Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:05
15.01.21
67

Նախագծերի իրագործումից կշահեն և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը, և՛ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը.Զախարովա

Img default alt hy

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցերով աշխատանքային խումբը մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի միջազգային փոխադրումների կազմակերպման համար տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների ցանկ: Այս մասին ուրբաթ օրը ավանդական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է tert.am-ը:

«Այն պետք է հավաքվի մինչև այս ամսվա վերջ, և մինչև այս տարվա մարտի 1-ը ներկայացնի միջոցառումների ցուցակ, որոնք վերաբերում են միջազգային տրանսպորտի կազմակերպման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնմանը և կառուցմանը», - ասել է նա:

Ըստ Զախարովայի, ենթադրվում է, որ աշխատանքի առանցքային ոլորտներում կստեղծվեն փորձագիտական ենթախմբեր, որոնք կզբաղվեն բովանդակային հարցերով:

«Կասկած չկա, որ այդ նախագծերի իրագործումից կշահեն և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը, և՛ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը: Կապահովվեն բոլոր պետությունների շահերը: Մասնավորապես, Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային մուտքի հնարավորություն կունենա դեպի Ռուսաստան և Իրան, տրանսպորտային հաղորդակցությունը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով», - եզրափակել է Զախարովան:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում անցկացվել են եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն, որով նախատեսվում է ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունների ապաշրջափակում: