգ են ներկայացնում հարևան Ադրբեջանի կամ Թուրքիայի համար: Արցախի Հանրապետության խորհրդարանը իր հայտարարություններով դիմել է բոլոր մարդասիրական կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, քաղաքակիրթ աշխարհին, սակայն մեր ձայնը մինչև այսօր լսելի չէ: Արցախի ու Արցախի ժողովրդի թեման տեսականորեն շատ է շոշափվում միջազգային հարթակներում: Սակայն մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր: Մենք հույսի ու հավատի ժողովուրդ ենք: Հուսանք՝ մեր աղոթքներն առ Աստված փրկության դուռ կբացեն»:
    12:47
    09.01.23
    Ավելին